Բաժիններ՝

««Թևանիկ» ֆիլմը քայլ առ քայլ՝ փոքր երեխայի պես, առաջ եմ տանելու». Ջիվան Ավետիսյան (լուսանկարներ)

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը, որն ընդգրկված է օրեր անց կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնի խաղարկային ֆիլմերի ցանկում, վերջերս ցուցադրվել է նաև Լեռնային Ղարաբաղում: Հետաքրքրական էր, թե ինչպես է Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմն ընդունվել հենց ղարաբաղցիների կողմից: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որը ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում: Մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է… Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ` մեկ օրում. խաղաղությունից` պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, ով մասնակից է դառնում պատերազմական գործողությունների: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում… tevanik-1 Երիտասարդ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմացանկն ու ստացած մրցանակները հիացմունքի են արժանի` հատկապես հաշվի առնելով, թե որքան բարդ է մեր օրերում, այն էլ` Հայաստանում, ֆիլմ նկարահանելն ու այն հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացնելը: 2007թ. Երևանի «Ոսկե ծիրան» 4-րդ կինոփառատոնում ընդգրկվել է Ջիվան Ավետիսյանի «Աննկատ կյանք» ֆիլմը: 2013թ. «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնում ընդգրկվել է նրա «Ընդհատված մանկություն» ֆիլմը և արժանացել Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակին: 2013թ. Ջիվան Ավետիսյանն այդ ֆիլմով մասնակցել է Էստոնիայի Baltic Event կինոշուկային, իսկ 2014թ.` Կաննի 67-րդ կինոփառատոնի շուկայում ներկայացվել են «Թևանիկը» և «Վերջին բնակիչը» կինոնկարի նախագիծը:   – Երևանյան ցուցադրումից հետո նաև Ղարաբաղում տեղի ունեցավ «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան: Ո՞ւմն էր մտահղացումը` նաև Ղարաբաղում պրեմիերա կազմակերպելու, և առհասարակ, ինչպե՞ս ֆիլմն ընդունվեց հենց Ղարաբաղի բնակիչների կողմից: Չէ՞ որ թեման ավելի նրանց է հարազատ` գրեթե արյան ամեն մի կաթիլով ապրված պատերազմ: – Ասեմ: Ֆիլմն ավարտվեց, տիտրերը բարձրացան, դահլիճի լույսերը վառվեցին, սակայն ներկաներից և ոչ ոք տեղից չէր ուզում վեր կենալ: Նրանք լուռ ապրում էին ֆիլմը, նրանց հայացքներն էկրանին էին, որտեղ նրանք տեսան պատմություն յուրաքանչյուրիս մասին: Որովհետև յուրաքանչյուրս ողջ հոգով, մինչ օրս զգում ենք Ղարաբաղյան պատերազմի սարսափն ու հետևանքները: Ես անչափ ուզում էի, որ պրեմիերա կազմակերպվեր նաև Ղարաբաղում, սակայն այդ երեք ցուցադրումը` կինոթատրոնում, սխալ կլիներ պրեմիերա անվանել: Դա ավելի շատ հաշվետու ցուցադրություն էր: Առաջին սեանսը եղել է զուտ կառավարության համար, որին ներկա է եղել ԼՂՀ նախագահը, հոգևոր առաջնորդը, պաշտպանության բանակի հրամանատարը, նախարարներ, պատգամավորներ: Երկրորդ ցուցադրությանը ներկա է եղել բանակի սպայական կազմը, թատրոնի անձնակազմը, մշակույթի տան խմբերը: Երրորդ ցուցադրությունը բացառապես իմ ընկերների համար էր: Այն ընկերների, ովքեր մշտապես իմ կողքին են և աջակից են ինձ ամեն անգամ, երբ ես ֆիլմ եմ նկարահանում: tevanik-2 – Եվ ովքե՞ր են քո ընկերները: – Նրանք այն ընկերներն են, ովքեր ուզում են, որ Ջիվանը ֆիլմ նկարահանի, և ամեն հարցում իմ կողքին են: Յուրաքանչյուր ֆիլմ նկարելուց առաջ ես, առաջին հերթին, ժողով-հավաք եմ կազմակերպում ընկերներիս հետ` սովորական սրճարանի սեղանի շուրջ, որտեղ նրանց եմ ներկայացնում այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնց լուծումները ես միայնակ չեմ կարող գտնել: Նրանցից յուրաքանչյուրն իր վրա է վերցնում կոնկրետ հարցի լուծում` լինի ֆինանսական թե «հեռախոսազանգային»: Դա մոտավորապես 10-15 հոգանոց հավաք է լինում: Այդ պահից սկսած այդ մարդիկ սկսում են իրենց վրա վերցնել խնդիրներ և մինչև ֆիլմի ավարտն իմ կողքին են: Եվ այդպիսով ստացվում է ամեն ինչ: Երրորդ ցուցադրությունը հենց այդ հզոր խմբի համար էր: Անվանել այդ ամենը պրեմիերա` չեմ ուզում, քանի որ մտադիր ենք Ղարաբաղում սեպտեմբերին կազմակերպել իրական ցուցադրություն` կինոսիրող հանդիսատեսի համար: – Ղարաբաղյան ցուցադրությունն անվանում ես հաշվետու ցուցադրություն: Այդ «հաշվետվությունը» քո հոգու հանգստության համա՞ր էր, թե՞ քո առջև առաջադրանք էր դրված` անել ֆիլմ և ցուցադրել արդյունքը: – Միանշանակ դա իմ ցանկությունն էր և իմ նախաձեռնությունը: Ֆիլմի նկարահանման պահից սկսած սրտացավ մարդիկ մշտապես հարցնում էին ինձ, թե ե՞րբ է պատրաստ լինելու «Թևանիկ» ֆիլմը: Ես ուղղակի իմ ներքին պարտքն էի համարում պարտադիր ցուցադրություն կազմակերպել Ղարաբաղում` այն բոլոր մարդկանց համար, ովքեր աջակից են եղել, որ «Թևանիկն» իրականություն դառնա և ամեն կերպ` յուրաքանչյուրն իր կարողության, հնարավորության և, ամենակարևորը, մեծ ցանկության սահմաններում, օգնել են: tevanik-3 – Որքա՞ն են տևել ֆիլմի նկարահանման աշխատանքները, և ի՞նչ միջոցներով է ֆիլմը նկարահանվել: – Մեկ տարի և ութ ամիս աշխատել եմ «Թևանիկի» վրա, սկսած սցենարից` մինչև երևանյան պրեմիերա: Ֆիլմի հաջողությունը նաև նրանում է, որ ունի սրտացավ մարդկանց մեծ բանակ, ովքեր իրապես ուզում են, որ ֆիլմը հաջողություն ունենա: Ֆիլմին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ինչպես նաև` Մասիս Բաղդասարյանի կազմակերպչական ջիղի արդյունքում կյանքի է կոչվել «Թևանիկ» ակումբը, որը կազմված է թվով մոտ 50 մարդկանց խմբից: Ակումբի յուրաքանչյուր անդամ ֆինանսապես ներդրում է արել: Այդ թիմի շնորհիվ գոյացած ֆինանսական բացը ծածկվել է: Երրորդ փուլում մեզ է միացել լիտվական «Արտ բոքս» ընկերությունը, որն իր վրա է վերցրել ֆիլմի հետարտադրական փուլի որոշակի ծախսերը, ընդ որում` նաև կոմպոզիտորի հոնորարը: tevanik-4 – Լիտվական կազմակերպությունն` ո՜ւր, ղարաբաղյան թեման` ո՜ւր… Ինչպե՞ս եք գտել իրար: – Այդ կազմակերպության հետ ծանոթացել ենք Կաննում, որտեղ «Թևանիկ» ֆիլմի նախագիծն էի ներկայացրել: Եվ երբ հետագայում արդեն ֆիլմը պատրաստ էր, մեր համագործակցության արդյունքը եղավ այն, որ «Արտ բոքս» ընկերությունն աջակցեց մեզ: – Ջիվան, իսկ ինչպե՞ս ծնվեց «Թևանիկ» ֆիլմի գաղափարը` կար թեմա, և պետք էր գտնել միջոցներ իրականացնելո՞ւ այն, թե՞ կար պարզապես ռեժիսորական ֆիլմ նկարահանելու «ծարավ», և պարզապես սուր թեմա էր պետք: – Ի սկզբանե իմ ամեն երկրորդ ֆիլմը Ղարաբաղի մասին է: Այլ կերպ ինձ մոտ չի ստացվում` ղարաբաղցի եմ: Բայց կոնկրետ այս սցենարին ես ծանոթ էի տարիներ առաջ, սակայն դեռ համարձակություն չունեի այդ թեմային անդրադառնալու: Սցենարն ինձ տվել էր Լևոն Աթոյանը` իմ դասախոսը: Սցենարի հեղինակն է Առնոլդ Աղաբաբովը` «Բարև, ես եմ», «Ո՞ւր էիր, մարդ Աստծո» ֆիլմերի սցենարի հեղինակը: «Թևանիկը» նա գրել էր 1996-97 թվականներին: Լ.Աթոյանի հետ փորձել են ժամանակին նկարահանել այդ ֆիլմը, սակայն Աղաբաբովը կարճ ժամանակ անց մահացել է: Եվ Լ.Աթոյանը տարիներ առաջ ինձ էր տվել այդ սցենարը: Ես կարդացել, հիացել էի, ցանկությունս մեծ էր թեմային անդրադառնալու, սակայն այն ժամանակ դեռ պատրաստ չէի` քաջություն չունեի: Եվ վերջապես, 2012 թվականին քաջությունս խոսեց իմ մեջ` «Ընդհատված մանկություն» ֆիլմն ավարտելուց հետո: Դրանից հետո միայն անցա «Թևանիկին»: tevanik-5 – Որքանո՞վ է փոխվել ֆիլմի սցենարը նկարահանման աշխատանքների արդյունքում: – Առնոլդ Աղաբաբովի սցենարի դրամատուրգիան նախատեսված էր կարճամետրաժ ֆիլմի համար: Եվ Կարինե Խոդիկյանի հետ միասին ի հայտ բերելով ևս երկու պատանիների դրամաները` դարձրեցինք այն ֆիլմ-դրամա` երեք մասից` Արամ, Աստղիկ և Թևանիկ: Որպես այդպիսին` չենք հեռացել Աղաբաբովի մոտեցումից և հավատարիմ ենք մնացել նրա լուծմանը: – Իսկ դասախոսդ` Լևոն Աթոյանը, գո՞հ է արդյունքից` չի՞ փոշմանել, որ քեզ է տվել սցենարը: – Ինձ թվում է` գոհ է: Իհարկե, նա միշտ էլ կունենա ասելիք` որպես դասախոս: Համենայնդեպս, ոչ ոքի մոտ ըմբոստություն չի առաջացրել այն հանգամանքը, որ մենք կարճամետրաժը վերածել ենք լիամետրաժ ֆիլմի: Մենք չենք հեռացել Աղաբաբովի «շնչից»: – Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն: – 173 հազար դոլար: – Առհասարակ հնարավո՞ր է միայն երևանյան, հետագայում` նաև ղարաբաղյան ցուցադրություններով «հանել» ֆիլմի ծախսերը կամ որևէ շահույթ ստանալու մասին մտածել: – Հնարավոր չէ, երբեք: Բայց ֆիլմը չպետք է սահմանափակվի միայն երևանյան ցուցադրումներով: Մենք այսօր մտածում ենք միջազգային դիստրիբյուցիայի մասին: Պարզապես առաջիկա երկու ամիսները պասիվ շրջան է` ամառ, արձակուրդ, ծով… Իրականում այս շրջանում քչերին է հետաքրքրում կինոն: Այժմ մեզ համար բանակցությունների փուլ է, քանի որ նախատեսում ենք, որ «Թևանիկը» շրջագայի` Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում… Սակայն այդ շրջագայությունների նպատակը լինելու է ոչ թե ծախսերը, այսպես ասած, «հանելը», այլ մեր ցավի մասին բարձրաձայնելը: Նպատակը գումար ետ բերելը չէ, այլ ի լուր աշխարհի ասելը, որ պատերազմը սարսափ է, պատերազմը մեր ընդհատված մանկությունն է, որբացած երեխաներն են… Եվ, որ որևէ ազգ չի ուզում պատերազմ ապրել… tevanik-6 – Ֆիլմի հերոսները, բնականաբար, խոսում են Ղարաբաղի բարբառով: Ղարաբաղցիների մոտ այդ առումով հարցեր չառաջացա՞ն: – Ղարաբաղցիներն ասում էին, որ ֆիլմի մի քանի դերասաններ լավ չէին տիրապետում ղարաբաղյան բարբառին: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ դա էր նրանց միակ դիտողությունը: – Դու բնականաբար, որպես ռեժիսոր` հպարտ ես, որ քո աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել: Հպարտությամբ նշում ես, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել առաջին ցուցադրությանը: Ինչո՞ւ այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ժամանակին չեն հովանավորել «Թևանիկի» նախագծի ներկայացումը Կաննում` այնպիսի բարձր մակարդակով, որ որևէ ադրբեջանցի լրագրող չհամարձակվեր ծաղրել, թե` տեսեք, խեղճ ու կրակ հայերն առանց իրենց ռուս «ախպոր» աջակցության` ոչինչ էլ չէին կարող ներկայացնել Կաննում: – Ես շնորհակալ եմ Ազգային կինոկենտրոնից, որ ինձ հնարավորություն է տվել երկու անգամ պատվիրակության կազմում` Գևորգ Գևորգյանի ղեկավարությամբ, լինել Կաննում և ֆիլմի նախագծեր ներկայացնել: Շնորհակալ եմ, որ «Թևանիկին» ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: – Վստահ եմ, որ ադրբեջանցիները ոչ մի միջոց չէին խնայի ֆիլմը գովազդելու, բոլորի աչքը մտցնելու համար: – Անկեղծ ասած` Կաննում ևս նշեցին, որ մենք` հայերս, ունենք երկու մեծ չլուծված խնդիր, կոնֆլիկտ, ցավ. Մեկը Ցեղասպանությունն է, մյուսը` Ղարաբաղյան պատերազմը: Ինձ հարցրեցին, թե ինչո՞ւ եմ ես մեր չլուծված պատերազմի մասին ֆիլմ նկարահանելու համար գումարներ փնտրում դրսում, չէ՞ որ մենք ունենք մեծ սփյուռք ու կառավարություն: Ես նրանց ասում եմ, որ աջակցություն կա, սակայն այդ աջակցությունը բավարար չէ: Եվ դա այդպես է: Ես ուրախ կլինեմ, որ Ղարաբաղի մասին ֆիլմ անողները ֆինանսավորման խնդիրներ չունենան: Կաննում ոչ ոք մեր կինոյին չի սպասում, ոչ ոք Ջիվան Ավետիսյանին չի սպասում: Եվ այդքանը հասկանալով` ես, Ազգային կինոկենտրոնի շնորհիվ, փորձել եմ անել հնարավորինս լավ քայլ` Ղարաբաղի մասին ֆիլմի նախագիծ ներկայացնելով: Ես բողոքողներից չեմ, ես իմ ֆիլմերը սիրում եմ: Եվ հատկապես «Թևանիկ» ֆիլմը, որը ես քայլ առ քայլ` փոքր երեխայի պես, առաջ եմ տանելու: ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս