Վերջին 6 տարում Թուրքիան 3 անգամ պարտվել է Ռուսաստանին. Zaman

Թուրքական Zaman թերթին օրեր առաջ տված հարցազրույցի ժամանակ Քոչի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի անդամ Շեներ Աքթյուրքը հայտարարել է, որ վերջին 6 տարում Թուրքիան 3 անգամ պարտվել է Ռուսաստանին:

Աքթյուրքի խոսքերով՝ Թուրքիան վերջին պարտություն կրեց այս տարի, երբ Ղրմի թերակղզին անցավ Ռուսաստանին: Աքթյուրքը Ղրիմի թերակղզու նշանակությունն ու ռազմավարական դիրքը համեմատել է Կիպրոս կղզու հետ՝ ընդգծելով, որ վերջինս վերահսկում է ողջ Արևելյան Միջերկրածովը.

«Ղրիմի թերակղզին գտնվում է այնպիսի կարևոր ու ռազմավարական կետում, որը հնարավորություն է տալիս վերահսկել Սև ծովը: Այն, որ այժմ դրան տիրել է Ռուսաստանը նշանակում է, որ Ռուսաստանը վերստին վերածվում է գլխավոր ուժի Սև ծովում, ինչպես որ դա եղել է «Սառը պատերազմի» տարիներին և 200 տարի մինչ այդ (Օսմանյան կայսրությունը Ղրիմը կորցրեց 1783 թվականին՝ այն զիջելով Ռուսաստանին – 168.am):

Թուրքիայի համար հենց դա է ուկրաինական ճգնաժամի ամենաբացասական հետևանքը: Անկարայի համար «Սառը պատերազմի» ավարտի և ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր օգուտն այն էր, որ Ռուսաստանը, որին Թուրքիան 300 տարի դիտարկել է որպես աշխարհաքաղաքական գլխավոր սպառնալիք, այժմ հետ քաշվեց Կովկասից դեպի հյուսիս և զրկվեց Սև ծովում իր երբեմնի ազդեցությունից:

Սակայն վերջին վեց տարվա իրադարձությունների ֆոնին Թուրքիան մեծապես կորցրեց նախորդ դարի վերջին ձեռք բերած դիրքերը: Նախևառաջ դա տեղի է ունեցավ 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի դաշնակից Վրաստանը պարտություն կրեց, իսկ ռուսական բանակը «Սառը պատերազմի» ավարտից ի վեր առաջին անգամ իջավ Կովկասյան լեռներից դեպի հարավ և անգամ ռմբային հարվածներ հասցրեց Թբիլիսիին:

Ռուսաստանը բառացիորեն մեկ քայլով էր հետ (Վրաստանի) օկուպացումից: Եթե Վրաստանն անհետանա որպես ինքնուրույն պետություն, ապա Ռուսաստանն ու Թուրքիան ցամաքում վերստին կդառնան հարևաններ, ինչն ընդհանրապես անցանկալի արդյունք է Թուրքիայի համար:

Եվ երկրորդ՝ ուկրաինական ճգնաժամը. Ռուսաստանը տիրել է Ղրիմին: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը Սև ծովում վերստին վերածվում է գերակայող ուժի: Դա նույնպես չի կարող դրական իրադարձություն հանդիսանալ Թուրքիայի համար: Ռուսաստանի կողմից Ղրիմին տիրելը մեծացրեց Թուրքիայում Ռուսաստանը որպես պոտենցիալ սպառնալիք դիտարկելը:

Դա կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-թուրքական հարաբեդրությունների վրա: Վերջին 20 տարում Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ստացել են նման զարգացում, քանի որ Թուրքիան հեռու է գտնվել ռուսական էքսպանսիայի սպառնալիքից: Դա պայմանավորաված է եղել յուրօրինակ «բուֆերային» գոտիների առկայությամբ՝ ի դեմս Վրաստանի, ով ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ և Ուկրաինայի, ով «ծածկում» է Ռուսաստանի հետ ծովային սահմանը:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից և 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո այդ «բուֆերային» գոտիները սկսեցին չքանալ: Երկու կարևոր շրջանում՝ Աբխազիայում ու Ղրիմում ռուսական ներկայությունն անդառնալի է:

Եվ վերջապես, 2011 թվականին միջամտելով Սիրիական ճգնաժամին՝ Թուրքիան կրեց խոշոր պարտություն: Ակնհայտ է, որ Սիրիայի հանդեպ քաղաքականությունում խոշոր պարտություն կրելուց հետո Թուրքիան կխուսափի որևէ այլ երկրի (Իրաք) գործերին միջամտելուց: Բոլոր այն կողմերին, ում Թուրքիան աջակցել է Եգիպտոսում ու Սիրիայում (նաև Վրաստանում), պարտություն են կրել:

Այսօր Մերձավոր Արևելքում գործնականում չի մնացել Թուրքիայի հանդեպ բարեկամակաբար տրամադրված որևէ երկիր: Առանցքային մայրաքաղաքները, ինչպիսիք են Դամասկոսը, Թել Ավիվը, Կահիրեն, Բաղդադը, ոչ միայն Թուրքիան չեն համարում իրենց դաշնակից, այլև ակնհայտորեն սկսում են դիրք զբաղեցնել բարիկադներից այն կողմ:

Ձախողումների պատճառն այն էր, որ Թուրքիան չի փորձել վարել այնպիսի քաղաքականություն, որն ուղիղ համեմատական կլիներ նրա պոտենցիալին»:

Տեսանյութեր

Լրահոս