Շարբաթյանի գործով ցուցմունք տվեցին Դիլոյանն ու Վերանյան եղբայրները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվող փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ դռնբաց դատական նիստը ամբաստանյալների հարցաքննության փուլում է:
Նախորդ՝ հունիսի 12-ին տեղի ունեցած նիստին ցուցմունք տված Արտակ Վերանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ ամբաստանյալին հարցեր էին ուղղել մեղադրող և պաշտպանական կողմերը: Այս նիստին դատարանը շարունակեց հրապարակել ցուցմունքներում առկա հակասությունները: Ա. Վերանյանը խնդրեց չհրապարակել դրանք՝ պատճառաբանելով, որ այն, ինչ իրականում տեղի է ունեցել, ինքը դատարանում հայտնել է, իսկ դրանից դուրս նախաքննական ցուցմունքներում ասվածը քննիչի ուղղորդելու, շփոթմունքի մեջ գցելու և իր՝ այդ պահի հոգեվիճակի արդյունք է եղել:
Դատավորը պարզաբանեց, որ ըստ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337 հոդվածի» դատարանը պարտավոր է հրապարակել նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները և դրանց առնչությամբ լսել ամբաստանյալի դիրքորոշումը: Դատարանը շարունակեց հրապարակել հակասություները, և Արտակ Վերանյանին դատավարության մասնակիցների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր:
Արտակ Վերանյանն ասաց, որ հեռուստատեսությամբ լսելով դեպքի մասին՝ դանակի և մարտական զենքի գործադրմամբ խմբի կազմում դիտավորյալ սպանություն՝ ինքը ներկայացել է ոստիկանություն, պատմել իսկությունը, որ դանակ ու մարտական զենք չի եղել, առավել ևս՝ սպանություն խմբի կազմում: Ս.Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը: Երբ նա զենք է հանել իր վրա, զենքը խլելու նպատակով նետվել է դեպի Շարբաթյանը, կախվել ձեռքից, քաշքշել են իրար, այդ ընթացքում զենքը Շարբաթյանի ձեռքից խլելով՝ մեկ անգամ հարվածել է՝ զենքը իր ձեռքի մեջ բռնած:
Նախաքննական առաջին ցուցմունքում նա փորձել է ընդհանուր պատկերը վերարտադրել, մինչդեռ ըստ նրա՝ քննիչներն իրեն ասել են՝ այլ կերպ տրված ցուցմունքներ կան, դու էլ տենց ասա, մի կոնկրետացրու, անորոշ թող, ՙմեզ լողալու տեղ թող՚, (այս վերջին արտահայտությունը Ա. Վերանյանը կրկնեց մի քանի անգամ դատավարության մասնակիցների նմանօրինակ հարցերին պատասխանելիս): Ասաց, իբր քննիչներն իրեն ասել են՝ ՙրՉՏՊՍՈ՚ , որ մարտական զենք ա եղել, բայց էդ մասով չեն քննում, ինքն էլ էս մասով պետք է նրանց ասածն անի՝ հատկապես որ եղբոր՝ Արենի և Սամվել Դիլոյանի վրա էլ բան չկա, ինքը նրանց անունը չի տալիս, բայց թող չասի էլ, թե նրանք վեճին չեն մասնակցել, թող ասի՝ չեմ տեսել, չգիտեմ, անորոշ թողնի:
Պաշտպանները դատարանի ուշադրությունը հարվիրեցին չեմ տեսել-չգիտեմ բառախաղը, անորոշ թողնելու հանգամանքը, որպես քննչական հնար օգտագործելու հանգամանքի վրա: Ս. Դիլոյանը նշեց, որ այս պրակտիկան իր հանդեպ էլ են փորձել կիրառել՝ չի ստացվել:
Դեպքի օրվա, նոյեմբերի 17-ին Էլդորադո ռեստորանում դրան նախորդած հանդիպման, դրանից էլ առաջ Էդվարդ Խլղաթյանի՝ իր հետ այդ հանդիպումը կազմակերպելու համար հեռախոսազրույցի մասին մանրամասն, սպառիչ ցուցմունք տվեց Սամվել Դիլոյանը: Նա ասաց, որ նոյեմբերի 17-ին Էլդորադոյում կայացել է հանդիպում՝ իր, Արտակ և Արեն Վերանյանների, Ս. Շարբաթյանի և Է. Խլղաթյանի մասնկացությամբ: Շատ ջերմ մթնոլորտ է եղել, Շարբաթյանը հավանություն է տվել իր քրոջ աղջկա՝ Տաթևիկի և Արտակի հարաբերություններին՝ խոստանալով խոսել քույրերի հետ, որոնք կարծես դեմ էին այդ հարաբերություններին: Միևնույն ժամանակ նշել է, որ ինքն այս ամենն ասում է՝ որպես Տաթևիկի քեռի, բայց վերջին խոսքը Տաթևիկի ծնողներինն է և քանի որ նրա հայրը գտնվում է ՌԴ-ում, Արտակը պետք է մինչև ամանոր սպասի հայրը գա, որոշում կայացնեն:
Մինչև ուշ երեկո ջերմ զրուցել են, Շարբաթյանի հետ արդեն մոտ ապագայում նշմարվող բարեկամության ակնկալիքով նրան քեռի են ասել, և փոխադարձ հարգալից վերաբերմունք է եղել: Արդեն դեպքի օրը՝ նոյեմբերի 18-ին, Դիլոյանին է զանգահարել Է. Խլղաթյանը և ասել, որ Ս. Շարբաթյանը գնալու է և տղաներին հրավիրում են նրան ճանապարհելու: Դիլոյանը, թեև սկզբում փոքր-ինչ առարկել է, բայց ի վերջո համաձայնել է և վերցնելով իր համար ուղարկված կոնյակը՝ գնացել Մուշ, զանգահարել և այնտեղ է կանչել նաև Արտակին և Արենին՝ ասելով որ իրենց հետ ուտելիք բերեն, քանի որ Մուշը չի աշխատում, ու իրենք էլ ոնց-որ թե պիտի մի քիչ երկար նստեն:
Մուշում է եղել նաև Հայկը՝ Շարբաթյանի քրոջ որդին: Ծանոթացել են, զրուցել. իմանալով, որ նա բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է, բայց մարզչի հետ խնդիրներ ունենալով թողել է սպորտը՝ Դիլոյանը խոստացել է միջնորդել, հարթել այդ կոնֆլիկտը, որ Հայկը շարունակի բռնցքամարտով զբաղվել:
Ըստ Դիլոյանի՝ նախորդ օրվա պայմանավորվածության առթիվ որևէ խոսք չի եղել մինչ այն պահը, երբ արդեն գինովցած Շարբաթյանն ասել է, որ իր կոնյակը վերջացել է: Արտակն ասել է՝ քեռի ջան, էսա կկազմակերպեմ, կբերեն: Զանգահարել է մի քանի ժամ առաջ այդտեղից գնացած Արենին, որ Շարբաթյանի համար կոնյակ բերի: Այդ ընթացքում, քանի որ Արենն էլ ուշանալիս է եղել, Շարբաթյանի կրքերն ավելի են բորբոքվել և նա Արտակին ասել է՝ քեզ աղջիկ չկա տալու, մենք սենց փեսա չենք ուզում, մի կոնյակ էլ չես կարում բերես…
Դիլոյանը փորձել է հանգստացնել, Հայկն էլ Խլղաթյանին է կանչել (ով այդ օրը մի քանի անգամ գնացել եկել է գործերով, ինչ-եր մեդալ էր ստացել): Խլղաթյանի գալուց հետո Շարբաթյանը հանդարտվել է, սակայն երբ նա նորից է սենյակից դուրս եկել, Շարբաթյանը Արտակին դուրս է հրավիրել:
Դիլոյանն ամեն կերպ փորձել է չթողնել՝ ասելով, որ եթե բան ունեն զրուցելու, սենյակում զրուցեն, ինքը կարող է դուրս գալ: Ի վերջո Արտակը Դիլոյանին համոզել է և Շարբաթյանի հետ դուրս են եկել: Դիլոյանն էլ նրանց աննկատ հետևել է՝ հանկարծ ինչ-որ բան չպատահի: Նա ենթադրում է, որ իր հետևից դուրս է եկել նաև Հայկը: Ռեստորանից դուրս գալիս Դիլոյանը նկատել է Արենի մեքենան, մի երկու բառ էլ իրար հետ փոխանակել են, Արենը հարցրել է՝ էս ի±նչ ա պատահել, որ դուրս են եկել: Ըստ Դիլոյանի՝ դա տևել է վայրկյաններ: Այդ ընթացքում ինքը տեսադաշտից բաց չի թողել Արտակին և Շարբաթյանին՝ սևեռված լինելով նրանց վրա, որ հարկ եղած դեպքում կռիվ թույլ չտա: Մեկ էլ հանկարծ բարձր ձայնով Շարբաթյանը հայհոյել է Արտակի ու խփել: Դիլոյանը ցանկացել է մոտենալ, Արտակը գոռացել է. ՙԶենք ա հանել, ձեռին զենք կա, չմոտենաք՚: Դիլոյանն ու Արենը հապաղել են մի պահ՝ չցանկանալով Շարբաթյանին դրդել կրակելու գործողության:
Դիլոյանը պատմում էր, որ Արտակը թռավ, ձեռքից կառչեց, փորձեց խլել զենքը, այդ ընթացքում, երբ զենքը խլել էր արդեն, բայց Շարբաթյանը բաց չէր թողնում նրան, վերջինիցս ազատվելու համար զենքը ձեռքի մեջ պահած հարվածել է նրան: Երբ Արտակը խլել է զենքը, մոտեցել է տղաներին, տեսել է, որ մարտական չէ, պլևմատիկ զենք է ու Շարբաթյանին ասել է՝ էս սրանո±վ էիր ուզում գյուլլես, մի քանի անգամ կրակել է գետնին, ապա, երբ Շարբաթյանը շարունակել է հայհոյել՝ նաև նրա ուղղությամբ, որի ժամանակ նա փորձել է պաշտպանել դեմքը:
Ըստ Դիլոյանի՝ իրենք Շարբաթյանին դեպքի վայրում թողել են կանգնած, նա շարունակում էր հայհոյել. Արենն ասել է՝ լավ, խմած ա, գնանք, էգուց կգանք, կլրջանա, կխոսենք, թե խի ա իրան սենց պահել: Հեռանալիս տեսել են իրենց ընկերներին՝ գործով վկա Տիգրանին, Գուրգենին և Աղասուն, ովքեր հարցրել են՝ էն ո±վ ա ընդեղ քրֆում, Արենն ասել է՝ ամեն ինչ նորմալ ա, տղերք, գնացեք, թաղում կտենանք, կխոսանք:
Նստելով իրենց մեքենան՝ գնացել են Վերանյաններին պատկանող բիլիարդանոց, որոշ ժամանակ անց Էլ Խլղաթյանը զանգել է Դիլոյանին, ասել՝ դրան (երևի՝ Արտակին – հեղ.) ասա՝ գա իրա ՙտրուպին՚ տեր կանգնի, էս տրուպը իմ վրա չի կարա մնա, էս ի±նչ հարբած խաղեր ա:
Դիլոյանը սկզբում կարծել է, թե Խլղաթյանը կատակում է և Շարբաթյանի հարբածության համար է ասում մեռել է, խորհորդ է տվել լիմոն, հանքային ջուր տալ, իսկ երբ Խլղաթյանն ասել է, որ Շարբաթյանը մահացել է՝ ասել է. ՙՄենք ըտեղ տրուպ չունենք, որ գանք տեր լինենք՚:
Դիլոյանն ասաց նաև, որ եթե իրենց հեռանալու պահին Սամվել Շարբաթյանը ոտքի վրա չլիներ, ոչ մի տեղ չէին հեռանա, օգնություն ցույց կտային իրենց հարազատին: Հետագայում ոստիկանություն չներկայանալը և թաքնվելը նա բացատրեց ոստիկանության տարածած ապատեղեկատվությամբ, որ մարտական զենք է եղել, դանակ, և խմբի կազմում տեղի է ունեցել դիտավորյալ հանցագործություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում:
Դիլոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև հակասություններ չկային: Նա պատասխանեց թե մեղադրող կողմի, թե պաշտպանական կողմի հարցերին, մեղադրող դատախազի միջնորդությամբ անգամ լրացուցիչ հարցաքննվեց՝ տալով սպառիչ ու հանգամանալից պատասխաններ:
Արեն Վերանյանի ցուցմունքներում ևս հակասություններ չկային, նա չցանկացավ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին` դատական նիստն անհարկի չձգձգելու համար:
Դատարանը հրապարակեց տուժողի կնոջ՝ Սաթիկ Սարգսյանի անվամբ դատարանի գրասենյակ 05.06.2014 թ. մուտքագրված դիմումը: Այն ներկայացվել էր առանց ծրարի, չկար դիմումատուի անձնագրային տվյալները: Սրա վերաբերյալ պաշտպանական կողմը հայտնեց, որ իրենք ողջամիտ կասկածներ ունեն, նաև տեղեկատվություն, որ անծրար, առանց անձնագրային տվյալների և իրենց կարծիքով՝ ոչ օրիգինալ ստորագրությամբ դատարանի գրասենյակ մուտքագրված դիմումը գրված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակում՝ առանց Սաթենիկ Սարգսյանի ներկայության:
Այս դիմումին ընթացք տալու վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի ներկայացուցիչ Լևոն Գոգինյանն ասաց, որ պիտի հաշվի առնվի Հասմիկ Մանուչարյանի կարծիքը, ով հունիսի 25-ին՝ երկրորդ օրը շարունակվող դատական նիստին չէր մասնակցում աշխատանքային զբաղվածության պատճառով: Հ.Մանուչարյանը հրավիրվեց դահլիճ. հայտնեց, որ դիմումից ոչինչ տեղյակ չէ, ասաց, որ եթե ինչպես դիմումում է նշված՝ Ս. Սարգսյանն ուներ ձայնագրություն, այն կարող էր ներկայացնել այն ժամանակ, երբ տուժողի իրավահաջորդ էր:
Դատարանը բավարարեց մեղադրողի՝ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Պետրոս Մարտիրոսյանի՝ Սաթենիկ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու և Հասմիկ Մանուչարյանի գործով վկա Էդվարդ Խլղաթյանին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու միջնորդությունները:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 12-ին` նկատի ունենալով, որ դատավորը հուլիսի 1-ից մեկնելու է հերքական արձակուրդ:
Հովհաննես Սարդարյան