Թուրքիայում առաջարկել են ճանաչել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Այհան Սեֆեր Ուսթունն իշխանություններին առաջարկել է ճանաչել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը:
Ուսթունն այդ առաջարկն արել է խորհրդարանում՝ հանդես գալով Աբխազիայի հետ ծովային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու նախաձեռնությամբ: Նա ընդգծել է, որ Աբխազիայի քաղաքացիների անձնագրերի ճանաչումը հնարավորություն կտա կազմակերպել ծովային ուղիղ հաղորդակցություն և կապահովի երկու երկրների զբոսաշրջիկների ազատ տեղաշարժը:
Քանի որ Թուրքիան չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, Ուսթունն առաջարկել է ճանաչել այդ երկրի քաղաքացիների միայն անձնագրերի օրինական ուժը: Որպես օրինակ՝ նա բերել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ), որի «քաղաքացիներին» եվրոպական մի շարք երկրներ հատկացնում են վիզաներ՝ հենվելով նրանց անձնագրերի վրա:
Հիշեցնենք, որ վրացական օրենքների համաձայն` Աբխազիայի ծովափն ու նավահանգիստները հայտարարվել են միջազգային նավարկության համար փակ գոտի: Միջազգային հանրությունը, որը չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը, նրա առափնյա 12-մղոնանոց գոտին համարում է վրացական տարածքային ջրեր: Այդ պատճառով էլ Վրաստանը բազմիցս կալանել է Թուրքիայից Աբխազիա մեկնող առևտրանավերը:
Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է ավելի քան 15 տարի: Միայն 2009 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստանը կալանել է Աբխազիա ուղևորվող 23 նավ, որոնցից 4-ը` «օկուպացված տարածքների ջրեր մուտք գործելու կանոնները խախտելու» մեղադրանքով: Այդ նավերի մեծ մասը թուրքական են։
Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին ու հանվել են աճուրդի: Միևնույն ժամանակահատվածում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատարձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք: