«Մարդիկ որ իրար չեն ճանաչում, ո՞նց են խանդում». Գյումրու աղմկահարույց սպանության գործը՝ վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Հարություն Սարգսյանի գործով դատական նիստը: Հարություն Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն խանդիհողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել սպանության և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 15 տարի ժամկետով: Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի այս վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան:

Այսօր դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը հիմնավորված և պատճառաբանված է, իսկ ամբաստանյալի պաշտպանների կողմից ներկայացված բողոքն անհիմն է. «Հիմնված է ընդամենը պաշտպանական կողմի ենթադրությունների և ցանկությունների վրա, ուստի գտնում են, որ այն ենթակա է մերժման»: Վարդուհի Էլբակյանն ասաց, որ պաշտպանները վերաքննիչ բողոքում եկել են այն եզրահանգման, որ տեղի են ունեցել քրեադատավարական նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա. «Ընդունելով հանդերձ, որ տեղի են ունեցել որոշ խախտումներ՝ ցանկանում եմ փաստել, որ դրանք էական չեն և չեն ազդել գործի ելքի վրա»: Դատարանում Վարդուհի Էլբակյանն ասաց, որ պաշտպանները բառախաղի միջոցով փորձում են ներկայացնել, որ Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը էապես տարբերվում է դատարանի կողմից հաստատված համարված փաստերի բովանդակությունից՝ նշելով, որ պաշտպանները իրենց բողոքում չեն պատճառաբանել՝ որն է «աղաղակող տարբերությունը»: Վարդուհի Էլբակյանն ասաց, որ դատարանն օբյեկտիվորեն գնահատել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հոր, մոր և քրոջ նախաքննական և դատաքննական ցուցմունքները և արժանահավատ համարել նրանց կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ վերջիններս դատարանում տվել են ոչ արժանահավատ ցուցմունքներ. «Փորձել են աղավաղել ճշմարտությունը՝ շատ անգամ հերքելով իրենք իրենց»: «Ամբաստանյալի արտոնյալ կարգավիճակի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ լինելով ձերբակալված, որի ընթացքում իբր ոստիկանները ձերբակալման ժամ են նշել են 17:30-ը և առգրավվել են վերջինիս բջջային հեռախոսը, պարզվում է, որ դրանից հետո Հարություն Սարգսյանը դեռ ժամեր առաջ առգրավված հեռախոսով պատասխանել է իրեն հասցեագրված զանգերին, ինչը հիմնավորվել է ամբաստանյալի հեռախոսահամարի մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումներով: Մի՞թե հնարավոր է գտվել և արտոնյալ կարգավիճակում, և ճնշված»,- շարունակեց փաստաբանը:

Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը տևել է շուրջ 1.5 տարի, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, ներկայացվել են բազմաթիվ միջնորդություններ, կատարվել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, դատարանն ապացույցները գնահատել է և լրիվության, վերաբերելիության, թույլատրելիության սահմաններում, արարքին տվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:

Վարդուհի Էլբակյանի խոսքերով՝ պաշտպանական կողմը նշել է, թե ունեն շատ լուրջ ապացույցներ, սակայն դատարանում դատավարության մասնակիցների ներկայությունը խոչընդոտում է ներկայացնել իրենց պաշտպանյալի անմեղությունը հիմնավորող ապացույցը, առաջարկել են, որ դատարանում ներկա գտնվի միայն պաշտպանը և դատավորը, իսկ տուժող կողմն ու մեղադրողը չմասնակցեն դատաքննությանը: Վարդուհի Էլբակյանն ասաց, որ բնականաբար, նման միջնորդությունները պետք է մերժվեին դատարանի կողմից:

Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ երբ մեղադրողը կամ տուժողի ներկայացուցիչը նշում են, որ ամբաստանյալի նկատմամբ բռնություն չի գործադրվել, նա արտոնյալ վիճակում է եղել, պետք է նշեն, թե որտեղից են հայտվել Հարություն Սարգսյանի բազմաթիվ մարմնական վնասվածքները: Իսկ ցուցմունք տալը կամ չտալը չի նշանակում, որ նրա նկատմամբ բռնություն չի գործադրվել: Փաստաբանը հիշեցրեց նաև, որ Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործի կարճման որոշումը դեռ չի մտել օրինական ուժի մեջ և դեռ բողոքարկվում է: Անդրադառնալով ամբաստանյալի հարազատների ցուցմունքների մասին տուժողի ներկայացուցչի խոսքին՝ Լուսինե Սահակյանն ասաց, որ հիմնավորվել է՝ նրանք երկու օր պահվել են բաժնում և հենց այդ ընթացքում ցուցմունքներ են տվել:

Դատարանում ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց վերաքննության կարգի անցնել. դատարանի որոշմամբ՝ այժմ գործը քննում է վճռաբեկության կարգով: Ամբաստանյալն էլ միջնորդում էր դատարան հրավիրել Վարդան Ղուկասյանի դստերը՝ նշելով, որ ինքը վերջինիս չի ճանաչել. «Մարդիկ որ իրար չեն ճանաչում, ոնց են խանդում»: Դատարանն իր վերջո մերժեց վերաքննության կարգի անցնելու մասին միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց. հուլիսի 31-ին Լուսիեն Սահակյանը կներկայացնի մի շարք ապացույցներ և անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդություն:

Տեսանյութեր

Լրահոս