Բաժիններ՝

Քաղաքացուն բաժանել են երկու խմբի՝ մասնավոր և պատական ծառայողների. կենսաթոշակային համակարգի կառավարության առաջարկը

Հունիսի 15-ին` կիրակի օրը, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը: Ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, որոնք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ շաբաթ օրը, ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և ԱԺ ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում այս առաջարկը ներկայացվել է քառյակի անդամներին:

Առաջարկը արժանացել է քառյակի անդամների, մասնավորապես՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խիստ քննադատությանը: Դեմ են արտահայտվել նաև մյուս պատգամավորները:

Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ այդ կառավարության ներկայացուցիչների կողմից հայտարարվել էր, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նոր նախագիծը պետք է մշակվի կառավարության, ԱԺ ոչ իշխանական ուժերի և «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների համատեղ աշխատանքի և առաջարկների ձևաչափով, որը, սակայն, խախտվել է: Կառավարությունը առանց նրանց բոլորի պահանջները և առաջարկները հաշվի առնելու կազմել է այս նախագիծը, որ առաջիկայում պատրաստվում է ներկայացնել ԱԺ արտահերթ նիստում:

dem em

Կարդացեք նաև

ԱՌԱՋԱՐԿ
Պարտադիր կուտակային համակարգի վերանայման և ներդրման սցենարի
Առաջարկվում է կիրառել հետևյալ սխեման.

1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

2. Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի՝ մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը, 25 000 դրամ ամսական կամ տարեկան` 300 000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թ-ից, ավելացվելու է՝ միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:

Այսինքն, եթե անձի աշխատավարձը 600 000 դրամ է, ապա նրա սոցիալական վճարը հաշվարկվելու է 500 000-ից, և եթե այսօր պետք է կատարեր 35000 դրամի չափով կուտակային վճար, ապա վաղը այն կատարելու է 25000 դրամի չափով սոցիալական վճար, որին ավելացնելու է պետությունը ևս 25000 դրամ:

3. Կուտակային բաղադրիչին 2014 թվականի հուլիսի 1-ից մասնակցում են (կատարում են սոցիալական վճարներ).

ա/ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված պետական աշխատողները (այն անձինք, ովքեր աշխատում են պե¬տա¬կան կառավարչական հիմ¬նարկ¬ներում, համայնքապետարաններում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում), ինչպես նաև

բ/ այն անձինք, ովքեր ծնվել են 1996 թվականի հունվարի 1-ից հետո և 2014 թվականի հուլիսի 1-ից հետո կնքում են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր (անցնում են աշխատանքի):

Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձը կարող է մասնակցել համակարգին կամավորության սկզբունքով, գործող կանոններով (առանց պետական մասնակցության):

dem em

Մասնավոր հատվածի 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կուտակային բաղադրիչին մասնակցում և սոցիալական վճար են կատարում 2017 թվականի հուլիսի 1-ից:

Մասնավոր հատվածի՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կարող են դիմել՝ կամավորության սկզբունքով համակարգին մասնակցելու (սոցիալական վճարներ կատարելու) համար: Այս որոշումը վերջնական է և ենթակա չէ վերանայման:

Այս դեպքում, ի տարբերություն մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձանց, կլինի նաև պետական մասնակցություն, որն, ըստ էության, նշանակում է, որ պետությունը այդ անձանց կատարած եկամտային հարկից 5 տոկոսի չափով նվազեցնում և փոխանցում է իրենց կենսաթոշակային հաշիվներին:

4. Եթե լրացել է անձի 55 տարին և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է ոչ պակաս, քան հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից` կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքելով հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով (վաղաժամկետ կուտակային կենսաթոշակի իրավունք):

5. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պետական աշխատող անձը, ինչպես նաև 2014 թվականի հուլիսի 1-ից հետո պետական աշխատող դարձած անձը, կամ այն անձը, ով դիմել է կամավորության սկզբունքով, պահպանում է մասնակցության կարգավիճակը նաև աշխատանքը փոխելու դեպքում: Կուտակային բաղադրիչի մասնակիցը չի կարող հրաժարվել մասնակցությունից (սոցիալական վճար կատարելուց):

6. Կուտակային վճարի ընդհանուր գումարի չափը կազմում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի 10 տոկոսի չափով (այսինքն, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի կեսը, բայց ոչ ավել քան 25000 դրամ տալիս է պետությունը, իսկ մնացածը՝ անձը, որպես մասնակից):

7. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից` 50.000 դրամ):

8. Պետական հատվածի՝ սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

9. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար՝ խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը, հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ):

10. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի գումարը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով, դիմումների հիման վրա, մաս-մաս վերադարձվում են անձանց, դեպոզիտարիայի միջոցով, 2015թ. հունվարի 1-ից` 2015թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
14.06.2014թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս