Բաժիններ՝

Մեր ազգը քարից հաց է քամում, ո՞նց կարող է թամբալանալ ու հող չմշակել

Հայաստանի գործատուների Ֆերմերների ու կաշեգործների ճյուղային միության նախագահ, կերերի արտադրության բիզնեսով զբաղվող Վլադիմիր Գալստյանը կարծում է, որ գյուղատնտեսությունն աշխարհում իր բնույթով ամենախնդրաշատն է` կապված բնության մատուցած անակնկալների, մարդկանց կողմից հողը ճիշտ չօգտագործելու, անասնապահական ոչ բավարար գիտելիքների հետ:

 

– Պարոն Գալստյան, գյուղացին այսօր զգո՞ւմ է կառավարության աջակցությունը:
– Աջակցությունը կա, բայց դա ընդամենը գյուղացու մատից փուշ են հանում, ու դա չի կարևորը: Կարևորն այն է, որ գյուղացուն հիմնովին կարողանան ճիշտ ուղղության վրա դնել ու մթերման ու սպառման հարցերով կարողանան օգնել: Գյուղացիների հիմնական խնդիրն այսօր իրացումն է, սպառում չկա: Իսկ գյուղացին կարող է արտադրել` որքան ցանկանաք, դրա համար հարկավոր է լավ սերմացու տալ, անասնապահությամբ էլ կզբաղվի, և գյուղացին կարող է արտադրել, բայց դրանից հետո խնդիրներ են ծագում, որոնց լուծումը սպառումն է, իսկ չկա ու գնալով պակասում է: Գյուղատնտեսական սեզոնի վերջում հաշվարկի ժամանակ, եթե պարզվում է, որ մի քիչ շատ է արտադրվել, դա խնդիր է, և գյուղացին իր արտադրանքի ինքնարժեքն էլ չի կարողանում ետ ստանալ ու հայտնվում է տխուր վիճակում, չի կարողանում վարկը փակել, և այլն, չհաշված նաև բնության աղետները, և այլն:
– Վարկերի պատճառով տուժած գյուղացիների շա՞տ եք ճանաչում, քանի որ նախարարը հայտարարում է, թե գյուղացիները վարկերի հետ կապված լուրջ խնդիրներ չունեն:
– Ես ինքս շատ գիտեմ դեպքեր, որ և՛ ավտոմեքենա, և՛ այլ անշարժ գույք են վաճառել, մինչև անգամ հողամասերը, որպեսզի դրանց գումարով փակեն իրենց վարկը:
– Պաշտոնյաները պնդում են, որ գյուղացին «թամբալ» է դարձել, չի աշխատում, ու դա է պատճառը, որ վատ վիճակում է…
– Հայ մարդը երբեք չի թամբալանում: Հայ մարդուն պետք է օգնել, որ նա ոտքի կանգնի: Ի՞նչ է նշանակում` թամբալանալ: Մեր ազգը քարից հաց է քամում, ո՞նց կարող է էդ մարդը թամբալանալ ու հող չմշակել: Ուղղակի այդ մարդը եկամուտ չի տեսնում հողից, իսկ պետության կողմից նրան օժանդակություն չկա` ինչպես այլ երկրներում, որ կարողանա արտադրել ու իր արտադրածն իրացնել: Եթե ինքն արտադրում է ու չի կարողանում սպառել, ի՞նչ պետք է անի այդ մարդը: Կամ ցորենի դաշտերը կարկտահարվեցին, կամ բերքատվությունը 0 է, մարդիկ հեկտարներով ծիրան են մշակել, ու իրենց հույսը դա էր: Ի՞նչ պետք է անեն, եթե բնության աղետն ամեն ինչ ոչնչացնում է:
– Ասում են` ընդամենը մի քանի անասուն պահելով` կարող են լավ ապրել:
– Ուրեմն իրենք պետք է Հայաստանի գյուղերում շատ լինեն: Ես ՀՀ բոլոր գյուղերում ինքս եղել եմ, գյուղացիների հետ խոսել եմ, նրանք իրենց անասունների գլխաքանակն ավելացնում են, բայց այս տարի խոշոր եղջերավորների շարքում մսի անկում է եղել, որովհետև շատ է արտադրվել: Եթե արտադրածը մենք կարողանանք արտահանել այլ երկրներ, դա մեծ խթան կհանդիսանար գյուղացու համար: Բայց այդ գործը պետք է կանոնակարգված լինի, այսինքն` պետք է լինեն մթերող կազմակերպություններ, գյուղացին իր արտադրածը հանձնի կայաններին, ոչ թե ինքը շալակի, բերի, հանձնի վերավաճառողներին: Հիմա գյուղացին արտադրում է, բայց ինքն ավելի քիչ է օգտվում, քան վերավաճառողները: Վերավաճառքը կանոնակարգված չէ, դա կառավարության կողմից պետք է լինի, օրինակ, եթե կարտոֆիլ է ցանում, պետք է Գյուղնախարարության կողմից սահմանվի ինքնարժեքը, հաշվարկեն, թե հողը վարելու, պարարտացնելու և մնացած բոլոր աշխատանքների համար ինչքան է ծախսում գյուղացին, մի 15% էլ եկամուտ դնեն գյուղացու համար, և այդ ցածր սանդղակը միշտ պահպանվի:
– Մթերող կայանների ստեղծման ծրագրեր էին իրականացվում` «Հազարամյակի մարտահրավերների» և այլ ծրագրերով: Դրանք չե՞ն գործում, օգուտ չե՞ն տալիս գյուղացուն:
– Ստեղծեցին, օդի մեջ մնաց, ոչ էլ գործեցին: Աշխարհում չկա նման բան, որ մթերող կայաններ չլինեն: Ընդ որում, մթերող կայաններ պետք է լինեն տարբեր բնագավառներում` պտղի, մսի, բանջարեղենի և այլն: Մեր երկրում մինչև հիմա նորմալ սպանդանոցներ չեն գործում, որտեղ ասեք` բակային մորթեր են կատարվում, և հետո բողոքում են, որ հիվանդություններ ու վարակներ կան: Այս առումով էլ չկանոնակարգված վիճակ է: Այ, երբ որ կկանոնակարգվի, սպանդանոցները կգործեն, այն ժամանակ արդեն և՛ հիվանդ անասունները կվերանան, և՛ հիվանդությունների տարածումը կվերանա, որովհետև սպանդանոցները պայմանագրեր կկնքեն սպառողների հետ, և միսը սպանդանոցից կմատակարարվի նորմալ սառեցված վիճակով: Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ պետք է օգտվի ոչ թե թարմ մսից, որ հազար ու մի հիվանդության աղբյուր է, այլ պետք է խորը սառեցում կատարվի, նոր հետո գնա սպառման, որ բացիլներ ու տարբեր հիվանդություններ չտարածվեն: Խորը սառեցման ժամանակ դրանք վերանում են: Հայաստանում այսօր գործող սպանդանոցները միսը մթերում, հանձնում են ՊՆ-ին: Բայց, օրինակ, Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների համար մթերում է գյուղացիներից, բայց դա սպանդանոցների միջոցով չի գնում, ղասաբները բակային մորթեր են կազմակերպում, տանում, հանձնում են:
– Ազգային ժողովում նոր օրենք ընդունվեց, որը սահմանում է նաև կենդանիների նկատմամբ վերաբերմունքը` «փափուկ մասերը չճզմել», «պոչը չքաշել» և նման այլ բաներ: Օրենքը ԵՄ պահանջով ընդունվեց ու նշվեց, որ սպանդանոցները կնպաստեն, որ մասնագետների կողմից օրենքը պահպանվի: Սպանդանոցների հետ կապված իրավիճակն ինչպիսի՞ն է:
– Մեր օրենքները շատ լավն են, բայց դրանց իրականացումը շատ վատն է: Սպանդանոցներ կան, բայց քիչ են, ներկայումս 5 նոր սպանդանոց են կառուցում: Օրինակ` խորհրդային տարիներին սպանդանոցները շատ չէին` 4 հատ, իսկ հիմա ավելի շատ են, մասնավորները կառուցել են փոքր ու մեծ, բայց ինչքան շատ լինեն, այնքան լավ` մրցունակությունը կբարձրանա, գյուղացուն լավ ու էժան ծառայություն կմատուցեն: Այդ օրենքը դրական կլինի այնքանով, որ կարգելվեն բակային մորթերը, կանոկակարգը կա, ու շատ լավ կանոնակարգ է մշակված:
– Նշեցիք, որ պաշտոնյաներին հարկ է շատ լինել գյուղերում: Հիմա քի՞չ են լինում, չէ՞ որ Սերժ Սարգսյանն էր հանձնարարել «դեմքով շրջվել դեպի գյուղը»:
– Պաշտոնյաների գյուղ գնալն իրականում այնքան կարևոր չի, որքան գյուղացուն ճիշտ տեղեկատվություն տալը: Պաշտոնյան գնա` ի՞նչ պիտի անի, խոստումնե՞ր տա: Էդպես գյուղատնտեսություն չես ղեկավարի, գյուղատնտեսություն ղեկավարում են ըստ փուլերի, ծառայություն մատուցելով, նրանց ինֆորմացիա տալով: Օրինակ` Ֆրանսիայում գյուղացին մթերող կազմակերպության հետ նախապես պայմանագիր է կնքում` որ մշակաբույսից ինչքան մշակի. որքան բազուկ, որքան ճակնդեղ, որքան խաղող և այլն, և ինչ գնով պետք է մթերողը մթերի: Եվ պայմանագրով նշվում է, որ գյուղացին իր մթերքի միայն 10%-ն իրավունք ունի վաճառել շուկայում, և այդ նպատակով շաբաթվա մի օրը տոնավաճառ է կազմակերպվում: Իսկ մեզ մոտ նման պրակտիկա չկա, ու մինչև մթերող կայաններ ու ծառայություն չլինի, որոնք լրջորեն կզբաղվեն այդ հարցերով, գյուղատնտեսությունը չի զարգանա: Այսօր Գյուղատնտեսության նախարարությունը կանոկարգած որևէ ծրագիր ունի՞ բանջարաբոստանային կամ պտղի, կամ այլ մշակաբույսերի համար: Ունի՞: Ոչ, չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս