Բաժիններ՝

ՕԵԿ-ը և Ագրարային համալսարանը պայմանավորվել են հանդիպել դատարանում

Հուլիսի 2-ին ՕԵԿ-ը համալսարանի տարածքում փորձում էր երկաթե կոնստրուկցիաներով շինություն կառուցել: Տարածք էր ժամանել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով վեճի բռնվեց տարածքում հավաքված անձանց հետ: Վերջիններս պահանջում էին շինության՝ Կառավարության կողմից տրված թույլտվությունը: Պարզվեց, որ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանը տվել է այդ թույլտվությունը: Սակայն կառավարության կողմից ՕԵԿ-ը ոչ մի թույլտվություն չի ստացել:

168.am-ը զրուցեց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ՝ պարզելու համար, թե ո՞րն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը առանց միմյանց հետ համաձայնեցնելու որոշումներ են կայացնում և իրարից անկախ՝ տարածքում շինություն կառուցելու թույլտվություն տալիս: Պարույր Էֆենդյանն ասաց, որ դեռևս դժվարանում է պատասխանել. «Քանի որ իսկապես կան այդ որոշումները, և եթե համաձայնեցրած լինեին, այդպիսի բան չէր լինի»:

Ագրարային համալսարանի տարածքը մոտավորապես 18. 700 քմ է: Կառավարությունը դիմել է բուհին, որպեսզի այն տա իր համաձայնությունը՝ 520 քմ. հատկացնել ՕԵԿ-ին՝ իրենց գրասենյակը կառուցելու համար: Պետությունը ցանկացած դեպքում կարող է հետ վերցնել այդ տարածքը և Ագրարային համալսարանից համաձայնությունը ստանալը ֆորմալ բնույթ է կրում:

Agrarayin hamalsaran-168 (1)

Կարդացեք նաև

«Մենք պետական հիմնարկ ենք, մենք չունենք մեր սեփական հողը. ինչ կա, այդ բոլորը պետությանն է: Պետությունը տալիս է մեզ՝ անժամկետ, անհատույց օգտագործում ենք: Իրենք կառուցեցին իրենց շենքը, այդ կառուցման ժամանակ կառուցեցին հարակից ավտոտնակ: Դրա գծագիրը չկար, թույլտվությունը չկար և այդ 520 քմ-ից դուրս էր՝ մեր տարածքի մեջ էր: Երևանի քաղաքապետը այդ կառույցը ճանաչեց պետական սեփականություն: Կառավարությունը այդ՝ արդեն պետական, սեփականությունը, տվեց մեզ՝ անժամկետ, անհատույց օգտագործման»,- նշեց նա:

Այդ տարածքի մեջ մտնող ավտոսպասարկման տանիքի մի հատվածը բուհն օգտագործում է որպես լաբորատորիա՝ գյուղատնտեսական մեքենաների ուսումնասիրության համար: 2008 թվականին ՕԵԿ-ը վերցրել է տարածքի մյուս կեսը, ցանկապատել է՝ ասելով, որ ժամանակավոր օգտագործելու են վարձակալության պայմանով, որը, նույնպես, ըստ Պ. Էֆենդյանի՝ կառավարությունը պետք է թույլատրեր, իսկ Ագրարային համալսարանը միայն մեկ տարով իրավունք ուներ վարձակալության տալու տվյալ տարածքը՝ գույքի կառավարման վարչության համաձայնությամբ.

«Մենք չգիտեինք, որ 2008 թվականի նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետը այդ հարակից տարածքը, որի կեսն ընդգրկում է մեր տեխսպասարկման կետի տանիքն ու հարակից հողը, անհատույց հատկացրել է ՕԵԿ-ին: Մի բան, որ վերցրել է կառավարությունը, իրավունք ունի հետ վերցնել: Մեզ տվել է կառավարությունը, մենք պետական հիմնարկ ենք, երբ գույք է տալիս, մենք պարտավոր ենք պետական գույքը պահպանել: Եթե տվել է մեզ, մենք իրավունք չունենք քանդելու: Թող դիմեն կառավարությանը՝ թույլ տան: Մենք ասում ենք՝ ունե՞ք կառավարության որոշում՝ չունեք: Մենք ասում ենք՝ մեզ տվել է կառավարությունը: Դուք վաղը բերեք կառավարության որոշումը, որ ձեզ է հատկացնում, մեզնից թող հետ վերցնեն՝ տան ձեզ. բայց թող լինի կառավարության որոշումը: Մեզ դա տվել է կառավարությունը: Մենք պարտավոր ենք պահպանել այդ գույքը, չփչացնել»:

Agrarayin hamalsaran-168 (3)Լաբորատորիայի տարածքի հենասյուները, ծածկը 2001 թվականին կառուցել է Ագրարաային համալսարանը: Այն ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցությունը այստեղ գրասենյակ չի ունեցել: Այնուհետև քաղաքապետարանի որոշմամբ դիմացի այգում 262 քմ. տարածքը հատկացվել է իրենց: Պ. Էֆենդյանը ասում է, որ լաբորատորիան համալսարանինն է, իսկ ՕԵԿ-ն այդ լաբորատորիայի հարակից այն տարածքում, որը նույնպես նախատեսված է օգտագործել որպես լաբորատոր ուսումնասիրությունների համար, «պեմզաբլոկով» պատ է շարել, որի իրավունքը նույնպես՝ ըստ պրոռեկտորի, չի ունեցել: Համալսարանը պատրաստվում է լաբորատորիան կարգի բերել՝ համալրել նոր տեխնիկայով.

«Մենք Համաշխարհային բանկից տրակտոր ենք ստացել և որոշ գումարով այստեղ լաբորատորիայի շարունակությունը պետք է լինի (այն հատվածում, որտեղ ՕԵԿ-ը պատ է կառուցել), որպեսզի ուսանողները ծանոթանան նոր տեխնիկայի հետ»,- ասում է Պարույր Էֆենդյանը:

Agrarayin hamalsaran-168 (4)

Նա տեղեկացրեց, որ հուլիսի 2-ին իրենք ՕԵԿ-ի հետ համաձայնության են եկել՝ դադարեցնել կառուցապատումը: Նրանք պայմանավորվել են հանդիպել դատարանում և այդ հարցն այնտեղ լուծել. «Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ կետն ասում է, որ կրթական կազմակերպությանը՝ կառավարության կողմից տրված հողը օտարման ենթակա չէ: Սակայն քաղաքապետարանի որոշման մեջ գրված է, որ մեր ավտոտեխսպասարկման տանիքը հանդես է գալիս որպես նրանց շինարարության համար տարածք: Նույն տարածքի վրա իրենք էլ ունեն թույլտվություն գործունեություն ծավալելու, մենք էլ ունենք: Գոյություն ունի դատարան: Դրա մեջ ոչ մի վիրավորական բան չկա, թող դատարանը որոշի: Մենք կներկայացնենք մեր ունեցած փաստաթղթերը, իրենք կներակայցնեն իրենց ունեցած փաստաթղթերը. կկայացվի վճիռը»:

Լուսանկարները՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս