Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ հավանաբար օգոստոսի 1-ից. A1plus.am
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մոտավորապես 3.85 դրամի սահմաններում կլինի: Իմ գնահատմամբ, տարեկան կտրվածքով դա ընտանիքների վրա 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»,- այսօր մի քանի լրագրողի տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ինչպես գրում է a1plus.am-ը, նա ենթադրել է, որ սակագնի բարձրացումը հավանաբար տեղի կունենա օգոստոսի 1-ից: Այսօր պարոն Նազարյանը ԲՀԿ խմբակցությանը ներկայացրել է սակագնի փոփոխության հիմնավորումները, վաղը պատրաստվում է հանդիպել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ:
«Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել և կարելի է նվազեցնել (սակագինը-խմբ.), ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է սահմանին գազի թանկացման վերաբերյալ լուրերին, Նազարյանը դա հերքեց:
Գոնե այս տարվա համար նա վստահ հայտնեց, որ գազի թանկացում չի լինի: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով սոցիալական նոր լարվածության առաջացման վերաբերյալ Նազարյանն ասաց. «Դա շատ ցավոտ հարց է, բայց չեմ գտնում, որ դա պետք է մեզ ուղղեք:
Իսկ ընդհանրապես, միշտ էլ, երբ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես միշտ ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու: Ես էլ ձեր նման սպառող եմ, ունեմ հարազատ, մոտիկ մարդիկ, ի վերջո՝ մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու:
Իհարկե պրոբլեմ է: Կոմունալ ծառայության ամեն մի բարձրացում խփում է սպառողի գրպանին: Բայց այդ խնդիրը կառավարությունը պետք է լուծի՝ իր սոցիալական ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելով, սոցիալապես անապահով խավերի թոշակը, աշխատավարձերը բարձրացնելով»:
Հնարավո՞ր էր խուսափել բարձրացումից, թե ոչ: Ըստ Նազարյանի՝ ոչ միայն հնարավոր չէ, այլև իրենք դատապարտված են բարձրացնելու, և եթե մի աննշան հնարավորություն էլ ունենային, ապա այդ քայլին չէին գնա: «Մենք ունենք գործառույթների շրջանակ, որ պետք է կատարենք՝ ապահովելու հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում: Եթե մենք այս քայլերը չանենք, ապա 2-3 տարի հետո կկանգնենք լուրջ խնդիրների առաջ»,-ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում