Կուրկումայի կիրառումն ուտեստների և գեղարարական միջոցների մեջ
Բուժիչ նամակներ
Որպես համեմունք` օգտագործվում է ֆերմենտացված և արդեն «քարացած» վիճակում աղացած կուրկումայի կոճղարմատը, որն ունի թույլ այրող և մի փոքր դառը համ և յուրահատուկ նուրբ բուրմունք։
Խոհարարության մեջ կուրկուման գնահատվում է ոչ միայն համի և բուրմունքի, այլ նաև ներկող հատկությունների համար։
Մաս է կազմում բազմաթիվ ազգային խառնուրդների մեջ` օրինակ, հնդկական Կարրի կամ ուորչեստերյան սոուս։
Դեղին ներկանյութ կուրկումինը բացարձակապես անվտանգ է առողջության համար, իսկ ըստ վերջին հետազոտությունների` ոչ միայն նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ և ավելացնում է լեյկոցիտների քանակը, այլ նաև բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Կուրկուման հրաշալի հակաբիոտիկ մթերք է, օրը 0,5-1 գ ուտեստների մեջ օգտագործելու դեպքում կանխարգելում է բազմաթիվ աղիքային ինֆեկցիաների տարածումը, ինչը հատկապես կարևոր է արևադարձային Ասիայի երկրներում։
Հնդկաստանում կուրկուման ավելացնում են գրեթե բոլոր ուտեստների մեջ` մսից, բանջարեղենից, լոբեղենից, կարտոֆիլից պատրաստված։ Համեմունքը մեծ տարածում ունի միջինասիական երկրներում. Ուզբեկստանում դրանով համեմում են ոչխարի խաշած միսը և արգանակը, բրնձի շիլան և փլավները։ Տաջիկներն օգտագործում են քաղցր ըմպելիքներին դեղին գույն հաղորդելու համար։
Քանի որ կուրկուման շատ լավ է լուծվում ճարպերի մեջ և գրեթե չի լուծվում ջրում, ապա դրանով հիմնականում համեմում են յուղոտ ուտեստները։ Փլավի մեջ կուրկումայի փոշին լցնում են բրնձի հետ միաժամանակ կամ կրակի վրայից վերցնելուց 3-5 րոպե առաջ։
Արևելքում համարել են, որ կուրկուման մաքրում է չակրաները (էներգետիկ անցուղիները), ինչի շնորհիվ օգնում է հաղորդակցվել արտաքին տարածքի էներգետիկ միջավայրի հետ։ Կարծում են, որ կուրկումայից ստացված պատրաստուկները, հատկապես` ոգեթուրմը կամ դրանով համեմված ուտեստները բարձրացնում են ուղեղի կոգնիտիվ ունակությունները, սրում են միտքը և ուշադրությունը, նաև օգտակար են արվեստի բնագավառի և ընդհանրապես ստեղծագործ մարդկանց։
Գեղարարություն
Կուրկուման ավանդաբար համարվում է կանանց առողջությանը նպաստող լավագույն համեմունքներից մեկը։ Կուրկումայի թուրմի մեջ ներկված կտորից կարված ներքնազգեստը հանգստացնում է մաշկը, կուրկուման հեղուկացնում է արյունը և լավացնում դրա շրջանառությունը, կանխարգելում է ցավոտ դաշտանը։
Ունի մաշկի գույնը լավացնող, երիտասարդացնող, հակաբորբոքային, հարթեցնող հատկություններ։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկի խնամքի համար։
Դիմակ ցանկացած տեսակի մաշկի խնամքի համար. 1 թ/գ կուրկումայի փոշին խառնեք 1-2 թ/գ կաթի հետ, ավելացեք 3-4 կաթիլ լայմի հյութ։ Համասեռ զանգվածը քսեք դեմքին։ 30 րոպե անց լվացեք գոլ ջրով։
Երիտասարդացնող դիմակ. 1 թ/գ կուրկումայի փոշին լուծեք 1 թ/գ կաթի կամ սերուցքի մեջ, ավելացրեք 1 թ/գ մեղր` լավ խառնեք։ 20-30 րոպե անց լվացեք սառը ջրով։ Կատարեք օրը մեջ, ընդամենը 10 անգամ։
Հակաբորբոքային դիմակներ. 1 թ/գ սև կավը խառնեք մի փոքր ջրի և 1 թ/գ կուրկումայի փոշու հետ։ 5-10 րոպե անց լվացեք գոլ ջրով։ Կատարեք օրը մեջ, ընդամենը 6-7 անգամ։
- Մանրացրեք 3 ճ/գ սոյայի ածիկ, խառնեք 2 ճ/գ կուրկումայի փոշու և 1 ճ/գ գոլ մեղրի հետ։ Համասեռ` թթվասերի խտության զանգվածը (անհրաժեշտության դեպքում ավելացրեք մեղր) քսեք դեմքին, 10-12 րոպե անց մաքրեք խոնավ գեղարարական անձեռոցիկով և լվացեք սառը ջով։
Դիմակ չոր մաշկի համար. Նուշի վեց սերմ 8 ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ` տաք տեղում։ Մանրացրեք սերմը և տրորեք հավանգի մեջ, խառնեք 1 գ կուրկումայի փոշու հետ, մինչև ստացվի դեղնանարնջագույն համասեռ զանգված։ Թեթև շարժումներով ներմերսեք դեմքի մաշկին, 1 ժամ անց լվացեք սառը ջրով։ Կատարեք ըստ ցանկության, կարելի է ամեն օր։
Դիմակ դեմքի գույնը լավացնելու համար. 1 ճ/գ թարմ բնական յոգուրտը` առանց հավելումների (տես Ջ. Սահակյան, «168 Ժամ», Բիոմթերքներ, 05.03.2013թ.) խառնեք 1 թ/գ կուրկումայի փոշու հետ։ 10-15 րոպե անց հանեք խոնավ անձեռոցիկով (գեղարարական)։ Կատարեք 3-ական օր ընդմիջումներով, ընդամենը 6-8 անգամ։
Քսուքներ կորյակների դեմ. Կուրկումայի 1 թ/գ փոշին լուծեք քունջութի կամ կոկոսի յուղի մեջ։ Համասեռ խիտ զանգվածը քսեք վերքի և կողքի մաշկի վրա։ Կատարեք քնելուց առաջ, ցանկալի է` հնարավորության դեպքում պահել մինչև առավոտ։ Լվացեք գոլ ջրով։
- Կուրկումայի կես թ/գ փոշին խառնեք ջրի հետ, ավելացրեք նույն քանակի սանդալի փոշի կամ 4-5 կաթիլ սանդալի եթերային յուղ։ Համասեռ` թթվասերի խտության զանգվածքը քսեք վերքի վրա։ 10-15 րոպեից լվացեք գոլ ջրով։
Ցելյուլիտ. Առաջարկվող գործողությունն ընդունված է որպես ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոց և հաճախ է կիրառվում մասնագիտացված գեղարարական սրահներում, քանի որ ամրացնում և հարթեցնում է մաշկը և ունի նաև սկրաբի հատկություն։
- Գնեք 1 փաթեթ դեղատնային կավ (ցանկալի է` կապույտ)։ Չոր կավը բացեք զտված կամ հանքային ջրով, ավելացրեք դարչինի 1 ճ/գ և կուրկումայի 2 թ/գ փոշիներ։ Լավ խառնեք, ընթացքում ավելացրեք 5-7 կաթիլ նարնջի եթերային յուղ` կաթիլ առ կաթիլ։
Համասեռ քսուքը շրջանաձև շարժումներով քսեք և ոչ շատ ուժեղ ներմերսեք մաշկի խնդրահարույց հատվածներին, ծածկեք սննդային պոլիէթիլենային թաղանթով, 1 ժամ պառկեք։ Լվացեք գոլ ջրով և ընդունեք ցնցուղ։
Անցանկալի մազերը հեռացնող. 2 ճ/գ կոկոսի յուղը հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը և անմիջապես խառնեք 2 ճ/գ կուրկումայի փոշի, խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսեք մաշկի վրա, կարելի է պահել 1-3 ժամ, հանեք փայտյա գդալով, մնացորդը լվացեք ջրով։
Անցանկալի մազերի աճը կանխարգելող. Խառնեք 1-ական ճ/գ խոշոր աղ և կուրկումի փոշի, մի փոքր ջուր։ Համասեռ խիտ զանգվածը քսեք մաշկին և թողեք մինչև չորանա, մաքրեք անձեռոցիկով, լվացեք գոլ ջրով։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: