Օրակարգում են բուժօգնության որակի և անվտանգության բարձրացման հարցերը
Մեր երկրի բնակչության անվտանգության ու հանրության առողջության պաշտպանության համար ՀՀ առողջապահության նախարարությունը բուժօգնության որակի և անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք համալիր միջոցառումներ է իրականացնում: Ինչպես մեզ հետ զրույցում ասում է առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, բուժծառայությունների որակի բարելավման արդյունքում մարդը պետք է ստանա որակյալ բուժօգնություն: Այն ներառում է ախտորոշումը, որակյալ հետազոտությունները, բուժման ճիշտ տակտիկան, դեղորայքը և արդյունքը:
Ըստ մեր զրուցակցի, բուժօգնության որակի ապահովման գործում նախարարությունը ստեղծելու է կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կընձեռի կատարել բուժօգնության որակի փորձաքննություն, վերլուծություն և գնահատում: Ընդ որում, դրանք միմյանց հաջորդող և փոխկապակցված գործառույթներ են: Բժշկական փորձաքննության նպատակն է` պարզել բուժօգնության իրականացման ընթացքում ծագած հարցերի և հիմնախնդիրների պատճառահետևանքային կապը:
Վահան Պողոսյանի ներկայացմամբ, նախևառաջ, պետք է հստակեցնել օրենսդրական դաշտը, որով կկարգավորվի հիվանդ-բժիշկ կամ բուժհիմնարկ-հիվանդ փոխհարաբերությունը, կսահմանվի պարտադիր պահանջ-պայմաններ ինչպես` հիվանդների, այնպես էլ՝ բժիշկների և բժշկական համակարգում աշխատողների համար, ընդհուպ` մինչև բուհական և հետբուհական կրթություն ստանալու անհրաժեշտությունը:
Այս ամենն իրականացնելու համար ՀՀ կառավարությունն ընդունել է որակի կառավարման հայեցակարգ, որով, Վահան Պողոսյանի խոսքերով, սահմանվում են չափորոշիչների մշակում, ներդրում, որակի խորհուրդների կազմակերպում, որոնք էլ պետք է վերահսկեն այդ ամենը. «Քայլ առ քայլ իրականացնում ենք մեր առջև դրված ծրագրերը: Առողջապահության նախարարի կողմից վարվող քաղաքականության արդյունքում մենք ավելի խստացրել և հստակեցրել ենք բուժօգնության որակը և անվտանգության խնդիրները: Բուժհիմնարկներ այցելությունների ընթացքում, երբ առողջապահության նախարարը տեսնում է, որ փաստաթղթերը, այն չափորոշիչներով նկարագրված գործառույթները տեղերում խախտված են, չեն իրականանում կամ թերի են իրականանում, իսկ որոշակի գործառույթների հետ կապված, նույնիսկ, դեռևս փաստաթուղթ՝ հրաման-որոշում չկա, ապա արագ արձագանքում է և հանձնարարություն է տալիս դրանք արագ շտկել, վերացնել: Սրանք համալիր միջոցառումներ են, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և բուժմանը, այսինքն՝ ի շահ ժողովրդի»:
Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ` ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում և նաև շտապօգնության ծառայությունում գործում են նախարարի հրամանով հաստատված նորմատիվային ակտեր՝ չափորոշիչներ, որոնք որակական և կլինիկական չափորոշիչներ են իրենցից ենթադրում. «Բուժհիմնարկները պետք է պահպանեն այս չափորոշիչների տառը և նախարարության այն ստորաբաժանումները, որոնք կոչված են հետևելու, վերահսկելու այդ գործառույթները, բնականաբար, պետք է կատարված գործը համեմատեն այդ չափորոշիչների հետ»:
Վահան Պողոսյանը նաև պարզաբանում է, թե առողջական խնդիր ունեցող քաղաքացին առողջապահական ո՛ր օղակից պետք է սկսի: Ըստ նրա` հիվանդը, նախևառաջ, պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա, որտեղից էլ` անհրաժեշտության դեպքում, տեղամասային բժշկի ուղեգրմամբ, պետք է դիմի այս կամ այն բուժհիմնարկ, որտեղ գործում են նշյալ չափորոշիչները: Դրանք հստակ սահմանում են, թե առաջնային ինչպիսի գործիքային և լաբորատոր հետազոտություններ պետք է կատարվեն տվյալ հիվանդի համար, և, որ դրանցից որևէ մեկը չպետք է պակասի:
Այդ նպատակով համակարգում ներդրվել են իրազեկման թերթիկներ, որոնք պացիենտներին կտեղեկացնեն, թե տվյալ բուժհիմնարկում նրանց բժշկական ինչ ծառայություն պետք է մատուցվի:
«Երբեմն բողոքները, գանգատները շատ են լինում, քանի որ մեր հանրությունը ճիշտ չի գնահատում իր իրավունքները, ստանալիքը, իրեն տրվածը և սկսում է բողոքել»,- ասում է պարոն Պողոսյանը:
Առողջապահության նախարարությունում վերջերս ստեղծված նոր ստորաբաժանումը՝ Պետական առողջապահական տեսչությունը, որն իր կազմում ունի դեղորայքի, դեղատների, ինչպես նաև բուժօգնության որակի, հիգիենիկ հակահամաճարակային խնդիրների և աշխատանքի պայմանների վերահսկման գործառույթներ, նույնպես մշտադիտարկում է անելու: Ըստ մեր զրուցակցի. «Մենք մշտադիտարկող խմբեր ենք նշանակել, որոնք մշտապես այցելելու են բուժհիմնարկներ և հետևելու են, թե արդյո՞ք բժիշկ-հիվանդ, բուժհիմնարկ-հիվանդ հարաբերությունները ճիշտ են կարգավորվում»:
Նախարարության պաշտոնյան թե՛ բժիշկներին և թե ազգաբնակչությանը կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և հստակ առաջնորդվել Առողջապահության նախարարության կլինիկական չափորոշիչներով ու ուղեցույցերով. «Միայն այդ ճիշտ իրավական դաշտում կարող է բուժօգնությունը լինել որակյալ, մատչելի, անվտանգ և հասանելի»:
Պարոն Պողոսյանն, անդրադառնալով առողջության պահպանման առաջնային օղակին, մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն այս օղակում բժշկական որակի բարելավման ուղղությամբ մի շարք միջոցառումներ է իրականացրել: Որակի հայեցակարգի շրջանակներում կրթվել են ամբուլատոր-պոլիկլինիկաների բուժաշխատողները: Շուրջ 50 մասնագետներ էլ վերապատրաստվել են` որպես որակի խորհրդատուներ. «Առաջնային բուժօգնության օղակը, մեծ մասամբ, պետք է զբաղվի բնակչության առողջության պահպանումով և ոչ թե` հիվանդաբուժությամբ»: