Գիգի Ուգուլավային ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 06.00-ին:
Նրան ձերբակալել են Կիև թռչելու փորձ կատարելիս, որտեղից էլ նա մտադիր էր մեկնել Քիշնև, ուր և մասնակցելու էր Եվրոպայի Խորհրդի տարածքային ղեկավարման հարցերով կոնֆերանսին: Ուգուլավային ձերբակալած իրավապահները չեն բացատրել ձերբակալման պատճառները:
Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը չէր բավարարել դատախազության միջնորդությունը, որում պահանջվում էր նախկին քաղաքապետի հանդեպ սահմանել 50.000 լարի (1 դոլարը հավասար է 1.76 լարի) գրավ, ինչպես նաև նրան զրկել անձնագրից ու ինքնության վկայականից, որպեսզի նա չկարողանա լքել երկիրը:
Դրանից հետո դատախազությունը հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում: Վրաստանի ֆինանսական ոստիկանությունն Ուգուլավային ներկայացրել է երեք մեղադրանք, որոնց համաձայն, նրան մեղադրում են ընդհանուր առմամբ ավելի քան 50 միլիոն լարի յուրացնելու մեջ: