Կնոջ առաջնորդություն. քննարկում են միջազգային մակարդակով
ԵՊՀ 95-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով միջազգային գիտաժողովով:
Կազմակերպիչը ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնն է, իսկ թեմայի վերաբերյալ, հայերից բացի, գիտական զեկույցներ ներկայացնելու էին եկել նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի մասնագետները:
«Այս գիտաժողովը նվիրել ենք կանանց առաջնորդության խնդրին, որովհետև դա գլոբալ խնդիր է: Աշխարհում ամեն տեղ կանայք ավելի քիչ հնարավորություններ ունեն, մեր աշխատաշուկան հարմարեցված չէ կանանց ամբիցիաները բավարարելու համար, բայց այստեղ կան ավելի խորը՝ սոցիալ-հոգեբանական պատճառներ: Հետխորհրդային երկրներում խնդիրները շատ մոտ են իրար, բայց, օրինակ, ԱՄՆ-ում դրանք բոլորովին այլ բնույթի են»,- ասում է ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը:
Երկար տարիներ այս ոլորտում աշխատող, հետազոտություններ կատարած մասնագետները հավաքվել էին իրենց փորձը ներկայացնելու, քննարկելու ու խնդիրներին որոշակի լուծումներ առաջարկելու համար: Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց, որ այս միջոցառումը կարևոր է այնքանով, որ գենդերային խնդիրները քննարկվում են գիտական մակարդակով ու հիմնավորումներով:
Գիտաժողովի մասնակիցները կանանց առաջնորդության խնդիրները բարձրացրել էին ամենատարբեր ժամանակաշրջաններում ու մակարդակներում՝ 17-րդ դարի հարեմներից սկսած մինչև մերօրյա կին քաղաքական գործիչներ, ազգագրական բնույթի վերլուծություններից մինչև հոգեբանական ու սոցիոլոգիական մեկնաբանություններ:
«Հարեմները կանանց առաջնորդության հետ ուղիղ կապ ունեն: Այն տեսակետը, թե հարեմը մի վայր է, որտեղ աղջիկները պառկած են լողավազանի կողքին և խաղող են ուտում, նրանց հովհարով զովացնում են, բոլորովին էլ չի համապատասխանում իրականությանը: Մենք տեսնում ենք, որ օսմանական և պարսկական հարեմներում լուրջ պայքար էր գնում իշխանության համար, այդ կերպ էլ ի հայտ էին գալիս նրանց լիդերական հատկանիշները»,- ասում է Սանկտ Պետերբուրգից ժամանած Եկատերինա Ռադիոնովան և հավելում, որ այս պարագայում պատմական ամենավառ կերպարներից մեկը Աննա խանումն էր՝ Աբաս II-ի մայրը:
Բանախոսներն իրենց հետազոտություններում անդրադարձել են նաև քաղաքականության մեջ կանանց դերին, հայ կին քաղաքական գործիչների ելույթներում գենդերային կարծրատիպերին, Ուկրաինայում գործող առաջին գենդերային թանգարանին, գյուղական կնոջ դերին և այլն:
«Այո՛, 19-րդ դարի 2-րդ կեսին, 20-րդի սկզբին հայ կանայք ընտանիքում ունեցել են բավականին լուրջ խնդիրներ՝ կապված իրավունքների և գործառույթների հետ: Հետո եկավ խորհրդային շրջանն իր ենթափուլերով, որտեղ դարձյալ կային խնդիրներ, բայց նույն Խորհրդային միությունն ուներ նաև որոշակի պոզիտիվ գենդերային քաղաքականություն. դա կնոջ զբաղվածության աճն էր, նոր մասնագիտությունների ի հայտ գալը և այլն: Իսկ անկախացումից հետո իրավիճակը փոխվեց, քանի որ փոխվեցին մեխանիզմները, ընտանիքի նյութական ապահովվածությունը, արժեքային ազդակները և այլն»,- հայ հասարակությունում կնոջ դերի փոխակերպումների մասին է պատմում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:
Միջազգային գիտաժողովում ներկայացված շուրջ 20 զեկույցներին հաջորդեցին քննարկումները, հարց ու պատասխանը, որոշ դեպքերում էլ՝ նաև բանավեճը: