Նոր խոչընդոտ՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ճանապարհին
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու ճանապարհին մի նոր խոչընդոտ է ի հայտ եկել: Երեկ Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ միությանն անդամակցության դեպքում Հայաստանը պետք է փոխհատուցի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ իր գործընկեր երկրներին և դրա համար հարկավոր է բանակցել ԱՀԿ հետ: Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը միանա ԵՏՄ-ին, ՀՀ-ում գործելու է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տարածքում սահմանված միասնական մաքսային սակագինը, որը տարբերվում է ԱՀԿ հանդեպ ՀՀ պարտավորություններից, և փոխհատուցման հարց է առաջանում:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ:
– Պարոն Խաչատրյան, որքա՞ն գումարի մասին է խոսքը:
– Գումարի չափը հնարավոր չէ ասել ինչքան է, դա կախված է նրանից, թե ՀՀ ներկրվող ապրանքատեսականին ո՞ր երկրներից է, այդ երկրները հանդիսանո՞ւմ են ԱՀԿ անդամ, թե՞ ոչ: Խնդիրը սա է, բայց փաստն ինքնին արդեն անհանգստացնող է: Հարցն այն է, որ մեր երկրի իշխանավորները այդ փաստին լուրջ չեն վերաբերվել: Սեպտեմբերի 3-ից հետո ոչ մի անգամ ԱՀԿ-ի հետ հարաբերությունները որպես խնդիր չի դիտվել ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցելու հարցում: Այսօր դա խնդիր է դիտվում և դա արդեն անհանգստացնող է, դա նախազգուշական քայլ է, որ իրենք հայտարարում են, որ չեն ուզում այդ բեռն իրենց վրա վերցնել: Այդ բեռը ՀՀ-ինն է և թող ինքն էլ լուծի: Բայց դրան վերջ ի վերջո պետք է անդրդադառնալ, որովհետև ԱՀԿ-ն անլուրջ կազմակերպություն չի, որ ինքն իր որոշումները չհարգի, իսկ ՀՀ իշխանություններն այդպես են վերաբերվում:
– Այսինքն, սա առիթ կհանդիսանա՞, որ ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը հետաձգվի:
– Այո, իհարկե: Դա երկարաժամկետ գործընթաց է: Երբ ՀՀ-ն փորձում էր ԱՀԿ անդամ դառնալ, մոտ 5 տարի շատ ինտենսիվ աշխատանքներ է տարել ամեն մի երկրի հետ, գործնական քննարկվել են խնդիրները և ամեն մի երկրի հետ առանձին, որովհետև դա այն կազմակերպությունն է, որտեղ բոլորը կողմ պետք է լինեն, քանի որ այնտեղ կոնսենսուսով են հարցերը լուծվում: Հիմա նույն գործընթացը հակառակ ուղղությամբ պետք է տանել, այսինքն, այն ապրանքատեսակը, որոնց մաքսադրույքաչափերը բարձրանալու են, այն երկրները, որ արտահանում են ՀՀ, պահանջելու են ներկայիս գործող նույն դրույքաչափերը՝ 5-10%, իսկ տարբերությունը փոխհատուցելու է ՀՀ-ն: Իսկ թե տվյալ դեպքում ինչու է ՄՄ-ն հարցը բարձրացնում, որովհետև ՄՄ-ին անդամակցելուց հետո դրա պատասխանատվությունն ընկնում է ՄՄ-ի վրա: Այժմ հարց է բարձրանում՝ եթե հիմա, օրինակ մսի ներկրման մաքսատուրքը 10% է, ՄՄ անդամակցելուց հետո դառնա 20%, այդ 10% տարբերությունն ով է տալու: ՀՀ-ն այդ գումարը պետք է տա ՄՄ-ին, կամ պետք է տա ԱՀԿ-ին: Խնդիրը սա է: Եվ այստեղ, հաշվի առնելով, որ հրապարակային ոչ մի արձագանք չի եղել մինչև հիմա ԱՀԿ այդ խնդրին, սա նշանակում է, որ վերջին պահին ինչ-որ մի խնդիր է առաջացել ՀՀ անդամակցության հետ կապված:
– Հնարավո՞ր է, որ որքան էլ ԵՏՄ հիմնադիրներն արտաքուստ ողջունում են ՀՀ անդամակցությունը, բայց իրենք հատուկ են հետաձգում՝ ժամանակ առ ժամանակ նոր խոչընդոտի մասին բարձրաձայնելով:
– Հնարավոր է, նաև հայտնի հայտարարությունը, որ հնչեց Աստանայում, սա էլ կարող է այդ շարքից է, բայց սրա հիմքը տնտեսական է: Այսինքն, քաղաքական դրդապատճառ կա, բայց հիմնավորումը տնտեսական է, որից խուսափել չի կարելի: Ինչ-որ մի նոր խնդիր է առաջացել, որի հիմնավորման համար տնտեսական առիթն է օգտագործվում:
– Սա լա՞վ է թե՞ վատ, որ ՀՀ անդամակցությունը հետաձգվում է, որովհետև ընդդիմադիրներն էլ ասում էին, որ շտապում ենք ՄՄ-ին անդամակցելու հարցում:
– Դեմ կամ կողմ լինելու խնդիրը ոչ իմ, ոչ էլ իմ գործընկերների համար ինքնանպատակ չի եղել: Ե´վ եվրաասոցացման համաձայնագրի շրջանակներում, և´ այստեղ մենք ասում ենք՝ ամբողջ խաղաթղթերը բացեք, ինչ են տալիս մեզ, հասկանանք ինչ ենք ստանում, ինչ ենք կորցնում, որն է մեր առավելությունը, որն է մեր թերությունը, բայց այդպես էլ այդ պատասխանները չստացանք ո´չ ԵՄ, ո´չ ՄՄ կողմից: Եթե սա մինչև վերջ բացահայտված լիներ, կարելի էր գնահատական տալ, որովհետև տնտեսական առումով, եթե գազի հանգամանքը հաշվի չենք առնում, այս փուլում ազդեցությունը միանշանակ բացասական է լինելու, տեղի է ունենալու գների աճ: Այն բոլոր խոստումները, որ տալիս են իշխանության, իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում և ԱԺ պատգամավորները, ես դրանք լուրջ չեմ ընդունում, որովհետև որևէ հաշվարկ այդտեղ չկա, ընդամենը իրենց ցանկություններն ու իրենց երևակայություններն են, կամ գոյություն չունեցող պատկերացումները ՄՄ կամ ԵՏՄ անդամակցելու դեպքում, որ ՀՀ-ն այնպիսի մի հնարավորություն է ստանում, 200 մլն-անոց շուկա, տնտեսական մեր զարգացվածությունը համընկնում է մյուս երկրներին, կկարողանանք անսահմանափակ արտահանել ԵՏՄ: Ես դրանք լուրջ չեմ ընդունում: Նման տնտեսություն չի լինում: Սա ուղղակի շատ ցածր մակարդակի տնտեսական վերլուծություն է և լուրջ չէ: Այնպես որ, այս պահին Եվրասիական կամ Մաքսային միությանն անդամակցելը միանշանակ բացասական է լինելու ՀՀ քաղաքացիների և բիզնեսի համար, որովհետև ի վերջո խաղի կանոններ են փոխվելու, իսկ մենք ավելի շատ սովորել էինք եվրոպական կառույցների հետ աշխատել՝ մաքսային, հարկային, ֆիտոսանտիարիայի և այլ ոլորտներում: Եվ մենք կարծես պատրաստ էինք այնտեղ աշխատել, թեև մրցակցային պայմաններն ավելի խիստ էին: Ապագայի առումով այնտեղ ավելի լավ էր: Գնահատակնն այն է, որ եվրոպական ասոցացման շրջանակներում մեր տնտեսական առավելությունները մինչև 2025 թ. չէին երևալու, շատ չնչին տոկոս էինք շահելու: ՄՄ դեպքում այդպիսի մի հաշարկ կար, որ շատ արագ հերքվեց, որ 1-2 տարի անց 4-5% տնտեսական աճ էինք ապահովելու: Իրականում դա լինելու է 2020-22 թթ-ին: Այսինքն, տարբերությունն այդքան մեծ չէ, բայց գազի հանգամանքը պետք է առանձնացնել: