«Ծիրանային» շաբաթը շատ կարևոր է դարձել Երևանի համար». Սուսաննա Հարությունյան (լուսանկարներ)
«Այս տարվա փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Մենք պետք է վառ պահենք Փարաջանովի հիշատակը, և փորձեցինք իսկապես իր մակարդակին և իր ոգուն հարիր ծրագիր կազմել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը:
Նա նշեց, որ փառատոնի շրջանակներում կան մի քանի ծրագրեր, որոնք անմիջական կապված են Ս. Փարաջանովի հետ. «Ոչ միայն նրա ֆիլմերի և նրա մասին ֆիլմերի ցուցադրությունները, այլև այնպիսի ծրագիր, ինչպիսին է «Ուկրաինական պոետի կինոն»:
Փարաջանովը մեծ դերակատարություն ունեցավ ոչ միայն Հայաստանի կինոյի վերելքի մեջ, այլև ուկրաինական, վրացական ու, ընդհանրապես, Սովետական տարածաշրջանում:
Կարծում եմ, որ նույն բառերով պետք է ուկրաինացի մեր կոլեգաները խոսեն Փարաջանովի մասին և նույն ակնածանքով վերաբերվեն նրան: Սա լավ առիթ է, որ մենք ի հիշատակ Փարաջանովի՝ այստեղ բերենք ուկրաինական պոետի ֆիլմը»:
Ս.Հարությունյանի խոսքով՝ փառատոնի շրջանակներում լինելու է նաև կլոր սեղան, որտեղ կքննարկվեն Ս. Փարաջանովի արվեստն ու նշանակությունը:
Խոսելով այս տարվա «Ոսկե Ծիրանի» աանձնահատկությունների մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ բացի Փարաջանովին նվիրված ծրագրերից, կան նաև այլ նոր ծրագրեր. «Օրինակ, ունենք ծրագիր, որը կոչվում է «սոցիալական փոփոխությունների կինո», որն առաջարկվել է Լեհաստանի Միցկևիչի ինստիտուտի կողմից:
Այս ինտիտուտը Լեհաստանի կարևորագույն օջախն է, որի առաքելությունը լեհական մշակույթը պրոպագանդելն է: Դա, կարծում եմ, լավ նշան է, որ մեր փառատոնն արդեն այնքան հայտնի է ու այնքան մեծ վարկանիշ ունի, որ միջազգային կազմակերպությունները դիմում են մեզ՝ համագործակցության առաջարկով»: Ի դեպ, ֆիլմերը, որոնք ընդգրկված են փառատոնում, կարելի է դիտել միայն «Ոսկե Ծիրանի» շրջանակներում:
Ըստ կինոփառատոնի գեղարվեստական տնօրենի՝ փառատոնն ունի մի շարք գործառույթներ. «Նախ՝ կինոյի դաշտը, մթնոլորտը զարգացնելն ու բարելավելն է, համաշխարհային կինոյի լավագույն նմուշներն այստեղ բերելը և մեր հանդիսատեսին հրամցնելը»:
Փառատոնի շրջանակներում ներկայացված լավագույն ֆիլմերի դիտումներն ու հրավիրված ռեժիսորների հետ շփումները շատ կարևոր են ոչ միայն կինոյի ոլորտում սովորողների, այլ ընդհանրապես արվեստում առաջին քայլերն անող երիտասարդների համար.
«Հաջորդ կարևորագույն գործառույթն այն է, որ մենք փորձում ենք հետ բերել կինոթատրոն գալու մշակույթը. կինոթատրոն՝ որպես մշակութային օջախ և ազգային մշակույթի կարևորագույն մաս: Եթե առաջին փառատոները դատարկ դահլիճներում էին անցնում, հիմա տեսնում ենք, որ ծիրանային շաբաթը շատ կարևոր է դարձել Երևանի և կինոսիրող, արվեստասեր հասարակության համար»:
Ըստ Ս.Հարությունյանի՝ ևս մի կարևոր գործառույթ է այն, որ «Ոսկե Ծիրանն» ունի զուգահեռ ծրագրեր.
«Օրինակ՝ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն արտադրական հարթակ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար, որտեղ երիտասարդ ռեժիսորները և պրոդյուսերները կարող են ներկայացնել իրենց նախագծերը»: