Բաժիններ՝

Տավարաբուծության տապալման հետևանքները. Հայ ֆերմերները կովեր են արտահանում Վրաստան

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, թե Հայաստանը դարձել է տոհմային կենդանիներ արտահանող: Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում մոտ 150 տոհմային երինջներ արտահանվել են Վրաստան:

«Տասնամյակներ շարունակ նման երևույթ չէր եղել»,- նկատեց նա՝ հավելելով, որ «մեղավորներն» էլ «Արզնի» և «Ագրոհոլդինգ» ընկերություններն են:

Իրոք, Հայաստանը գրեթե մշտապես ինքն է ներկրել երինջներ, և անցած տարիներին հենց ԳՆ նախաձեռնությամբ իրականացվում էր «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ.» ծրագիրը: «Էր», որովհետև նախարարությունն արդեն այս տարի փաստացի դադարեցրել է ծրագրի իրականացումը, թեև դեռևս 2014 թ-ն է և ծրագրի ավարտին 2 տարի կա: Ա.Հովհաննիսյանն ինքը, մեր հարցին ի պատասխան, հայտնեց, որ այս տարի երինջներ չեն ներկրվի և հավելեց, թե կփորձեն տեղի ֆերմերներից ձեռք բերել եվրոպացիների սերունդներին:

168.am-ի հետ զրույցում «Ագրոհոլդինգ» ԲԲ ընկերության համահիմնադիր և ղեկավար Արմեն Խեչոյանը հաստատեց, որ 50 կենդանիներ արտահանել է Վրաստան, և ևս 100-ի պահանջարկ կա: Սակայն նա շեշտեց, որ արտահանվել են ոչ թե երինջներ, այլ կովեր, իսկ երինջների իրացման հարցը դեռ լուծված չէ: Նախարարությունից 8 ամիս առաջ են տվյալներ պահանջել տոհմային երինջների մասին, բայց այս ընթացքում իրավիճակ է փոխվել, երինջները կով են դարձել, ըստ այդմ՝ նաև գինն է փոխվել:

«Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության ղեկավար Արմեն Ջանվելյանը մեզ հայտնեց, որ 65 կով է վաճառել վրացի գործընկերներին: Ընդ որում, նա նշեց, որ կենդանիների տոհմային սերտիֆիկատը տվել է Առևտրաարդյունաբերական պալատը և ոչ թե գյուղնախարարությունը:

Երկու ֆերմերներն էլ փաստեցին, որ վրացի գնորդներին գտել և կովերի վաճառքի ողջ գործընթացը կազմակերպել են սեփական ուժերով, իսկ նախարարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել:

Մինչդեռ նախարարությունը, հիշեցնենք, տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում էր պարտավորվել ֆերմերներից գնել եվրոպացի երինջների սերունդներին՝ այդպիսով աջակցելով, որպեսզի ընկերությունները կարողանան կատարել պետության առջև իրենց պարտավորությունն ու վճարել կենդանիների արժեքը: Նաև հիշեցնենք, որ ծրագրով Եվրոպայից ներկրված երինջների մեծ մասը անկել են՝ հսկայական պարտքերի տակ թողնելով ֆերմերներին:

Ստացվում է, որ ԳՆ պաշտոնյաներն ընդունում են իրենց ծրագրի տապալումը: Դրա վաղաժամկետ դադարեցումը հենց դա է նշանակում: Իսկ որ ներքին շուկայում կենդանիների պահանջարկ կա, ոչ մեկը չի հերքում: Բայց տեղական արտադրողներին աջակցելու փոխարեն նախարարությունը ստանձնում է դիտորդի կարգավճակ ու առիթը բաց չի թողնում մասնավորի աշխատանքով հպարտանալու և ոլորտի «աճ» արձանագրելու:

Ի դեպ, Վրաստանում կառավարությունն այլ եղանակ է գտել իր ֆերմերներին աջակցելու համար. մասնավորը բանկից վարկ է վերցնում, իր ընտրությամբ ներկրում կենդանիներ, իսկ կառավարությունն անմիջապես փոխհատուցում է դրանց արժեքի մեծ մասը:

 

Տվյալ թեմայով կարող եք կարդալ նաև այս հրապարակումները

Տավարաբուծության տապալումը. Պետական ծրագրով ներկրվող եվրոպական երինջների մեծ մասն անկել է

Եվրոպական կովերը «մատ» են անում. Ինչո՞ւ ՀՀ պաշտոնյաները չեն ցանկանում աջակցել սեփական ֆերմերներին (տեսանյութ)

Տավարաբուծության տապալումը-3. Համառությունը լավ բանի չի հանգեցնում 

Տավարաբուծության տապալումը-4. Հայ ֆերմերները «մրից ելել, մրջուրն են ընկել»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս