Ուգուլավային նախապես զգուշացրել էին, որ նա չպետք է լքի երկիրը. Ալեքսանդր Չիկաիձե
Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ֆինանսական ոստիկանությունը նախապես զգուշացրել էր Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, որ նա չպետք է լքի երկրի տարածքը:
Չիկաիձեն բացառել է Ուգուլավային ձերբակալելու գործում քաղաքական ենթատեքստի առկայությունը. «Նա մեղադրվում է ֆինանսական բազմաթիվ մեքենայություններում, պետական միջոցների յուրացման մեջ: Դատախազությունը զբաղվում է տվյալ գործերով: Հետաքննություն ընթանում է օբյեկտիվորեն ու ճիշտ ուղղությամբ:
Նա ունի պետբյուջեի միջոցները վատնելու ու մեքենայություններ կատարելու հետ կապված խնդիրներ, նրան զգուշացրել էին, որ նա չպետք է լքի երկրի տարածքը: Եվ չնայած զգուշացմանը՝ նա որոշել էր լքել երկիրը, ինչի համար էլ նրան ձերբակալել են: Ֆինանսական ոստիկանությունը նրան զգուշացրել էր, որ վերստին հարցաքննության է կանչում նրան»:
Չիկաիձեն ընդգծել է, որ օրենքի առջև հավասար են բոլորը և օրինախախտը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Գիգի Ուգուլավային սպառնում է 9-12 տարվա ազատազրկում՝ կապված խոշոր չափի միջոցներ (50 միլիոն լարի) յուրացնելու հետ:
Հիշեցնենք, որ Գիգի Ուգուլավան ձերբակալվելուց հետո հայտարարել է, որ իրեն ձերբակալել են Բիձինա Իվանիշվիլիի առջև գլուխ չխոնարհելու համար: