Արամ Կարապետյան. «Ի՞նչ է պատահել, որ Արցախը պիտի փրկենք, պաշտպանենք Սերժ Սարգսյանից»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցի շուրջ 168.am-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ

– Պարոն Կարապետյան, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Նազարբաևի հնչեցրածին, հորդորում է իր քննադատներին չպաշտպանել Արցախն իրենից: Սա Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ է:

– Անկեղծ ասած` այժմ մի փոքր բարդ է ասել` ով ինչ է ասում և ինչ նպատակով: Ես ոչ մի կողմի ասածներին լուրջ չեմ վերաբերում, ո´չ Ռոբերտ Քոչարյանի, ո´չ Սերժ Սարգսյանի, ո´չ էլ մյուսների հայտարարություններին: Իրական իրավիճակը հետևյալն է. ճիշտն ասած` ես այնքան էլ չեմ պատկերացնում այսօր որևէ ազդեցություն` Արցախի հետ կապված: Որևէ մեկը, նույնիսկ Հայաստանի իշխանությունները, խոսելուց, համոզելուց, բյուջեից օգնություններ տրամադրելուց բացի, իրական լծակներ չունեն Արցախում ինչ-որ բան փոխելու համար:

Այսօր Արցախում որևէ հարց լուծել առանց պատերազմի, եթե արցախցիները համաձայն չեն, շատ բարդ է լինելու: Իրավիճակն այնպիսին է, ինչպես Հյուսիսային Կիպրոսում. խոսում են` այսպես կլինի, այնպես կլինի, բայց այդ չճանաչված պետություններն արդեն այնքան կայացած են, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ որևէ հարց լուծել: Այսինքն` կա´մ պատերազմական դրություն պիտի լինի, ադրբեջանցիներն ու թուրքերն իրար հետ որոշեն հարձակվել, կա´մ Արցախի ղեկավարության, զինված ուժերի և ժողովրդի կարծիքը պիտի հաշվի առնել:

Կարդացեք նաև

Բայց դրանք, իմ կարծիքով, ավելի շատ սրճարանային խոսակցություններ են: Ի՞նչ խնդիր կա, որ Արցախը պիտի փրկենք, պաշտպանենք Սերժ Սարգսյանից կամ որևէ մեկից: Ի՞նչ է պատահել:

– Համաձայն եմ այն իմաստով, որ Արցախն իրական գործոն է, այն ունի զինված ուժեր, որը վերահսկում է իրավիճակը, և միամտություն է կարծելը, թե այն կարելի է ինչ-որ մեկից վերցնել և տալ մեկ ուրիշի: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ արտաքին, հատկապես Ռուսաստանի տնտեսական, քաղաքական ազդեցությունը հսկայական է Հայաստանի վրա: Այդ դեպքում արդյո՞ք մեծ դժվարություն է լծակներ գտնել ազդելու նաև Լեռնային Ղարաբաղի վրա:

– Անհնար է: Անհնա´ր: Ի՞նչ լծակների մասին է խոսքը: Այսօր Աբխազիան իր բյուջեի 80-90 տոկոսը ստանում է Ռուսաստանից: Հարց լուծելու համար ստիված է ղեկավարին փոխել: Իսկ Արցախում ամեն ինչ այնքան կայացած է` սկսած պաշտպանական ենթակառուցվածքներից, վերջացրած բանակով և իրենց մոբլիզացիոն համակարգով, որ աշխարհի ոչ մի երկիր որևէ ազդեցություն չի կարող ունենալ նրա վրա, կլինի Հայաստանի իշխանության, ընդդիմության, թե Բաքվի միջոցով: Այսինքն` եթե ինձ ասեք`պարոն Կարապետյան, աշխարհը զայրացել է, որոշել է Հայաստանն էլ հաշվի չառնել, Ադրբեջանին «քարտ բլանշ» է տվել, և իրենք էլ հետները Թուրքիայի հետ միասին հարձակվել են Արցախի վրա, դա կլինի ռեալ խոսակցություն: Այդ տարբերակով կարելի է Արցախի հարցը փորձել լուծել:

– Բայց չէ՞ որ ղարաբաղյան բանակցություններին Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում, բանակցում է Հայաստանը, որի վրա ազդեցությունը բավական մեծ է:

– Ո´չ, ո´չ, ազդեցությունը գնալով նվազում է: Ի՞նչ ազդեցություն:

– Այսինքն` Կրեմլն ազդեցություն չունի՞ Հայաստանի իշխանության վրա:

– Հայաստանի իշխանության վրա ունեցած ազդեցության մասին չէ խոսքը: Եթե ճիշտը խոսենք, «Кремлю не до этого сейчас»: Որքան ես եմ տեղյակ, ընդհակառակը` Ռուսաստանում ամեն ինչ անում են, որպեսզի երկրորդ ճակատ չբացվի: Ինձ ասեք մի միջազգային կազմակերպություն, որին Հայաստանն ընդունվել է ոչ իր սուվերեն սահմանների շրջանակներում:

– Բայց այդ բոլոր կազմակերպություններում ղարաբաղյան հարցը չի շոշափվել:

– Հիմա էլ չի շոշափվում: Եվրասիական տնտեսական միությունն ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հետ: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին չէ, ուրիշ հարց է` ի՞նչ է լինելու մաքսային տարածքի հետ: Այդ հարցը շոշափվում է: Այսինքն` Հայաստանը, որպես սուվերեն միավոր, ընդունվելու է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով և կանգնելու է նույն խնդրի առաջ, որին առերեսվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալիս:

– Իսկ ինչո՞ւ Սերգեյ Լավրովը հարկ համարեց Բաքվում շեշտել, որ Հայաստանը միանալու է Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

– Որովհետև այդպես է իրողությունը:

– Եվ այդ հայտարարությունում որևէ ենտաթեքստ չկա՞ր:

– Ոչ մի ենթատեքստ չկա, պարզապես Ադրբեջանին ասում են, որ անհանգստանալու կարիք չկա, պատերազմելու կարիք չկա, որովհետև նման հարց էլ չկա: Ես նախորդ հարցազրույցում ասել եմ, որ Ալիևի արածը հիմարություն էր, Նազարբաևինը` էլ ավելի: Դրան կավելացնեմ նաև Կիսելյովի ասածը:

– Դուք ոչ մի կապ չե՞ք տեսնում Նազարբաևի ասածի և Լավրովի հայտարարության միջև:

– Ո´չ, ո´չ: Ամեն ինչի մեջ կարելի է կապ տեսնել, բայց օբյեկտիվ կապը մեկն է` նրանք ասում են այն ճշմարտությունը, որը կա. Հայաստանն ընդունվելու է Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմաններով: Իսկ Հովիկ Աբրահամյանի ասածին ինչո՞ւ չեք անդրադառնում:

– Հենց այդ մասին էի ուզում հարցնել. այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարում էր, որ մենք Արցախի հետ միասին մտնում ենք մեկ միասնական տնտեսական տարածքի մեջ, Լավրովի և Նազարբաևի հայտարարությունները չե՞ն նշանակում, որ մեզ հակառակն են փորձում համոզել:

– Հարցն այն է, որ մեր պաշտոնյաները, առանց հարցի մեջ խորանալու, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ են արել: Բացի այդ մեզ մոտ խախտում է տեղի ունեցել. ճանաչված սուվերեն սահմանները և մաքսային սահմանները խառնել են իրար: Մենք ապագայում բոլոր միջազգային կազմակերպություններին` Մաքսային միություն, ԵՏՄ, նույնիսկ եթե գնանք ՆԱՏՕ, անդամակցելու ենք ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով:

Եթե Լեռնային Ղարաբաղը մտնի մեր Սահմանադրության մեջ` մարզի կամ առանձին ինքնավարության կարգավիճակով, և դա ճանաչի աշխարհը, այդ պարագայում հնարավոր կլինի դա անել: Այժմ այդ իրավիճակը չկա, կա ինքնիշխան Հայաստան և Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետություն: Խնդիրն այլ է, թե Ղարաբաղն իր գործառույթներն ինչպե՞ս է իրագործելու, այսինքն` իր ապրանքները, իր ունեցած հնարավորություններն ի՞նչ ճանապարհով է աշխարհին հրամցնելու, այո´, այդ թվում նաև Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը: Սա է խնդիրը: Հիմա Լավրովն ամենայն հավանականությամբ Ադրբեջանին առաջարկում է` դուք միանալո՞ւ եք Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ ոչ: Պարզ է, որ Բաքուն չի միանալու, որովհետև եթե միացավ, մենք անմիջապես ունենալու ենք սահման ԵՏՄ-ի հետ: Ճի՞շտ է:

– Այո´: Եվ որտեղո՞վ է այդ սահմանն անցնելու:

