Բաժիններ՝

Երևանը՝ պսևդո Դուբայ

Նոր Երևանի խորհրդանիշը Հյուսիսային պողոտան է: Այն կառուցման փուլից մինչ օրս վերակառուցվում է: Հին Երևանը չկա: Ասում են՝ կառավարության որոշմամբ՝ պիտի լինի Աբովյան, Բուզանդ և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում: Այնտեղ պիտի տեղափոխեն նաև Աֆրիկյանների ակումբի շենքը: Տերյան 11 հասցեում գտնվող այդ շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին և, օբյեկտիվ լինենք, արդեն չի ընկալվում բուլդոզերների, կիսադատարկ էլիտարների հարևանությամբ:

Աֆրիկյանների ակումբը՝ մայրաքաղաքի կենտրոնում նույնն է, ինչ, ասենք՝ Տիգրան Մանսուրյանը՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Նման բան լինել չի կարող: Հետևաբար, լուծումը շատ պարզ է՝ 19-րդ դարավերջի այս հրաշալի շինությունը պետք է ապամոնտաժել, քարերը համարակալել և լցնել այնտեղ, որտեղ լցված են համարակալված շատ այլ քարեր: Դրանցից պիտի հառնի Հին Երևանը: Այս գաղափարաը, սակայն, ոչ բոլորին է խանդավառեցնում: Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը, «Մեր քաղաքը» հանրային- քաղաքացիական նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանն ու «Ծիրանի» հ/կ նախագահ Նարեկ Աշուղաթոյանը «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներ են:

– Ինչո՞վ ձեզ չի գոհացնում Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժումը և վերակառուցումն այլ հասցեում:

Hayk BianjyanՀայկ Բիանջյան- Կառավարության որոշամբ՝ Աֆրիկյանների շենքը պետք է ապամոնտաժվի և կառուցվի այլ վայրում: 2 տարի է՝ շենքի քարերը համարակալված են, կտուրն արդեն չկա, պատշգամբները թալանվել, ջարդվել են: Բոլորն արդեն համակերպվել են մտքի հետ, որ հերթական շենքը պիտի քանդվի: Ֆեյսբուքը տեղեկատվական հարմար միջոց է, սակայն ունի իր վատ կողմը՝ մարդիկ սովորել են համակարգչի առաջ նստած ՝քոմենթներ անել, հայհոյել, բայց երբ պետք է գալ, տեղում ֆիզիկապես ներկա լինել, ինչ-որ բան փոխել, տեսնում ես՝ կողքիդ մարդ չկա: Facebook-ում ամենաշատ պահանջարկ ունեն արխիվային լուսանկարներով էջերը. բոլորը նոստալգիկ տրամադրություններ ունեն, ուզում են տեսնել գոնե այն, ինչ մնացել է հին Երևանից: Օրերս փոթորկի ժամանակ քայլում էի Հյուսիսային պողոտայով, կարծես աշխարհի վերջը լիներ՝ կեղտի, փոշու մեջ քաղաքի կենտրոնն անտեսանելի էր դարձել:

Grigor XazaryanԳրիգոր Ղազարյան- Ես չեմ վստահում այն մարդկանց կոմպետենտությանը, ովքեր զբաղվում են «Հին Երևան» ծրագրով, թեև գիտական աստիճան ու պաշտոն ունեցող մարդիկ են: Այդ նախագիծը տարիներ շարունակ թղթի վրա է, վերացական մի բան է: Մեզ առաջարկում են սիրել այդ վերացական, վիրտուալ քաղաքն ավելի, քան իսկական Երևանը: Մեր մեջ կա կորցրած հայրենիքի գաղափարը, և այնքան շատ են եղել մեր կորուստները, որ ևս մեկ կորուստն արդեն մեր աչքին չի երևում: Այսօր մեզ ասում են՝ ուրիշ խնդիր չունե՞ք, որ սրա մասին եք խոսում: Կարելի է ամեն ինչ կորցնել, չպայքարել և հիմնավորել, թե` ավելի կարևոր բաներ կան, սրա հետևի՞ց եք ընկել:

Նարեկ Աշուղաթոյան- 2008 թ. ՀՀ-ն վավերացրել է «Եվրոպական ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիան», որի 5-րդ կետը հստակ ասում է, որ հուշարձանը չի կարելի տեղափոխել: 2004-ին կա որոշում, ունենք նաև օրենք հուշարձանների պահպանության մասին, որի 21-րդ կետն ասում է՝ հուշարձանները կարելի է տեղափոխել: Փաստացի՝ կոնվենցիան ներքին հակասություն ունի մեր օրենսդրության հետ: Նման հակասությունների դեպքում կիրառվում է միջազգային ստանձնած պարտավորությունը: Այս պահին Աֆրիկյանների շենքի այս վերջին կտորի տեղափոխումն ուղղակի ապօրինի է:

– Ժամանակին հասարակության ուշադրության կենտրոնում էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը, որը տան սեփականատերը նախընտրեց քանդել: Ավելի վաղ՝ ունենք Ամուսնությունների պալատի շենքի նախադեպը՝ քանդեցին, հիմա տեղում ոչինչ չկա: Ունենք Փակ շուկայի նախադեպը: Որոշում են քանդել` քանդում են:

NarekՆարեկ Աշուղաթոյան- Հինը քանդելու, ոչնչացնելու այս պրոցեսն ունի նաև չերևացող մասնակիցներ` այն ճարտարապետները, ովքեր ներգրավված են այս գործընթացում: Ճարտարապետը պետք է շատ ավելին հասկանա, քան, օրինակ, պատվիրատուն: Մեր ճարտարապետները, որոնց անունները կապված են այս քանդված շինությունների հետ, տարրական խոնարհություն չունեն. պատրաստ են քանդել ուրիշի ստեղծագործությունը և այդ ստեղծագործության փոխարեն վեր խոյացնել իրենցը: Աֆրիկյանների ակումբը քանդելուց հետո տեղում, բնականաբար, այլ շենք պիտի կառուցվի: Նոր կառուցվելիք շենքն ունի ճարտարապետ, և այդ ճարտարապետը հանդգնում է քանդել մեկ ուրիշ ճարտարապետի գործը, որը, վստահաբար, իրենից ավելի մեծ մշակութային արժեք է ներկայացնում, քան այն, ինչ պիտի կառուցվի:

– Հայկ, Դուք 10 տարուց ավելի է՝ լուսանկարում եք: Ձեր լուսանկարներից շատերն այսօր արդեն պատմական են, քանի որ այն, ինչ լուսանկարել եք, վաղուց հողին է հավասարեցվել: Հիմա էլ մեր զրույցին հետևում եք հոգնած, անգամ անտարբեր հայացքով:

Հայկ Բիանջյան- Այո, ես հոգնել եմգ 10 տարի լուսանկարել թաղումներ, հուսահատեցնում է: Մի լավ բան կա. հիմա երիտասարդությունն ավելի ակտիվ է: 10 տարի է` նկարում եմ, ցուցադրում եմ այլ երկրներում: Երբ Գերմանիայում, Թիֆլիսում ցուցադրում էի իմ «Տխուր նախագիծը», օտարները զարմանում էին. «Ինչպե՞ս, դու դեռ պիտի համոզե՞ս, որ չքանդեն պատմական հուշարձանները: Ախր, այնքան պարզ տրամաբանություն է՝ չքանդել այն, ինչ պատմական հիշողություն, արժեք է ներկայացնում»:

Afrikyanner (1)

Գրիգոր Ղազարյան – Մենք ասում ենք, որ քաղաքին չպետք է վերաբերվել՝ որպես լեգո, որը կարող ես քանդել ու այլ տեղ հավաքել: Կամ՝ շենքերն ատամ չեն, որ հանես, տեղում ոսկե ատամ դնես:

Հայկ Բիանջյան- Այսօրվա չինովնիկները Երևանը դիտարկում են` որպես բիզնես-պլան: Աֆրիկյանների շենքի սեփականատերը գուցե չի էլ պատկերացնում, թե իր բախտը որքան է բերել՝ այս շենքում զարգացնել իր բիզնեսը: Ժամանակակից սեփականատերերի պատկերացումները, սակայն, քառակուսի մետրից, էլիտար շենքից այն կողմ չեն գնում: Սակայն այդ էլիտար շենքերում ապրողներին ես ցավակցում եմ:

Հիմա եթե այնտեղ շինարարություն սկսվի, դիմացի շենքերի մարդիկ հայտնվելու են մղձավանջի մեջ: Նեղ կառուցապատված այդ հատվածում ինչպե՞ս են շինտեխնիկա մտցնելու, նոր էլիտարը փակելու է մյուս շենքերի արևը: Այդ բնակիչները պիտի մեր կողքին կանգնեն՝ արևի լույսից օգտվելու իրենց իրավունքի համար:

– Բոլորս, եթե պայքարում էլ ենք, պայքարում ենք լոկալ ճակատներում, կոնկրետ հասցեների, կոնկրետ սոցիալական խնդրի համար: Սակայն այս տոտալ անհեթեթությունն ունի պատճառ: Գուցե պատճառի դե՞մ պայքարենք, և հետևանքներն ինքնաբերաբար կվերանա՞ն:

Հայկ Բիանջյան- Պատճառը մեր մեջ է. բոլորս նյութապաշտ ենք դարձել՝ թանկարժեք մեքենա, թանկարժեք խանութից գնումներ կատարել: Հոգևորին տեղ գրեթե չի մնացել:

Afrikyanner (2)

– Ժամանակակից երևանցին, որի «պատկերով և նմանությամբ» վերակառուցվում է մայրաքաղաքը, ինչ-որ բանով տարբերվո՞ւմ է այլ մայրաքաղաքների, օրինակ` Լոնդոնի բնակչից:

Նարեկ Աշուղաթոյան- Այո, լոնդոնցին տարբերվում է երևանցուց: Լոնդոնցիները ծնվում են, տեսնում են իրենց պատմական միջավայրը, իրենցից հետո այդ միջավայրում իրենց երեխաներն են մեծանում՝ տեսնելով նաև նոր զարգացող քաղաքը՝ իր նոր ճարտարապետությամբ: Բայց կորիզային հատված կա, որը պահպանվում է, որը բնորոշ է տվյալ ազգին: Ցույց տվեք Երևանում նման միջավայր: Ուզում են արհեստական միջավայր ստեղծել՝ «Հին Երևանը», որին ես չեմ հավատում:

Հայկ Բիանջյան- Ինչպես Հյուսիսային պողոտան. անմարդաբնակ մի տարածք՝ շքեղ խանութներով: Ինքը քաղաքի միջավայրի մեջ չէ: Մեր քաղաքում հոգի չկա:

Նարեկ Աշուղաթոյան- Մեր խնդիրն է` հուշարձանը պահպանել իր տեղում, որովհետև հիշողությունը չես կարող տեղափոխել, հասկանո՞ւմ եք: Բացի նյութականից, տեսանելիից՝ կա ոչ նյութական, բարոյական խնդիր: Դա տեղափոխման ենթակա չէ: Մեզ հարկավոր է, որ սերունդները հիշեն, որ պատմական այս միջավայրում եղել է այս շենքը:

– Կարո՞ղ ենք հետևություն անել, որ ինչ-որ տարօրինակ հետևողականությամբ ոչնչանում են այն հուշարձանները, որոնց հետ երևանցիներս հիշողությամբ կապված ենք:

Նարեկ Աշուղաթոյան- Չեն ոչնչանում, ոչնչացնում ենք: Կամ, ինչպես սիրում են ասել, ինքնափլուզվում ենգ Ինձ համար զարմանալի է, թե ինչպես են մարդիկ պատվեր վերցնում այնտեղ, ուր պիտի մի բան քանդեն ու իրենց նախագիծն իրագործեն: Ես ուզում եմ, որ այդ ճարտարապետներն ականատես լինեն, թե հաջորդ սերունդն ինչպես է քանդելու իրենց լավագույն ստեղծագործությունը, ու հասկանան, թե ինչին են իրենք այսօր մասնակցում:

Գրիգոր Ղազարյան- Նույնը կարելի է ասել «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակի քանդման մասին: Այն մեր օդանավակայանի միակ կառույցն է, որը «Զվարթնոց» ասելիս՝ առաջինն ենք հիշում: Եվ հենց դա ցանկանում են քանդել:

Հայկ Բիանջյան- Այսօր ոչնչացվում է ոչ միայն Երևանը, այլև երևանցին: Մարդիկ ուզում են արտագաղթել, քանի որ այստեղ այլևս նրանց որևէ հիշողություն չի կապում: Ես 77թ. եմ ծնվել, և իմ մանկության բոլոր շենքերն իմ աչքի առաջ հերթով քանդվում են: Ի՞նչ փոխանցեմ ես իմ երեխային: Այս կոթողների վերացումը թիկունքից հարված է բոլորիս:

Գրիգոր Ղազարյան- Ես 7 տարուց ավելի զբոսավար եմ աշխատել, բազմաթիվ խմբեր եմ ունեցել տարբեր երկրներից: Սիթի-տուրերի ընթացքում զբոսաշրջիկների կողմից հիմնականում բացասական դիտարկումներ եմ լսել մեր այս պսևդոդուբայական ճարտարապետական շերտի մասին: Մարդիկ փորձում են գտնել ուրիշ Երևան, որի մասին լսել են, կարդացել են, սակայն այդ շենքերը նրանց ցույց տալ չեմ կարող, քանի որ չկան: Մենք հպարտանում ենք, թե Հռոմը Երևանից երիտասարդ է: Էրեբունու բերդը ցույց ենք տալիս, հետո՞:

Նարեկ Աշուղաթոյան- Եթե ժամանակակից ճարտարապետություն ես դնում անունը, դու անգամ Դուբայի հետ չես կարող համեմատվել, Դուբային մոտենա՛լ անգամ չես կարող: Այն ճարտարապետները, որոնք ներկայացնում են քաղաքի ճարտարապետության իրենց տեսլականը, փիլիսոփայությունը, թող դա կիրառեն, բայց ոչ թե այլոց ստեղծածը քանդելով: Դա նույնն է թե` ասես՝ կտավ է պետք, ձեռքիս տակ չունեմ, Սարյանի նկարը ջնջեմ, կտավն օգտագործեմ:

Հայկ Բիանջյան- Առաջարկում ենք, որ բոլոր այն արվեստագետները, ովքեր սիրում են Երևանը, Երևանի մասին երգեր են գրել ու կատարել, թող միանան այս նախաձեռնությանը: Աֆրիկյանների շենքը չպետք է քանդվի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս