Բաժիններ՝

Խավարասեր լույսի մարդիկ

Արխիվը լավ բան է: Մանավանդ լուրերի արխիվը, որը բաց է, և էլեկտրոնային տարբերակով հնարավոր է գտնել տարիների վաղեմություն ունեցող խոսքեր: Գտնել ու հիշեցնել թե՛ այդ խոսքերի հեղինակներին, թե՛ մնացածին:

Հիմա կարդացեք այս փոքրիկ տեղեկատվությունը, որը հրապարակվել էր 2005թ. մարտի 29-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում: ««Երևանի ՋԷԿ»-ի վերակառուցման նպատակով Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը երեքշաբթի օրը 150 միլիոն դոլարի արտոնյալ վարկ հատկացրեց Հայաստանի կառավարությանը: ՋԷԿ-ի ջերմային հզորությունները գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում, և օգտագործման հիմնական ռեսուրսները սպառված են արդեն»,- ճապոնական բանկի ներկայացուցչի հետ համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո, գնահատելով վարկի նշանակությունը, լրագրողներին ասել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա հավելել էր, թե 250 մեգավատտ արտադրական հզորություն ունեցող նոր կայանը կառուցվելու է ամենաարդիական՝ փակ ցիկլով գազատուրբինային տեխնոլոգիաների հիման վրա, ինչը թույլ կտա շատ էժան հոսանք ստանալ. 1 կիլովատտ ժամ հոսանքի ինքնարժեքը կկազմի 7-8 դրամ՝ 2,5-3 անգամ էժան, քան Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած հոսանքը: Միայն վառելիքի վրա էներգետիկ ոլորտը տարեկան կտնտեսի 19,5 միլիոն դոլար:

Ըստ ծրագրի, արդիականացված Երևանի ՋԷԿ-ը շարք կմտնի 2008 թվականի վերջին:
Ահա այսպես ոգևորված էին հայրենի էներգետիկները 2005 թվականին: «Երևանի ՋԷԿ-ը պետք է դառնա բավականին լուրջ տնտեսական խթան էներգետիկայի համակարգում և իր ազդեցությունը կունենա թե՛ ռեժիմների, թե՛ սակագների կարգավորման հարցում»,- ասել էր նախարարը: Ո՞վ իմանար, որ 9 տարի անց՝ 2014 թվականին, ՀՀ իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մեղքի հիմնական բաժինը բարդելու են հենց այս ՋԷԿ-ի վրա:

Այսպես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հաշվարկներում 20.3 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածքից ամենախոշոր մասը՝ 7.2 միլիարդը, «գրել է» Երևանի ՋԷԿ-ի վրա: Այսինքն՝ Երևանի ՋԷԿ-ին 2014-2015թթ. ընթացքում անհրաժեշտ կլինի հավելյալ 7.2 միլիարդ:

Իսկ ինչի՞ հաշվին է գոյացել այդ 7.2 միլիարդը: 2.9 միլիարդ դրամը գնալու է նույն ճապոնական վարկի սպասարկմանը և մարմանը: «Վերանայվող սակագնի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված վարկի մարման արտոնյալ ժամկետը և սկսվում են մայր գումարի ու տոկոսագումարի մարումները, որի արդյունքում ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 2,9 մլրդ դրամով»,- նշված է տեղեկանքում:

Սրանից ավելի մեծ զավեշտ չկա: Ֆինանսական ճեղվածք անվանումն առաջանում է միայն այն դեպքում, երբ տեղի են ունենում անկանխատեսելի երևույթներ, որոնք հանգեցնում են ֆինանսական կորուստների: Իսկ այս դեպքում այնպիսի տպավորություն է, թե համապատասխան չինովնիկները երեկ միայն բացահայտեցին, որ վարկը պետք է սկսեն մարել:

Մի բան, որ հայտնի էր դեռ 2005 թվականին, երբ կնքվում էր վարկային պայմանագիրը` իր ժամանակացույցով հանդերձ: Իսկ սրանք ներկայացնում են վարկի մարումը` որպես ֆորս-մաժոր: Երկրորդ, վարկի սպասարկումը տեխնիկապես չի կարելի ընդգրկել սակագնի հաշվարկում, քանի որ ներդրումների մեջ այդ գումարն արդեն մտնում է: Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում կրկնահաշվարկ: Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը, օրինակ. հաշվել էր, որ միայն վարկի սպասարկումը ներառելու շնորհիվ ֆինանսական ճեղվածք կոչվածն ուռճացվել է ավելի քան 9 միլիարդ դրամով:

Սակայն այդ տեսակետը ոմանք չլսելու տվեցին: Ու աբսուրդն այն է, որ ժամանակին արդյունավետությունը բարձրացնելու, սակագինն իջեցնելու համար վերցված վարկն այսօր վերածվում է սակագնի բարձրացման պատճառի:

Երկրորդ պատճառը, իբր, վերանորոգումն է: «Համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումներն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել թվով 3 կապիտալ բնույթի նորոգումներ, որոնցից ամենածավալուն և մեծ գումար պահանջող նորոգումը նախատեսված է 2014 թվականին. ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի աճը կազմում է 3,9 մլրդ դրամ»: Մարդիկ 150 միլիոն դոլար վարկ են վերցնում, որ տեխնիկապես վերազինվեն, հանրապետությունով մեկ ելույթներ են ձոնում այդ դարակազմիկ իրադարձությանը, և 10 տարի չանցած, պարզվում է՝ լուրջ վերանորոգման կարիք կա: Ընդ որում, փող չկա վերանորոգման. դա պետք է արվի սակագնի հաշվին: Այսինքն՝ սպառողների հաշվին:

Դե, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին չենք խոսում: Սրա բաժինը ֆինանսական ճեղքվածի մեջ երկրորդն է՝ 6.8 միլիարդ դրամ: Իբր ՀԱԷԿ-ի տուրբիններից մեկը 88 օր ուշ է աշխատել և նախատեսվածի համեմատ 300 0 մլն կՎտժ էլեկտրաէներգիա քիչ է արտադրվել: Մի 200 միլիոն կՎտժ էլ քիչ են արտադրել Որոտանի ՀԷԿ-ն ու «Միջազգային էներգետիկ կորպորացիան»:
«Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը, բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում, այսինքն՝ ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված` պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով»,- նշված է ՀԾԿՀ հիմնավորման մեջ:

Նախ, ատոմակայանը 2013 թվականին 44.1 մլն կՎտժ-ով ավելի շատ հոսանք է արտադրել, քան 2011-ին: Բացի այդ, այստեղ հակասություն կա, որովհետև նույն ՀԾԿՀ-ի հաշվետվություններից երևում է, որ 2013-ին Հրազդանի էներգետիկ կազմակերպությունից ավելի քիչ հոսանք է գնվել, քան 2012-ին (2013թ.՝ 643.9մլն կՎտժ, 2012-ին՝ 745.5մլն կՎտժ): Իսկ փոխարենը` ավելի շատ` 200 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա գնվել է Երևանի ՋԷԿ-ից, որը 2.5 անգամ ավելի էժան է (Երևանի ՋԷԿ-ից նախորդ տարի 1 կՎտժ-ն գնվել է 13 դրամով, Հրազդանից՝ 34.2 դրամով): Իսկ փոքր հէկ-երից գնվել է 165 մլն կՎտժ-ով ավելի էլեկտրաէներգիա: Կարճ ասած՝ պնդումը, որ ատոմակայանի ու 2 խոշոր հէկ-երի դեֆիցիտը լրացվել է Հրազդանի ՋԷԿ-ի թանկ էներգիայով, հավատ չի ներշնչում:

Ու ամենևին հասկանալի չէ, թե ՀԷՑ-ը միայն ատոմակայանի տուրբինի վթարի ու սակավաջրության պատճառով ինչպե՞ս 16.3 միլիարդ դրամի վնաս կրեց: Բայց, մեծ հաշվով, սրանք մանրուքներ են: Որովհետև այս հեքիաթը ոչ մեկին պետք է հետաքրքիր չլիներ:

Ինչո՞ւ պետք է սպառողը փոխհատուցի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկի վթարի կամ սակավաջուր եղանակի արդյունքում առաջացած վնասը: Չէ՞ որ դա այս ընկերությունների ռիսկն է: Եվ ինչո՞ւ է պետական կառույցը՝ ՀԾԿՀ-ն, որն առաջին հերթին` սեփական երկրի ու բնակչության շահերը պետք է պաշտպանի, սեփական նախաձեռնությամբ մեջ ընկնում ու մասնավորի վնասը փաթաթում իր ժողովրդի վզին:

Իսկ հետո նույն պետությունը ողորմության նման ինչ-որ բան է ձեռնարկում՝ անապահով խավի վրա սակագնի թանկացման ազդեցությունը մեղմելու համար: Որովհետև այս մարդիկ չեն հասկանում խնդրի էությունը. Բնակչին մտահոգում է ոչ թե ամսական 500 կամ 1000 դրամ մուծելը, այլ խաբված լինելու փաստը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը կամ ոչ իշխանությունը: Ոչ իշխանական քառյակը երեկ ասուլիս է տվել, բնականաբար՝ քլնգել հանցավոր ռեժիմին, մերկացրել նրանց ապօրինությունները ուգ հիշեցրել՝ աշունը սարերի ետևում չէ, և քառյակի հանրահավաքը սեպտեմբերի վերջին կայանալու է: «Наталья Семеневна придет и я свое мужское слово скажу»,- ասում էր հայտնի ֆիլմի հերոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս