Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեր ընտրությունների նման չի լինի
Ո՞ւմ են երկրպագում հայաստանցի քաղաքական գործիչները Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, և արդյո՞ք Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները ընդհանրապես ֆուտբոլի երկրպագու են: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մասնավորապես, ֆուտբոլի և հատկապես Հայաստանի հավաքականի մեծ երկրպագու է և հետևում է ոչ միայն հավաքականների, այլև ակումբային մակարդակով անցկացվող առաջնություններին, սակայն խոստովանում է` Բրազիլիայի և Հայաստանի միջև ժամային գոտու մեծ տարբերության պատճառով ոչ բոլոր հանդիպումներն է կարողանում դիտել:
168.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ի սկզբանե նախապատվությունը տվել է Հոլանդիայի և Գերմանիայի ընտրանիներին, բայց միաժամանակ ավելացրեց, որ ավելի շատ սիրում է իսպանական և անգլիական ոճերը:
«Երեկվա խաղը, որում Հոլանդիան հաղթեց գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին, ապացուցեց, որ իզուր չեմ համակրում Հոլանդիային»,- ասաց Մարտիրոսյանը:
Մեր հարցին, թե ո՞վ կդառնա այս առաջնության չեմպիոն, Արմեն Մարտիրոսյանը այսպիսի պատասխան տվեց. «Կարծում եմ` ուժեղագույնը: Մեր ընտրությունների նման չի լինի, որ, ասենք, Հոլանդիան 6 գոլ խփեր, բայց 6 գոլը Իսպանիայի վրա գրեին»: