Բաժիններ՝

Արամուսցիների 70 տոկոսը վարկի տակ է (տեսանյութ)

«Կառավարությունը գյուղացուն օգնում է այնքան, ինչքան հնարավորություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ գյուղացին այսօր այնքան շատ խնդիրներ ունի, որ դրանք թվարկելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օր: «Եթե իջնեք դաշտերը, կտեսնեք՝ ինչ վիճակով ու ոնց են մշակում: Ջրովի տարածքում պարապ հողեր չունենք, բոլորն էլ մշակում են»,- ասաց նա:

Գյուղացիներից շատերը որպես հիմնական խնդիր մառնանշեցին ոռոգման ջրի խնդիրը: Նրանք, ի տարբերություն իրենց գյուղապետի, չեն կարծում, որ կառավարությունը օգնում է այնքանով, որքանով հնարավոր է: Շատերի կարծիքով՝ կառավարությունը ընդհանրապես չի օգնում գյուղացիներին:

Գյուղապետի խոսքով՝ շատ գյուղացիներ վարկերը փակելու խնդիր ունեն. «Հիմա Արամուսի բնակիչների 70 տոկոսը վարկի տակ է: Դա շատ ծանր է գյուղացու համար: Եթե պայման կապեն Աստծու հետ, որ հանկարծ կարկուտ չլինի, կարող է ինչ-որ մի ձև վերցնեն ու կարողանան տակից դուրս գալ: Բայց Արամուսի 70 տոկոսը վարկի տակ է»:

Այս խնդրի մասին խոսեցին նաև արամուսցիները: Նրանք նշում էին, որ շատ դժվար է վարկ փակելը, իսկ առանց դրա էլ հնարավոր չէ: Շատերն էին ասում, որ մի անգամ վերցրել են վարկ, բայց՝ տեսնելով, որ չեն կարողնաւմ փակել գումարը, հիասթափվել են ու այլևս չեն վերցնում:

Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ վարկ վերցնողը պետք է հստակ իմանա, որ ինքը կարող է փակել գումարը, նոր վերցնի, այլապես չի կարող տակից դուրս գալ. «Ես կարծում եմ՝ եթե վարկ ես վերցնում, պետք է դնես գործի մեջ, աշխատանք կատարես, որ այդ գումարը փող բերի: Օրինակ, ես վերցրել եմ 4500 դոլար ու ծախսել եմ այս ջերմոցի վրա: Եթե մի տարվա մեջ իր գումարը չհանի, ես գազար ունեմ, անասուն ունեմ ու տարբեր տեղերից կարող եմ հավաքել տալ այդ գումարը»:

Խոսելով՝ գյուղամթերքների սպառման մասին, գյուղապետը նշեց, որ «դա կախված է նրանից, թե ով կգա ու կասի՝ գազար եմ ուզում, ու կառնի, կտանի: Շուկա չկա, բան չկա»:

Գյուղացիները նույնպես դժգոհեցին, որ իրենց մթերքը չի սպառվում, կամ էլ սպառվում է շատ ցածր գներով:

Գյուղացիներից մեկի խոսքով՝ արտերկրից ավելի էժան գնով կարելի է գազար ձեռք բերել, քան գյուղացիներից, ինչի արդյունքում իրենց գազարը չի վաճառվում. «Քանի որ ոռոգման ջուրը թանկ է, բնականաբար, գազարի գինն էլ թանկանում է: Ասենք, մենք վաճառում ենք 200 դրամով, իրենք Պարսկաստանից, Թուրքիայից կարող են գազար բերել, ու ամբողջ գինը կազմի 70-80 դրամ: Բերում են, ծախում են, գյուղացիներն էլ մնում են կոտրած տախտակի առաջ»:

Արամուս համայնքի ղեկավարը նշեց նաև, որ արամուսցիները անասուններին մորթելու համար չունեն սպանդանոցներ: Անասուններին մորթում են բակերում:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործատուների Ֆերմերների ու կաշեգործների ճյուղային միության նախագահ, կերերի արտադրության բիզնեսով զբաղվող Վլադիմիր Գալստյանն օրերս 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում մինչև հիմա նորմալ սպանդանոցներ չեն գործում. «Որտեղ ասեք` բակային մորթեր են կատարվում, և հետո բողոքում են, որ հիվանդություններ ու վարակներ կան: Այս առումով էլ չկանոնակարգված վիճակ է: Այ, երբ որ կկանոնակարգվի, սպանդանոցները կգործեն, այն ժամանակ արդեն և՛ հիվանդ անասունները կվերանան, և՛ հիվանդությունների տարածումը կվերանա, որովհետև սպանդանոցները պայմանագրեր կկնքեն սպառողների հետ, և միսը սպանդանոցից կմատակարարվի նորմալ սառեցված վիճակով:

Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ պետք է օգտվի ոչ թե թարմ մսից, որ հազար ու մի հիվանդության աղբյուր է, այլ պետք է խորը սառեցում կատարվի, նոր հետո գնա սպառման, որ բացիլներ ու տարբեր հիվանդություններ չտարածվեն: Խորը սառեցման ժամանակ դրանք վերանում են: Հայաստանում այսօր գործող սպանդանոցները միսը մթերում, հանձնում են ՊՆ-ին:

Բայց, օրինակ, Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների համար մթերում է գյուղացիներից, բայց դա սպանդանոցների միջոցով չի գնում, ղասաբները բակային մորթեր են կազմակերպում, տանում, հանձնում են»,- նշել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս