Ինչու վաղը Երևանում տոն չի լինելու

Վաղը Վրաստանը կստորագրի Եվրոասոցացման համաձայնագիրը, իսկ երեկոյան Թբիլիսիում նախատեսվում է մեծ տոնախմբություն: Վրացիներն իսկապես ուրախանալու առիթ ունեն, վաղվանից նրանք դառնում են Եվրոպական, կամ, ավելի ընդհանրական ձևակերպմամբ, արևմտյան քաղաքական և քաղաքակրթական համակարգի մի մասը: Այդ ճանապարհը նրանք սկսել էին դեռևս Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք, ինչն ավելի արմատական և դինամիկ դարձավ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում: Պետք է նկատել, որ եվրոպական ընտրությունը ոչ միայն Վրաստանի կառավարիչների, այլ նաև Վրաստանի հասարակության ընտրություններ էր: Եվրամիության հետ ասոցիացիան Վրաստանին հեշտ չտրվեց:

Վրաստանն այդ նպատակին հասնելու համար բավական մեծ գին վճարեց՝ փաստացի կորցնելով վերահսկողությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, պատերազմի մեջ մտնելով ռազմական առումով իրենից անհամեմատ ուժեղ Ռուսաստանի հետ: Բայց նույնիսկ այդ տարածքների կորստի վտանգը չստիպեց Վրաստանին հետ կանգնել իր ընտրած ճանապարհից:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու դրա մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը Վրաստանի համար տնտեսական զարգացման մեծ հեռանկարներ է բացում: Եվրոպական կես միլիարդանոց շուկան ավելի հասանելի կդառնա Վրաստանում արտադրված ապրանքների համար, կավելանան եվրոպական ներդրումները, ըստ փորձագետների` կբարձրանա տնտեսական աճի տեմպը: Ասոցացման համաձայնագիրը կստիպի, որ Վրաստանում անցկացվեն նաև ներքին ռեֆորմներ. օրինակ` դատաիրավական համակարգը կհամապատասխանեցվի եվրոպականին, ոչ թե խոսքով, այլ իրական քայլեր կձեռնարկվեն գործարար միջավայրի բարելավման և տնտեսության հակամենաշնորհայնացման ուղղությամբ, բարեփոխումներ կկատարվեն ընտրական և քաղաքական համակարգում:

Այս իմաստով Վրաստանն ավելի առաջ էր տարածաշրջանի բոլոր երկրներից, բայց Ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հետո դրանք ամբողջովին կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:

Կարդացեք նաև

Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրեց 2013թ. նոյեմբերի 28-ին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովի ժամանակ: Այդ գագաթաժողովին մասնակցեց նաև Հայաստանը, բայց, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանն այդտեղ մասնակցում էր դիտորդի կարգավիճակում: Հայաստանը չորս տարի բանակցել էր Եվրամիության հետ, Ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ պատրաստ էր, և նույնիսկ շամպայններ էին բացվել այդ ուրախալի առիթով: Բայց նախագահ Սերժ Սարգսյանը մեկ օրում փոխեց Հայաստանի զարգացման վեկտորը, սեպտեմբերի 3-ին հայտարարելով, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը: Իհարկե, Հայաստանը մինչև այսօր չի անդամակցել այդ միություններից և ոչ մեկին, և առայժմ հնարավոր էլ չէ ասել, թե դա երբ տեղի կունենա:

Բայց խնդիրն այլ է. երբ Սարգսյանը հայտարարեց եվրոասոցիացումից հրաժարվելու մասին, Հայաստանում գրեթե ոչ ոք չընդվզեց այդ որոշման դեմ: Երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ Եվրասիական միությանն այլընտրանք չկա, կամ այդ գործընթացը համարեցին անշրջելի: Իսկ հասարակությունը Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը համարեց իրերի բնական վիճակին համահունչ` «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսի շրջանակներում:
Հայաստանի իշխանության և ընդդիմության համար Եվրասիական միությանն անդամակցելու հիմնական փաստարկը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումն է:

Դա նշանակում է, որ Հայաստանը չի կարող ապահովել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի` այլ նաև իր պետական անվտանգությունը: Այս գաղափարը տևականորեն ներարկվել է նաև հասարակության գիտակցության մեջ, և հասարակությունը ևս իր անվտանգության երաշխավոր է համարում ոչ թե սեփական պետությանը, այլ Ռուսաստանին:

Ռուսաստանն ակտիվորեն բանակցում է Ադրբեջանի հետ` փորձելով այդ երկրին ևս ընդգրկել Եվրասիական միության կազմում: Շատերը կարծում են, որ դրա գինը կարող է լինել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը, քանի որ ռուսները ոչ թե ակնարկում, այլ բացահայտ հայտարարում են, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել միջազգայնորեն ճանաչված սահմաններով այսինքն` առանց Ղարաբաղի: Քանի որ մենք ի սկզբանե համաձայնվվել ենք, որ Ռուսաստանն է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ապա ստացվում է, որ պարտավորված ենք ընդունելու նաև, որ այդ երաշխավորը կարող է մեր փոխարեն որոշումներ կայացնել: Հաաստանի միակ հույսը կարող է լինել այն, որ Ադրբեջանն իր ինքնիշխանությունն ավելի բարձր գնահատի, քան Ղարաբաղը վերադարձնելը:

Ցավոք, Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ՌԴ դեսպանատուն թարգմանչի ուղեկցությամբ գնալով, և ոչ թե երկրի ճակատագիրն ինքնուրույն որոշելու և սեփական ճակատագրին տեր լինելու հնարավորությամբ: Այլապես վաղը Երևանում ևս տոն կլիներ:

Տեսանյութեր

Լրահոս