– Անցնելու է հայ-ադրբեջանական այսօրվա սահմանով:

– Իսկ Լեռնային Ղարաբա՞ղը:

– Ահա, հիմա գալիս ենք այն հարցին, թե ինչպե՞ս է Ադրբեջանը մտնելու ԵՏՄ-ի մեջ, Ղարաբաղո՞վ, թե՞ առանց Ղարաբաղ: Բայց մինչև այդ հարցը լուծելը, Լեռնային Ղարաբաղը հանգիստ թողեք, Հայաստանը ԵՏՄ-ի հետ արդեն սահման է ունենալու, եթե այդպիսի բան կատարվի: Ճի՞շտ է: Ըստ ԵՏՄ-ի կանոնադրության` ԵՏՄ-ի կազմի մեջ մտնող պետություններն իրավունք չունեն իրար նկատմամբ կիրառել բլոկադայի քաղաքականություն: Ադրբեջանը հաջորդ օրը պիտի բացի բոլոր ճանապարհները` Հայաստանից դեպի ԵՏՄ-ի մյուս անդամ երկրներ ապրանքներ տանելու համար: Կբացի՞ Ադրբեջանը սահմանները:

– Ո´չ:

– Այսինքն` ի՞նչ իմաստ ունի քննարկելու հարցը` ինչպե՞ս պիտի մտնի, եթե ի սկզբանե հասկանալի է, որ այս վիճակով Ադրբեջանը երբեք չի համաձայնի դառնալ ԵՏՄ-ի անդամ:

– Ամեն դեպքում պատահակա՞ն էր արդյոք այն, որ այս շրջանում, երբ Ալիևը նամակ է գրում ԵՏՄ անդամներին և պահանջում է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի մուտքը միություն, Ռուսաստանն առաջարկեց Ադրբեջանին մասնակցել եվրասիական նախագծին:

– Ի՞նչ է հիմա անում Պուտինը` իմ կարծիքով: Պուտինը հիմա ասում է Ադրբեջանին`ԵՏՄ-ին նամակներ գրելու փոխարեն գուցե ի՞նքդ գաս ԵՏՄ և այնտեղ այդ հարցերը բարձրացնես: Ադրբեջանը, բնականաբար, հրաժարվելու է` մի շարք պատճառներից ելնելով: Միայն տնտեսական պատճառները բավարար են: Բացի այդ կա Թուրքիայի գործոնը, ԱՄՆ-ի գործոնը, կողմնորոշման խնդիր կա և այլն, և այլն: Եվ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ դրան:

Հիմա Պուտինն ասում է` գալի՞ս ես, նա պատասխանում է` ոչ: Պուտինն ասում է` եթե չես գալիս, ինչո՞ւ ես նամակ գրում: Ասում է` ի՞նչ էիր գրել, տղա ջան, որ Հայաստանին Ղարաբաղով չընդգրկե՞նք ԵՏՄ, առանց այն էլ առանց Ղարաբաղ ենք ընդգրկում: Ի սկզբանե նամակը հիմարություն էր, որովհետև ի սկզբանե Հայաստանը գնալու էր ԵՏՄ` որպես Հայաստանի Հանրապետություն:

– Այսինքն` ըստ Ձեր ասածի, Ղարաբաղն արդեն իսկ ինչ-որ չափով դարձել է առևտրի առարկա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

– Ո´չ: Ոչ թե դարձել է առևտրի առարկա, այլ հարցն այն է, թե հաջորդ քայլն ինչ է լինելու: Հիմա հարց եմ տալիս` Ղարաբաղն ապրանք արտադրո՞ւմ է: Ի՞նչ ճանապարհներ ունի այդ ապրանքը ԵՏՄ-ի երկրներ հանելու համար: Մի պահ հիշեք քարտեզը` անկախ նրանից` կընդունվի, թե չի ընդունվի: Զուտ տնտեսական հարց է: Հայաստանով, Ադրբեջանով և Իրանով, ճի՞շտ է: Եթե Ադրբեջանը չի թողնում` դա անի, ո՞ր ճանապարհն է ավելի տրամաբանական, Իրա՞նը, որը ԵՏՄ անդամ չէ, թե՞ Հայաստանը: Պարզ է, որ Հայաստանով: Հարցը լուծում ստացա՞վ:

– Այսինք, Ձեր կարծիքով, անկախ ամեն ինչից` ղարաբաղյան ապրանքը մտնելո՞ւ է Եվրասիական շուկա:

– Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս