2009 թվականից հետո քաղաքացիական ազատությունների շուրջ իրավիճակը կտրականապես վատթարացել է Ադրբեջանում. Մելիա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի են ունեցել հատուկ լսումներ՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ: 

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան, որին նախորդ տարվա սեպտեմբերին մերժեցին Ադրբեջան այցելելու համար մուտքի վիզա տրամադրելու հարցում: Մելիան հայտարարել է, որ ցանկանում է վերստին այցելել Ադրբեջան՝ կարևորելով ժողովրդավարության հարցերում երկու երկրների միջև երկխոսության կայացումը:

Մելիան հիշեցրել է, որ իր ներկայիս պաշտոնում երեք անգամ այցելել է Ադրբեջան և հանդիպել է նրա ղեկավարության, այդ թվում նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների հետ:

Մելիան ընդգծել է, որ վերջին 5 տարում Ադրբեջանում անշեղորեն վատթարացել և շարունակում է վատթարանալ քաղաքացիական ազատությունների շուրջ տիրող իրավիճակը:

Մելիայի խոսքերով՝ արդեն 2009 թվականին ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցների, հատկապես ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար բարդ է եղել երկրի քաղաքական կյանքին մասնակցելը, սակայն ՀԿ-ների ու անկախ ակտիվիստների համար դեռ եղել են գործելու ինչ-ինչ հնարավորություններ.

«Դրանից հետո իրավիճակը կտրականապես վատթարացել է: Առանձին ակտիվիստների կողմից երկիրը լքելու հարցում առկա սահմանափակումները նույնպես խնդիր են հանդիսանում, ինչը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին Ադրբեջանի կառավարության հավատարիմ լինելը»:

Մելիան այդ պլանում հիշատակել է Լեյլա Յունուսի ու նրա ամուսինների անձնագրերի խլելն իշխանությունների կողմից, ինչպես նաև դրանից առաջ լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ առնելը: Մելիան հավելել է, որ Ադրբեջանն արգելել է մի շարք միջազգային իրավապաշտպանների մուտքը երկիր:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինն իր ելույթում ընդգծել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության կարևորությունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի համար գլխավոր առաջնահերթությունը շարունակում են մնալ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

Տեսանյութեր

Լրահոս