Բաժիններ՝

«Կա մեծ արտագաղթ, բայց հասարակական ցավերը բարձրացնողներ չկան». Հրանուշ Խառատյան

«Արտագաղթը ո՛չ հասարակության կողմից, ո՛չ իշխանության կողմից` իր իրական հետևանքներով, ծավալներով, երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել»,- նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրա կարծիքով` մեզ դաստիարակել են այնպես, որ հասարակությունը, որտեղ  ապրում ենք, երկիրը, որը մեր հայրենիքն ենք համարում, պետք է սիրել. «Բայց ինչո՞ւ պետք է սիրել. ուղղակի, որ դա քո հայրենի՞քն է, ուղղակի, որ դու այդտեղ ծնվե՞լ ես, ուղղակի որ քո պապե՞րն են այդտեղ ծնվել, թե՞ այդ երկրում կան պայմաններ, որ քեզ համար այնքան թանկ են, և դու պետք է պաշտպանես դրանք: Սա փոխադարձ երևույթ է. հայրենիքն էլ պիտի մարդուն պաշտպանի` նախևառաջ՝ ի դեմս իշխանությունների, որոնք այս բոլորը պետք է մարմնավորեն և իրականացնեն»:

Հ. Խառատյանի դիտարկմամբ` հայրենիքի հանդեպ կա համապատասխան պատասխանատվություն, բայց հայրենիքում` նաև համապատասխան վերաբերմունք. «Երբ իրավունքն ու պատասխանատվությունը չափից դուրս շատ են շեղվում, առաջանում է հայրենիքի նկատմամբ հարցական, և այդ հարցականն այսօր, ցավոք, նույնականանում է իշխանության հանդեպ ունեցած դժգոհության հետ»:

Լրացնելով Հ. Խառատյանի խոսքը` Երևանի պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ կան իշխանությունից դժգոհելու բազմաթիվ պատճառներ, բայց իշխանության վերաբերմունքի պրիզմայով նայել ամեն ինչին շատ վատ է, քանի որ դա նշանակում է՝ հայրենիքի զգացողության բացակայություն: Նա նշեց, որ պետք է խուսափել զոհի կարգավիճակից. դա կազմալուծում է կամքը. «Ես չեմ կարծում, որ զոհի կարգավիճակը պայմանավորված է միայն սոցիալական վիճակով: Շատ մարդիկ կան, որ զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ և կարծես թե սոցիալական խնդիրներ չունեն, բայց նրանք բոլորը զոհեր են, նրանք իրենց հոգեբանությամբ զոհ են, ճորտ, քանի որ իրենց սկզբունքներին դեմ քայլեր են անում: Մեր բոլոր վերին և ներքին օղակները մատը բարձրացնում են վերև և ասում` շեֆն այսպես է ասում, սկսած դպրոցի ուսուցչից՝ մինչև նախարարներ: Բայց չէ՞ որ ընտրություն կա, ընտրություն  միշտ է եղել»:

Նրա դիտարկմամբ` մեր արժեհամակարգը շեղված է. «Շատ հեշտ է սուտ արժեքներով խաբել մարդկանց: Եկեք գտնենք իրական արժեքներ, պաշտպանենք այդ արժեքները, օրինակ` եկեք սիրենք և պաշտպանենք հայրենիքը, եկեք չասենք, որ մենք պաշտպանում ենք բանակը` բանակի մասին քննադատական բան չասելով. դա բանակի պաշտպանություն չէ, եկեք այնպես անենք, որ ունենանք հզոր բանակ, որտեղ զինվորականը զգա, որ ոչ թե բարձրաստիճան սպայի է ծառայում, այլ հայրենիքին է ծառայում, եկեք պաշտպանենք արվեստագետին, որ վերջինս կարողանա շփվել հասարակության հետ, հասարակությանը հոգևոր դաս տա և բարձր արժեքներով կրթի, եկեք գիտնականին պաշտպանենք, որ նա շահագրգռված լինի գիտությամբ զբաղվելու»:

Հրանուշ Խառատյանի խոսքով` մենք ապրում ենք շատ հակասական երկրում. «Այդ հակասական երկրում մեր բնակչության քանակական մեծամասնությանը շանս չենք տվել կրթության, սոցիումի բարոյականության, իշխանության հետ, մտավորականության հետ  հարաբերությունների: Կա մեծ արտագաղթ, բայց հասարակական ցավերը բարձրացնողներ չկան»:

Մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, որ բարձրագոչ հայտարարություններ են անում այն մասին, որ երբեք և ոչ մի դեպքում չեն արտագաղթի` հիմնական բնակություն հաստատելով այլ երկրներում: Մեր այն հարցին, թե կարելի՞ է արդյոք նման մարդկանց համարել հայրենասեր, տիկին Խառատյանը պատասխանեց, որ դա շատ հարաբերական հարց է, բայց, մեծ հաշվով, ինքը նման մարդկանց համարում է հայրենասեր, քանի որ նրանք մնալով՝ աշխատում են, բարիք ստեղծում և ազդում նորմալ արժեհամակարգի ձևավորման վրա: Իսկ այն հարցին, թե արտագաղթողներն արդյոք արդարացում չունե՞ն, տիկին Խառատյանը ևս դրական պատասխան տվեց. «Նախ` արտագաղթը չի կարելի համեմատել կամ հակադրել հայրենասիրությանը: Չեմ կարծում, որ մարդիկ հայրենասիրության պակասից են արտագաղթում. անելանելի կացությունից, սոցիալական ծանր խնդիրներից, կենսաբանական այդ բնազդների դեմ պայքարելու անկարողությունից մարդիկ մեկնելն ավելի ձեռնտու են համարում. ի վերջո, այդ անելանելի վիճակում ուղղակի մնալը և նվնվալը շատ ավելի վատ է»:

Ամփոփելով` պարոն Բաբայանն ասաց, որ մեր քաղաքակրթական վեկտորն է պետք փոխել: Դա նշանակում է՝ փոխել մեր գիտակցությունը:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս