Պրոստատիտ. Ինչպես ախտորոշել և բուժել
Պրոստատիտը դա շագանակագեղձի բորբոքումն է: Հանդիպում է միջին հասակի տղամարդկանց մոտ:
Դասակարգումը
Սուր պրոստատիտ (Acute prostatitis)
Քրոնիկական պրոստատիտ (Chronic prostatitis)
Սուր պրոստատիտ
Այս հիվանդությունը համարվում է շատ ծանր հիվանդություն, որի ժամանակ շագանակագեղձի բորբոքումը կրում է սուր և առողջությանը սպառնացող բնույթ: Ախտանշաններն են` դժվարամիզություն, հաճախամիզություն, մեջքի ստորին հատվածի ցավեր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ, ընդհանուր թուլություն, երբեմն` սուր միզակապություն (շագանակագեղձի այտուցի հետևանքով):
Ախտորոշում
Մեզի միջին բաժնի ընդհանուր քննություն և ցանքս (culture)` միկրոբների և անտիբիոտիկների զգայունությունը որոշելու նպատակով: Այս հիվանդության ժամանակ դիտվում է նաև ՊՍԱ-ի բարձրացում:
Բուժում
Հակաբակտերիալ, հակաբորբոքային և ինֆուզիոն բուժում: Երբեմն կարիք է լինում նաև շագանակագեղձի ներմիզուկային վիրահատության (ապսցեսի խոռոչը բացելու և թարախին հոսք տալու նպատակով):
Քրոնիկական պրոստատիտ
1. Քրոնիկական բակտերիալ պրոստատիտ: Chronic bacterial prostatitis (CBP)
2. Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ/քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ-բորբոքային: Chronic abacterial prostatitis/chronic pelvic pain syndrome-inflammatory(CAP/CPPS)
3. Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ/քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ-ոչ բորբոքային: Chronic abacterial prostatitis/chronic pelvic pain syndrome-noninflammatory
Քրոնիկական բակտերիալ պրոստատիտ
Երբ շագանակագեղձի հեղուկի մեջ առկա են ոչ մեծ քանակությամբ միկրոբներ: Հիմնական հարուցիչներն են` աղիքային ցուպիկը, ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերը (E. coli. Staphylococcus aureus, Streptococcus faecalis and enterococci): Կարող են լինել նաև ատիպիկ միկրոբներ, ինչպիսին են խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման (chlamydia, mycoplasma, ureaplasma):
Կլինիկական ախտանշաններ
- Պրոստատիտի ախտանշաններ
- Շեքի ցավեր (Perineal pain)
- Որովային ստորին հատվածի ցավեր (Lower abdominal pain)
- Առնանդամի գլխիկի ցավեր (Penile pain)
- Ամորձիների ցավ (Testicular pain)
- Ցավոտ սերմնաժայթքում (Ejaculatory discomfort or pain)
- Միզարձակման խանգարումներ
- Երբեմն նաև էրեկտիլ դիսֆունկցիա
Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ/քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ-բորբոքային
Ամենահաճախ հանդիպող ձևն է: Ախտանիշերն են` կոնքի և սեռական օրգանների շրջանի ցավերը, դժվարամիզությունը և ցավոտ սերմնաժայթքումը: Երբեմն լինում է նաև անախտանիշ: Այս հիվանդությունը կարող է ազդել նաև սեռական ֆունկցիայի և կյանքի որակի վրա:
Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ/քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ-ոչ բորբոքային
Այս հիվանդները լինում են անախտանիշ: Ախտորոշվում է շագանակագեղձի բիոպսիաների և լաբորատոր քննությունների ժամանակ (մեզ, սերմնահեղուկ, շագանակագեղձի արտազատուկ): Շատ կարևոր է հիվանդության ճիշտ ախտորոշումը, քանի որ պրոստատիտի տարբեր տեսակների, ինչպես նաև միզուկաբորբի, ցիստիտի, շագանակագեղձի գերաճի և շագանակագեղձի քաղցկեղի բուժումը տարբեր է: Մատնային քննության միջոցով բժիշկը պարզում է գեղձի ցավոտության, մեծության և լարվածությունը աստիճանը: Քաղցկեղի կասկածի դեպքում անհրաժեշտ է կատարել ՊՍԱ քննություն, տրանսռեկտալ սոնոգրաֆիա և անհրաժեշտության դեպքում` շագանակագեղձի բիոպսիա:
Պրոստատիտի ախտորոշման համար կատարվում է շագանակագեղձի արտազատուկի, մեզի, միզուկի քսուքի, ինչպես նաև որոշ դեպքերում` սեռավարակների լաբորատոր քննություններ: Կատարվում է նաև ուռոֆլոմետրիա, երբեմն` նաև ցիսոսկոպիա: Բուժման համար օգտագործվում է`հակաբակտերիալ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, ալֆա-պաշարիչներ, ֆիտոթերապիա, շագանակագեղձի մասաժ, ֆիզիոթերապիա և այլն…:
urolog.am