Բաժիններ՝

ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել, որ սպառումը նվազել է. Ռոբերտ Նազարյան

«Մեր պաշտոնական հայտարարությունում, որ զետեղել ենք ԶԼՄ-ներում, հստակ ձևակերպում ենք տվել, որ ստանալով էլեկտրաէներգետիկական շուկայի բոլոր լիցենզավորված ընկերությունների պաշտոնական հայտերը՝ ամփոփել ենք և տվել ենք մեր գնահատականը, թե որքան պետք է լինի սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումը առաջիկայում՝ 3.85 դրամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով ԱԺ-ում էր ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման նպատակով:

Նա նշեց, որ որպես պետական կառույց պարտավոր են ցանկացած խմբակցության հետ հրավերի դեպքում հանդիպել և քննարկում կազմկերպել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ: Նազարյանը նշեց, որ ՀԾԿՀ հրապարակման վերջում նշված էր հեռախոսահամար և հրավիրել են բոլորին, ով ցանկություն ունի քննարկելու, և արդեն եղել են նմանատիպ զանգեր:

«Որևէ մի մարդ ուրախ կլինի՞, որ սակագին է բարձրանում: Մենք՝ որպես ՀԾԿՀ, ունենք հստակ, օրենքով ամրագրած գործառույթներ, որոնց համաձայն պարտավորված են ապահովել մեր լիցենզավորված ընկերություների ֆինանսական կայունությունը»,- ասաց Նազարյանը:

Նա չհամաձայնեց ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորմանը, որ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է. «ՀԷՑ-ի հայտարարությունը չգիտեմ ինչպիսին է, բայց ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել, որ սպառումը նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ սպառումը 7% ավելացել է»: Նազարյանը հայտարարեց, թե չի եղել նախադեպ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը լինի հայտով, դա միշտ եղել է ՀԾԿՀ նախաձեռնությամբ. «Գազի մատակարարման համակարգում ունենք մեկ ընկերություն, որը գազը սահմանից տեղափոխում և բաշխում է վերջնական սպառողին, ու նա պատկերացում ունի վերջնական սպառողի մասին, վերջնական սակագնի մասին և կարող է հայտ ներկայացնել և ասել վերջնական սպառողի համար սակագինն ինչքան պետք է լինի: Էլեկտրաէներգետիկական շուկայում կան 11 խոշոր ընկերություններ, դրանք էլ արտադրող կայաններ են, բարձրավոլտ ցանցն է, որ տեղափոխում է, հաշվարկային կենտրոնն է, ազգային օպերատորը, հաշվիչ կենտրոնը, 40-ից ավելի փոքր ՀԷԿ-եր, ԱԷԿ-ը, Որոտանի կասկադը, Երևանի ՋԷԿ-ը, Սևանի հիդրոկասկադը, Հրազդանի 5-րդ բլոկը, որոնցից յուրաքանչյուրը սակագնի մեջ ունի իր մարժայի մեծությունը: Բոլորը ներկայացրել են իրենց մարժաները, մենք ամփոփել ենք ու գնահատել ենք, թե բոլորի հիմնավորված խնդիրները եթե հաշվի առնենք, վերջնական սպառողի համար ինչքան կլինի: Ուրեմն պատահաբար չի, որ էներգետիկայի մասին օրենքում գրված է, որ սակագները կարող են վերանայվել ինչպես հայտերի դեպքում այնպես էլ հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ»:

Հարցին՝ դուք պարտավո՞ր եք մտածել իրենց շահույթի մասին, Նազարյանը պատասխանեց, թե պարտավոր չեն, բայց պարտավոր են իրենց անհրաժեշտ հասույթ ապահովել, որ կարողանան լիցենզիայում ամրագրված բոլոր պայմանները ապահովելով՝ անվտանգ և հուսալի շահագործում ապահովելու. «Սպառողի մասին էլ ենք մտածել և լավ ենք մտածել, որովհետև եթե նրանց հայտերը դուք կարդաք ըստ ծախսային հոդվածների, կտեսնեք, թե ինչքան է տարբերվում այն մեծություններից, որոնք հայտարարել ենք չհիմնավորված և մերժել ենք»:

Հարցին՝ եթե ՀՀ քաղաքացիները բոյկոտեն ու անջատեն էլեկտրաէներգիան, ինչպե՞ս եք ապահովելու կազմակերպությունների ֆինանսական կայունությունը, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Դուք ֆորսմաժորային իրավիճակ եք ասում, որի պատասխանը ես հիմա չունեմ»:

Անդրադառնալով ԲՀԿ-ականների մեղադրանքին, որ ՀԾԿՀ-ն Էլցանցերի խնդիրն է լուծում, Նազարյանը նշեց. «Ես ցավում եմ, որ որևէ պատգամավոր, լինի ԲՀԿ-ից, թե այլ խմբակցությունից, որը նման ձևով է հանդես եկել, որովհետև դա միայն խառնաշփոթ ստեղծելու ցանկություն է ունեցել: Մենք որևէ մեկի շահերից հանդես չենք գալիս: Ընդհակառակը, մենք պետք է ավելի շուտ այս գործընթացը սկսեինք, բայց ցանկացանք մինչև վերջ հասկանալու, տարին ամփոփելու, հաշվետվությունները վերլուծելու, իրենց գրավոր հայտերը հասկանալու, նոր հրապարակային ժողովրդի առաջ հանդես գալու: Եթե մենք իրենց շահերը պաշտպանելու լինեինք, այսօր 16 մլրդի վնաս չէին ունենա»:

Նա վստահեցրեց, թե անցած տարի թանկացման ժամանակ սխալ հաշվարկ չի արվել և հիմա փորձ չի արվում այն ուղղել. «Յուրաքանչյուր սակագնային մեծություն վերաբերում է մեկ տարվան, մենք չենք կարող երկու կամ երեք տարվա կտրվածքով հաշվարկներ անել և կանխատեսել, թե ինչպիսին կլինի միջուկային վառելիքի գինը, ինչքան կլինի դոլար-դրամ փոխարժեքը մեր հանրապետությունում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս