Վաշինգտոնը հստակ ազդանշան է սպասում Երևանից․ Ջոն Հեֆերն. 1in.am
«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
– Հայաստանում Ձեր ռուս գործընկերը, ով նույնպես Մինսկի խմբի անդամ երկիր է ներկայացնում, մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ Նախիջևանի կրակահերթերից, որոնց հետևանքով մենք զինվորներ ենք կորցրել, և որոնք կարծես չեն դադարում, մինչդեռ Դուք Ձեր անհանգստությունն էիք հայտնել դրանց կապակցությամբ: Ինչո՞ւ եք անհանգստացած, դա սոսկ անհանգստությո՞ւն է, թե՞ Դուք իրոք սպառնալիքներ եք տեսնում, որ այդ կրակոցները կարող են շատ ավելի մեծ զարգացման հանգեցնել:
– 1994 թվականին ստորագրված հրադադարի խախտումները բոլոր համանախագահների համար լուրջ մտահոգություն են, և մենք` բոլոր համանախագահներս, մասնավորապես ես կարող եմ խոսել ԱՄՆ անունից, պատրաստ ենք աջակցել կողմերին, որ ի վերջո խաղաղ բանակցային կարգավորում, լուծում տրվի այս հակամարտությանը: Այն երկար է տևել, ժամանակն է արդեն, որ այն լուծում ստանա, ցավալի է տեսնել, որ զոհեր են լինում` զինծառայողների, քաղաքացիական անձանց շրջանում, շփման գծի երկայնքով, և վերջին շրջանում դա նաև նկատվում է միջազգային սահմանների մոտ: Դա, անշուշտ, մեծ ցավ է նրանց ընտանիքների համար, իսկ ընդհանուր առմամբ` այս հակամարտությունը ողջ տարածաշրջանն է հետ պահում: Եթե հակամարտությունը կարգավորվի, սահմանները բացվեն, և տարածաշրջանի բոլոր երկրները միասին աշխատեն, սա կարող է լուրջ տնտեսական զարգացում բերել բոլոր երկրներին, հենց դա էլ մենք փորձում ենք անել` աջակցել, նպաստել կողմերին` խաղաղ բանակցային կարգավորում գտնելու հարցում:
– Մյուս կողմից` Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, զենք է վաճառում Ադրբեջանին, հարձակողական այնպիսի զենքեր, որ կարող են օգտագործվել Ղարաբաղյան հնարավոր պատերազմի ժամանակ: Հաշվի առնելով ուկրաինական պատերազմի և Ուկրաինայի ճգնաժամի օրինակով Ռուսաստանի հետ գործակցության մակարդակը, թե որքան հուսալի գործընկեր է Ռուսաստանն ԱՄՆ համար, հնարավոր համարո՞ւմ եք Ղարաբաղյան հակամարտության ճակատում համագործակցություն այնպիսի Ռուսաստանի հետ, որը հակամարտության կողմերից մեկին երեք միլիարդից ավելի զենք է վաճառում, որ կարող է օգտագործվել Ղարաբաղյան հնարավոր պատերազմի պարագայում:
– Այս հակամարտության շրջանակում Ռուսաստանի հետ մենք սերտորեն աշխատել ենք դեռ 1994 թվականից: Ռուսաստանը գործուն մասնակցություն է ունեցել, հյուրընկալել է մի շարք հանդիպումներ, և ես կարծում եմ` Ռուսաստանի հետ այս հարցի շրջանակներում մենք կարող ենք աշխատել: ՌԴ հետ մի շարք հարցերում մենք տարաձայնություններ ունենք, Ուկրաինան, անշուշտ, այդ ցուցակում առաջինն է: Նախագահ Օբաման, պետքարտուղար Քերին բազմիցս հայտնել են մեր դժկամությունը կատարվածի վերաբերյալ, նաև ներկայացրել են, թե մենք ինչպիսի հետագա ընթացք ենք ակնկալում այս ճգնաժամի լուծման առումով: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չնայած այլ հարցերի հետ կապված` աշխարհի տարբեր վայրերում ունեն տարաձայնություններ, սակայն այս հարցում պիտի գտնեն աշխատանքային ընդհանուր եզրեր: ԱՄՆ համանախագահ, դեսպան Ուորլիքն աշխատելու է իր ֆրանսիացի և ռուս գործընկերների հետ` գտնելու ստեղծարար լուծումներ, որ կհանգեցնեն նրան, որ կողմերը քննության կառնեն, կբանակցեն հակամարտության կարգավորման տարրերը:
– Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլում ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական բանակցությունները բավական լուրջ անհանգստություն են առաջացրել Հայաստանում, և կասկածներ կան, որ այդ համագործակցությունը կարող է էապես հարվածել հայկական շահերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ի՞նչ նպատակ ուներ Քարնեգի հիմնադրամում Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթը, որով պարզապես հիշեցնում է Մադրիդյան սկզբունքների այն դրույթները, որոնք արդեն իսկ համաձայնեցվել էին հակամարտության կողմերի և համանախագահների հետ դեռևս 2007 թվականի աշնանը: Արդյո՞ք սա կանխարգելող և հուշող նշանակություն չուներ հակամարտության կարգավորման բոլոր կողմերի համար, մասնավորապես` Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, որը վերջին շրջանում շատ ագրեսիվ կեցվածք է ընդունել ԱՄՆ նկատմամբ, որն ավելի առարկայացավ Ձեր գործընկերոջ` Մորնինգսթարի նկատմամբ Բաքվում:
– Այդ ելույթը դեսպան Ուորլիքի կողմից լավ կշռադատված քայլ էր, որը երկու նպատակ էր հետապնդում: Առաջինն այն էր, որ բաց և ակտիվ քննարկում ծավալվի հակամարտությանն առնչություն ունեցող կողմերի ժողովուրդների շրջանում, և դա տեղի ունեցավ: Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածում՝ շուրջ մեկ տարվա ընթացքում դեսպան Ուորլիքը գտավ, որ թերևս բավարար չէ միայն կառավարությունների հետ խոսել այդ հարցի մասին, անհրաժեշտ է նաև շփվել հասարակությունների հետ և նրանց կարծիքն ու գնահատականը լսել: Դուք նշեցիք վեց տարրերի մասին, որոնք ընդունված փաստաթղթերից են և բոլորին հայտնի են: Ես արդեն երեք տարի է` Հայաստանում եմ, և անկեղծ ասած` չեմ կարող ասել, որ իմ ընկալմամբ դա այդպես է, որ Հայաստանում մարդիկ պատկերացնում են, թե համաձայնության ընդհանուր գծերն ինչպիսին են լինելու: Եթե համաձայնություն լինում է, գծերը հստակ նախանշված են, բայց ընկալումը հասարակության մեջ ես չեմ նկատել, իսկ Ադրբեջանի մասին չեմ կարող խոսել: Այդ ելույթով նա նպատակ ուներ հանրային բանավեճ ձևավորել, որպեսզի կողմերի ժողովուրդների համար ներկայացվեն ընդհանուր գծերը, հիմնարար սկզբունքները:
Երկրորդ նպատակը քիչ ավելի կոնկրետ էր: Այն է` ցույց տալ, որ ԼՂ ինքնավար մարզի բուն տարածքը և շրջակա տարածքները տարբեր հասկացություններ են, ցանկացած լուծման պարագայում ԼՂ կարգավիճակի հարցը պետք է դիտարկվի բուն տարածքի մասում` չներառելով յոթ շրջանները և դրանց միջից հանելով միջանցքը: Նրա մոտ այնպիսի տպավորություն կար, ես և դեսպան Մորնինգսթարը նույնպես նման տպավորություն ունեինք, որ այդ ամբողջ տարածքը դիտարկում են որպես մեկ ամբողջ միավոր, և այդ տարբերակումը կարծես թե մոռացության է մատնվում: Այդ տարբերակումը չէր ընդունվում, չկար ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ԼՂ ժողովրդի կողմից, սակայն երբ այդ տարբերակումը չկա, խնդրին, հակամարտությանը հազիվ թե հնարավոր լինի լուծում ապահովել: Ես կուզենայի Ձեզնից լսել` արդյո՞ք այդ բանավեճը ծավալվեց, և արդյո՞ք այդ տարբերակումն այժմ ավելի հստակեցված է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: