Բաժիններ՝

Թանկացման համար կարող են ցանկացած հիմնավորում բերել. Վահագն Խաչատրյան

«Թանկացման համար կարող են ցանկացած հիմնավորում բերել: Կարևոր է, թե ինչ խնդիր են ուզում լուծել: Բայց բացատրություն չկա, թե ինչու է նման  վիճակ ստեղծվել, քանի որ գլխավոր հիմնավորումը կապված է ֆինանսական վատ վիճակի հետ: Ասում են՝ 16 մլրդ դրամի վնաս ունի, բայց դա ինչպե՞ս է եղել, որ սակագինը հաշվարկված է 10% շահութաբերությամբ, ամեն ինչ ներառված է սակագնում և այլն, և այդ պայմաններում հաստատված է 5 տարվա կապիտալ ներդրումների ծրագիր: Այսինքն՝ այդ համակարգը եղել է ՀԾԿՀ հսկողության տակ և այդքանից հետո պարզվում է, որ 16 մլրդ դրամի վնաս է առաջացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ նախ պետք է այդ հարցի պատասխանը տալ, հետո անցնել մյուսին: Խաչատրյանի խոսքով, գուցե իսկապես օբյեկտիվ պատճառներ են եղել, բայց ներկայացվող պատճառները միայն 2013 թ-ի համար են, մինչդեռ ՀԷՑ-ը ֆինանսական ծանր վիճակում հայտնվել է նաև 2012 թ-ին, որի մասին խոսում են ընկերության տարեկան ֆիանսական հաշվետվությունն ու աուդիտը. «Դրա պատասխանն է, որ չկա և այդ առումով ինձ համար մնացած բոլոր բացատրություններն ընդունելի չեն: Սպառողներին բացատրություն չի տրվում: Իսկ սա այն ծառայությունն է, որ վնասով չի աշխատում, արտադրանքը 100%-ով իրացվում է, հաշվետվությունները 98% հավաքագրումներ են փաստում և 10 % շահույթ կա»:

Թե ի՞նչն է ընկերությանը հասցրել այս վիճակի, Վ.Խաչատրյանը նշեց 3 գործոն՝ վատ կառավարում կամ մենեջմենթ, կոռուցպիոն ռիսկերը մեծ են, և այնտեղ տեղի ունեցածով պետք է ավելի շատ հետաքրքրվի ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այլ իրավապահները. «Դրանից հետո է ՀԾԿՀ-ն կարող է անդրադառնալ հարցին: Այստեղ նույնիսկ հայտ չի եղել, իրենք իրենց նախաձեռնությամբ են ուսումնասիրություններ կատարել»:

Վ.Խաչատրյանի կարծիքով, այս պարագայում միայն ՀԾԿՀ-ի վերահսկողական գործառույթը բավարար չէ ՀԷՑ-ի վերահսկումն իրականացնելու համար, որովհետև եթե բավարար լիներ, գոնե կկանխեին տեղի ուենցածը. «Մեկ այլ բան է զարմանալի՝ երբ անցած տարի բարձրացնում էին էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 30%-ով, գիշերայինը՝ 40 %, արդյոք այդ 10% հաշվի չեն առե՞լ, թե՞ իրենց հաշվարկներում սխալվել էին: Իսկ եթե չեն սխալվել, առավել ևս՝ այլ բան է տեղի ունեցել, որ վերահսկողությունից դուրս է, որ կապված է կառավարման ու կոռուպցիոն ռիսկերի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս