Բաժիններ՝

ՀԷՑ-ն ավելի շատ էլեկտրաէներգիա է գնել թանկ արտադրողներից. Միքայել Մելքումյան

Այսօր «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերությունն իսկապես սնանկացման եզրին է, թեև ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից թույլատրված 14% շահույթի մակարդակ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ընկերության պարտավորություններն այնքան են աճել, որ չի կարողացել կատարել և այսօր 20 մլրդ դրամից ավելի է ճեղքվածքը: Ըստ նրա՝ բացատրությունն այն է, որ անցած տարի ԱԷԿ-ը 25 օրվա փոխարեն 88 օր ավելի է կանգնել պլանային անջատման, տարին ջրառատ չի եղել և ՀԷԿ-երը շատ ավելի քիչ են էլեկտրաէներգիա արտադրել, իսկ օրենքով գոյություն ունի «Էներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ, որը կարգավորում է, թե ՀԷՑ-ն ըստ առաջնահերթության ումից պետք է էլեկտրաէներգիա գնի՝ ԱԷԿ, ՀԷԿ, ՋԷԿ: Արդյունքում, Մելքումյանի խոսքով, ՀԷՑ-ն ավելի շատ էլեկտրաէներգիա է գնել թանկ արտադրողներից, քանի որ էժան կայանները քիչ են արտադրել: Օրինակ՝ 1կվտ ժամ էլեկտրաէներգիան ԱԷԿն արտադրում է 5 դրամով (առանց ԱԱՀ), Հրազդանի ՋԷԿ-ը՝ 59 դրամ, ՀԷԿ-երը՝ 12-14 դրամ, Երևանի ՋԷԿ-ը՝ մոտ 35 դրամ:

«ՀԷՑ-ն արդյունքում ընկել է վատ ֆինանսական վիճակի մեջ, որովհետև թանկ է գնել, իսկ իր ծախսերն ու սակագինը նույնն են մնացել: Նաև 5 մլրդ դրամի տարբեր տենդերներ են իրականացվել, որոնք նույնպես շահեկան չեն եղել: Հիմնավորվում է, որ ԱԷԿ-ն իր անվտանգության ծախսերն է մեծացել, Երևանի ՋԷԿ-ը պետք է սկսի վարկի մարման տոկոսադրույքները վճարել: ՀԾԿՀ-ն պետք է իր կողմից հաստատի արտադրող կայանների համար այնպիսի ներդրումային ծրագրեր, որ անհրաժեշտ հասույթ ունենան: Այսինքն, եթե էլեկտրաէներգիան քիչ սպառվի, հասույթը չի բավարարի, պետք է մեծացնեն սակագինը: Անցած տարի 4.1% սպառման կրճատում կա, իսկ արտահանումից ՀԷՑ-ի վիճակը չի լավանում»,- ասաց Մ.Մելքումյանը:

Նրա հաշվարկով՝ ճեղքվածքը փակելու համար 3.85 դրամով կավելացնեն սակագինը, դա նշանակում է անցած տարվա հուլիսի նկատմամբ մոտ 40% աճ ենք ունենալու, որով ուզում են արտադրող կայանների շահուբերությունը տեսքի բերեն, օրինակ՝ ԱԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը 0% շահութաբերություն ունեն, բայց ինչպե՞ս կարող է արտադրող հզոր կայանները 0% շահութաբերություն ունենան: Սակայն, պատգամավորիկարծիքով, այստեղ թվերի հետ խաղալու խնդիր էլ չկա:

Ուշագրավն այն է, որ էլեկտրաէներգիայի թանկացումից բյուջեն է շահելու: Մելքումյանի խոսքվ՝ եթե 6 մլրդ կիլովատ էլեկտրաէներգիա է սպառվում, այս թանկացումից հետո անցած տարվա հուլիսի համեմատ սակագինն ընդհանուր 12 դրամով կավելանա, որի 20 % ԱԱՀ-ն կազմում է 2.4 դրամ: 2.4-ը 6 մլրդ-ով բազմապատկելու դեպքում ստացվում է 14.4 մլրդ դրամ, այսինքն՝ այդքան գումար բյուջե ԱԱՀ-ի ավելի մուտք կլինի, որն ամբողջ հանրապետության շրջանառության հարկն է:

«Շատ հետաքրքիր վիճակ ենք ունենում»,- նկատեց Մ.Մելքումյանն ու հավելեց. «Նման բան չի լսվել, որ ձեռնարկությունների, այսինքն՝ բիզնես կառույցների՝ էներգետիկ արտադրող կայանների ռիսկերը բարդեն բնակչության վրա: Այսինքն՝ ՀԷՑ-ը վնաս է կրում, դա բարդում են ժողովրդի ու տնտեսվարողների վրա: Սա ամենաանթույլատրելի մեթոդն է: Իրենք կարող էին այլ միջոցառումներ կիրառել՝ արտոնյալ վակեր տալ և այլն, ու ժողովրդին այս բեռի տակ չդնել»:

Մելքումյանը նկլատեց, որ թանկացումից հետո, բնականաբար, եթե նույնիսկ ընկերությունների ֆինանսական վիճակը լավանա, սակագինն այլևս չեն նվազեցնի. «Փոխարժեքը կարող են փոխել, կամ այլ հիմնավորումներ կբերեն ու հետ գնալ չկա: Դրա համար տարբեր տեսակետներից բացարձակ չհիմնավորված ակցիա եմ համարում, որն իր տխուր հետևանքները կունենա՝ մի կողմից կիջնի սպառման ծավալը, մյուս կողմից շատ ձեռնարկություններ հենված են գազի ու էլեկտրաէներգիայի վրա, որոնց մրցունակությունը գցում ենք: Ընդ որում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում բնակչության միջին աշխատավարձի պայմաններում մեզ մոտ ամենաբարձր սակագինն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս