«Հայաստանի անդամակցությունը կասեցվել է Ռուսաստանի կողմից». Ստեփան Սաֆարյան

«Ակնհայտորեն Հայաստանի անդամակցությունը կասեցվել է Ռուսաստանի կողմից, դա իմ եզրակացությունն է»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում Նազարբաևի հայտարարության և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցի արծարծման նպատակը մեղքը Հայաստանի վրա գցելն է, քանի որ Ռուսաստանի համար ավելի կարևոր են Կովկասը և էներգետիկ խնդիրների լուծումը, քան Հայաստանի անդամակցությունը:

«Նազարբաևի հայտարարությունից անդին կա շատ ավելի վատ պատմություն. ստացվում է, որ այն կառույցում, որին մենք անդամակցելու ենք, առավելապես հաշվի են առնվում Ադրբեջանի շահերը, քան Հայաստանի շահերը, չնայած որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նրանց դաշնակիցն է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղարը, չնայած Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, կասկածում է, որ Աստանայում Ղազախստանի նախագահի կողմից Ալիևի նամակի հրապարակումն անակնկալ չի եղել:

Ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը, իր հերթին հակադարձում է` նախագահին չվստահելու որևէ պատճառ չունի. «Եթե ասում է, որ տեղյակ է եղել նամակից, ուրեմն տեղյակ է եղել, եթե ասում է, որ Նազարբաևի ասածը տհաճ է եղել, ուրեմն իսկապես տհաճ է եղել»: Լևոն Մարտիրոսյանն ավելացրեց, թե չի պատկերացնում` ինչպես կարող է Ադրբեջանը խանգարել մեզ`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործում:
Իսկ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի մայիսի 31-ի պատասխանը (Աստանայում Նազարբաևի հնչեցրածին) մի քանի ուղերձ էր պարունակում:

Կարդացեք նաև

Առաջինը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է, երկրորդը` նախագահն ասաց, որ այդ խնդիրը Մաքսային միության շրջանակ չի տեղափոխվելու, լուծվելու է Մինսկի խմբի շրջանակներում, որը ուղերձ էր Ռուսաստանին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին, որտեղ նախագահն իրեն քննադատողներին հորդորել էր «չպաշտպանել Արցախն իրենից», Սաֆարյանն ասաց, որ ընդհանրապես դեմ է, որ Հայաստանում որևէ մեկը մյուսին հայրենասիրություն բացատրի:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, Սաֆարյանը նշեց, որ ինքը և´ որպես քաղաքական գործիչ, և´ որպես փորձագետ չի հավատում այդ հեռանկարին.

«Վերջին հաշվով կա Թուրքիա, Արևմուտք, որը ոչ պակաս լծակներ ունի Ադրբեջանի վրա: Վերջին ամիսներին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի և վարչակարգի միջև բարձր մակարդակի լարվածությունը հենց դրա ապացույցն է (…) Ադրբեջանին թույլ չեն տա վտանգել այն ամենը, ինչը տարիների ընթացքում ստեղծվել է տարածաշրջանում: Հետևաբար, ես չեմ հավատում, որ Ռուսաստանին կհաջողվի Ադրբեջանին վերցնել Եվրասիական միություն: Եկեք չբացառենք, որ Հայաստանն էլ Ռուսաստանին պետք չի Եվրասիական միությունում` որպես բեռ:

Ռուսաստանի համար մի բան է կարևոր, որպեսզի մենք Արևմուտքի հետ չվարենք որևէ բանակցություն որևէ պայմանագրի շուրջ: Այս նպատակն արդեն ձեռք է բերվել, և նույնը չի բացառվում նաև Ադրբեջանի պարագայում, թեև Բարոզուն մի քանի օր առաջ Բաքվում էր, և Ադրբեջանն ու Բրյուսելը ստորագրեցին նոր պայմանագիրը` ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Ռուսաստանի ողջ հնարքն այն է, որ քեզ կտրի իր հակառակորդների հետ բանակցություններից»:

Անդրադառնալով Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Բաքու կատարած այցին, Սաֆարյանն ասաց, որ դեռ վաղ է ամփոփել, քանի որ Լավրովը նաև Երևան պետք է այցելի: Միաժամանակ նա ավելացրեց, որ չնայած նախկինում ՌԴ-ի երկու նախարար պաշտոնապես հրավիրել էին Ադրբեջանին ԵՏՄ, Լավրովը Բաքվում այդպիսի հայտարարություն չի արել, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են:

«Կասկած չունենանք, որ ղարաբաղյան խնդիրը շատ լուրջ համատեքստում քննարկման առարկա է դարձել Բաքվում: Նաև չկասկածեք, որ պիտի խնդիր լիներ` նոր Ռուսաստանի կողմից նոր ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարման հետ կապված, որովհետև Ադրբեջանը վերջերս ցուցահանդեսներից մեկում հետաքրքրություն էր ցուցաբերել ռուսական այլ սպառազինությունների նկատմամբ: Այսինքն` ակնհայտ է, որ Բաքուն նոր սպառազինությունների հարց է դնելու, Բաքուն դնելու է Լեռնային Ղարաբաղի խնդրով իր համար բարենպաստ ռուսական դիրքորոշում ստանալու հարցը»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս