Ադրբեջանն ինտենսիվորեն խանգարում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրացիային

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ

– Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ փոփոխություններ կարող են առաջանալ մեր տարածաշրջանում:

– Կարծում եմ, որ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու, քանի որ եվրոպական երկրների հետ համագործակցությունն ավելի հստակ և համակարգված կլինի: Հույս ունեմ, որ Ուկրաինայի ասոցիացումը կօգնի ավելի արագ և խաղաղ լուծում տալ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին:

– Հայաստանն ունեցավ մի հարևան, որը սկսում է եվրոասոցիացման գործընթաց: Արդյոք Վրաստանի հաջողությունները կարո՞ղ են ազդել, որպեսզի Հայաստանը ևս գնա այդ ճանապարհով:

Կարդացեք նաև

– Ես միշտ ասել եմ, որ ողջունում եմ Վրաստանի ընտրությունը և ուրախ եմ, որ Վրաստանը ստորագրեց ասոցիացման համաձայնագիրը: Հայաստանի պարագայում խնդիրներն այլ են, շահերն այլ են, և մենք գնում ենք մեր ընտրած ճիշտ ուղիով: Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի և Վրաստանի միջև եղած սահմանը ձեռք է բերում կրկնակի նշանակություն, քանի որ այն կարող է մեր կողմից դիտարկվել` որպես Եվրամիության հետ ունեցած ընդհանուր սահման: Այս իմաստով Հայաստանը և Վրաստանը կարող են այս հանգամանքն օգտագործել բավական հետաքրքիր և փոխշահավետ համագործակցություն սկսելու համար:

– Այսօր Հայաստանն էլ կարող էր լինել Ասոցացման համաձայնագիրը ստորագրող երկրների թվում, եթե գնար նախապես ընտրած ճանապարհով և սեպտեմբերի 3-ին չշեղվեր դեպի Եվրասիական միություն: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք, ափսոսո՞ւմ եք, որ Հայաստանը զրկվել է այդ հնարավորությունից:

– Հայաստանը չի ստորագրել, որովհետև Հայաստանի համար ի հայտ է եկել տնտեսական ինտեգրացման նոր առաջարկ և հնարավորություն, և Հայաստանը հիմա այդ հնարավորության իրացման գործընթացում է: Մենք այդ ընտրությունը կատարել ենք՝ հաշվի առնելով մեր պետության անվտանգության, տնտեսական զարգացման և ռազմաքաղաքական զարգացման հեռանկարները: Բայց դա չի նշանակում, որ այն խնդիրները, որոնք ներառված են եղել Ասոցացման համաձայնագրում, Հայաստանի համար կորցրել են իրենց հետաքրքրությունը: Հայաստանն այսօր էլ հայտարարում է, որ հակակոռուպցիոն պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարացման պրոցեսները, պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդիրները, այսինքն՝ այն խնդիրները, որոնք ներառված էին Ասոցացման համաձայնագրում, մնում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգում:

Ասել, թե ափսոսում ենք, կամ՝ ինչ-որ բան կորցրեցինք, այդպես չէ: Դրա համար ենք մենք ասում, որ շարունակում ենք «և-և»-ի քաղաքականությունը, համագործակցության տարբեր ձևաչափերը: Բայց մենք Եվրասիական տնտեսական միության մեջ մեր համագործակցությունը կարևորում ենք էներգետիկ, ռազմաքաղաքական անվտանգության ասպարեզներում, այն, ինչ Ասոցացման համաձայնագիրը մեզ չէր կարող տալ:

Այսինքն՝ այն, ինչ Եվրամիությունը չի կարող տալ մեզ, մենք լուծում ենք Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելով: Բայց, միևնույն ժամանակ, մենք Եվրամիության հետ ունենք ընդհանրություններ և համագործակցության բավական լայն հեռանկարներ: Մենք գտնելու ենք համագործակցության նոր մոդել և ձևեր՝ այդ համագործակցությունն առաջ տանելու և զարգացնելու համար:

– Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամկետներն անընդհատ հետաձգվում են: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է կրկին վերադառնալ դեպի եվրոասոցիացում:

– Իհարկե, ոչինչ բացառված չէ, բայց յուրաքանչյուր բան պետք է իմաստ ունենա, պետք է պայմանավորված լինի ընդհանուր շահերով: Հիմա մեզ մոտ քաղաքացիական հասարակության մի հատված կա, որի ներկայացուցիչները Եվրոասոցիացման հիվանդություն ունեն. ինչ ուզում է լինի՝ միայն թե եվրոասոցիացում: Բայց դա այդպես չէ. եթե մեզ համար ամենահեռանկարային, ամենաապահով, ամենաանվտանգ ճանապարհը տանում է այլ տեղ, մենք մեր թշնամին չենք, որ ուրիշ ճանապարհով գնանք: Հայ-ռուսական հարաբերություններն այն բազան են, որը մեզ հնարավորություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցումը կապել մեր ապագայի, մեր զարգացման հեռանկարի հետ: Հիմա Ադրբեջանն ինտենսիվորեն խանգարում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրացիային, ինչպես որ ժամանակին խանգարում էր ԵՄ-ի հետ ասոցիացման գործընթացին:

Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա ցանկացած ինտեգրացիոն գործընթացից և մեկուսանա: Եվ եթե Ադրբեջանը խանգարում է Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը, նշանակում է, որ դա Հայաստանի համար շահավետ գործընթաց է: Մենք չպետք է հարց դնենք` կամ-կամ, մենք պետք է հասկանանք, որ երկուսն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Պետք է հասկանանք, թե այդ կառույցներից ո՞րն է մեզ անհրաժեշտ: Իսկ մեզ անհրաժեշտ է հստակ գնալ մեր ընտրած ճանապարհով և դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև մենք մեզ արդեն պատկերացնում ենք այդ միության մեջ, գիտենք, թե այդ միությունն ինչ կարող է տալ մեզ, ինչպես կարող է նպաստել մեր զարգացմանը:

– Դուք ասում եք, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, և դատելով արդյունքներից` դա Ադրբեջանին հաջողվում է: Չե՞ք կարծում, որ վտանգավոր է անդամակցել մի միության, որտեղ մեր թշնամի Ադրբեջանը մեզանից ավելի մեծ կշիռ և ազդեցություն ունի:

– Մենք մի վատ ազգային սովորություն ունենք. մեզ թվում է, թե ամբողջ աշխարհն իր դարդերը պետք է թողնի և զբաղվի մեր դարդերով, ու եթե մեր դարդերը չեն լուծվում, ուրեմն՝ աշխարհը վատն է, մենք՝ լավը: Այո՛, Ադրբեջանն իր բարեկամ երկրների միջոցով կարող է մեզ համար ինչ-որ խոչընդոտներ ստեղծել, ինպես մենք մեր բարեկամ երկրների միջոցով ենք կարողանում Ադրբեջանին ինչ-որ հարցերում խանգարել: Քանի որ մենք հակամարտության մեջ գտնվող երկրներ ենք, բնական է, որ նման բախումներ կարող են լինել, բայց դա պետք է նորմալ համարել և չպետք է դրանից ողբերգություն սարքել:

Տեսանյութեր

Լրահոս