Կուտակային հիմնադրամներում այս պահին կա 5.1 միլիարդ դրամ
Կուտակային ֆոնդերը Հայաստանում շարունակում են գործել նույն սկզբունքներով, շուտով կավարտեն իրենց բիզնես պլանի վերանայումը: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի կարծիքով՝ այդ ֆոնդերն այն կազմակերպությունները չեն, որոնց ելքը ՀՀ շուկայից չլինի շռնդալից: Նա շատ բացասական գնահատեց, եթե հանկարծ ֆոնդերից մեկը որոշի ի վերջո հեռանալ ՀՀ-ից, ապա դա շատ լուրջ կազդի երկրի վարկանիշի վրա:
Սաիյանը հայտնեց, որ ներկայումս փաստացի ֆոնդերում առկա է 5.1 մլրդ դրամ (5% քաղաքացու վճարածը և 5% պետության փոխանցածը), իսկ քաղաքացիների ընդհանուր փոխանցումները մոտ 7 մլրդ դրամ է: Սակայն, եթե պարտադիր կուտակայինն առանց խոչընդոտների ներդրվեր, առաջին 6 ամսում ֆոնդերում պետք է հավաքվեր 20 մլրդ դրամ:
Անդրադառնալով խնդրին, որ որոշ քաղաքացիների անհատական հաշիվներին երևում է փոխանցված գումարի մի մասը (օրինակ՝ փոխանցվել է 6 ամսվա վճար, բայց հաշվին երևում է 3 ամսվանը), Ս.Սաիյանը պարզաբանեց, որ խառնաշփոթի պատճառով եթե գործատուն փոխանցման ժամանակ որոշ թերացում է թույլ տվել (օրինակ՝ որպես կուտակային վճարողներ նշվել է X թվով աշխատակից, բայց փաստացի վճարում կատարվել է Y թվով մասնակիցների համար), ինչի հետևանքով համակարգը ավտոմատ սխալ է գրանցում, և մինչ ճշգրտումը գումարները մնում են կամուրջ հաշվին, կամ գործատուի պահանջով վերադարձվում են անմիջապես գործատուին և աշխատողը պետք է նրանից պահանջի իր գումարները:
Ս.Սաիյանը տեղեկացրեց, որ այն քաղաքացիները, որոնք ետ են պահանջում իրենց վճարները, կարող են դիմումներ գրել այս տարվա սեպտեմբերի 1-ից, իսկ 2015 թ-ից հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը փայերը կմարվեն:
«Գործ ունենք ֆինանսական շուկայի հետ, որտեղ ցանկացած կտրուկ փոփոխություն կբերի բացասական հետևանքների»,- նկատեց նա և կոչ արեց քաղաքացիներին՝ հերթ չգոյացնել ու չպահանջել անմիջապես վերադարձնել վճարները: