Ըստ իրանագետի` Հայաստանը չի կարող Ռուսաստանից անկախ ազատ տնտեսական գոտի ստեղծել

«Ինձ համար մի քիչ պրոբլեմատիկ է թվում, որ Հայաստանն ինքնուրույն կարողանա ազատ գոտի ստեղծել Իրանի հետ և օգտագործել, որովհետև իրականում կախվածությունը Ռուսաստանից այն աստիճանի է, որ եթե մենք կարողանայինք ինքնուրույն ստեղծել` գազի պայմանագիրն էլ ինքնուրույն կստեղծեինք, նավթի մասին էլ ինքնուրույն հարցեր կկարգավորեինք: Եթե այդ երկու-երեք կարևորագույն բաները չենք կարողացել անել, բնականաբար, ազատ տնտեսական գոտին ուղղակի ինքնուրույն չենք կարող: Հույս ունենանք, որ եթե կայանա այդ միությունը, գոնե Հայաստանն ինչ-որ օգուտ կունենա՝ հենց որպես կապող օղակ հանդիսանալով նույն Իրանի հետ:

Այս հենց ազատ գոտին ավելի շատ ընկալվում է այդ տրամաբանության մեջ, քան ուղղակի` Հայաստան-Իրան, որովհետև Հայաստանն այն անկախ վիճակում չէ (այսինքն` ունի անկախություն, անկախ երկիր է, բայց կախվածություն ունի թեկուզ նույն Ռուսաստանից, իսկ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար պարտադիր պայմաններից մեկը երկաթգծի առկայությունն է): Իսկ այսօրվա դրությամբ մեր երկաթգիծը շահագործվում է ռուսական կազմակերպության կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Իրանագետը խոսեց նաև Մաքսային միության վերաբերյալ՝ ասելով. «Մաքսային միության հետ կապված որոշակի հետաքրքիր զարգացումներ կան, որովհետև վաղուց խոսվում է այն մասին, որ Իրան-Ռուսաստան-Չինաստան համագործակցությունը կարող է շատ արդյունավետ օգտագործվել Ամերիկա-Եվրամիություն համագործակցության դեմ: Բնականաբար, բարդություններ չէին կարող չլինել, որովհետև Չինաստանը հզոր երկիր է, ունի իր ամբիցիաները, Իրանն ունի իր ամբիցիաները, Ռուսաստանը՝ իր: Նրանց համատեղ՝ ինչ-որ 100 տոկոսանոց համագործակցությունն ուղղակի բացառվում է, բայց որոշակի շրջանակներում, իհարկե, կարող է լինել: Մաքսային միությունը հնարավոր շրջանակներից մեկն է ընկալվում: Իրանը՝ որպես անկախ երկիր, բնականաբար, չի կարող անդամակցել, այսինքն՝ չի անդամակցում Մաքսային միությանը, բայց, ինչպես նշեցի՝ նա ճանապարհներ քննարկում է, և ինձ թվում է՝ կարող են գտնել համագործակցելու համար»:

Ըստ իրանագետի` Մաքսային միության կայանալու և ընդլայնվելու դեպքում Իրանը «պետք կլինի» ՄՄ-ին: «Առաջին հերթին՝ Ռուսաստանը վաղուց նախատեսում էր Իրանի միջոցով, Հայաստան-Իրան երկաթգծով ելք դեպի Պարսից Ծոց՝ Հյուսիս-Հարավ ճանապարհով: Ճիշտ է, կա ինֆորմացիա, որ Ադրբեջանում կա այդ ճանապարհը, գործում է, երկաթգիծ են կառուցում, սակայն, հաշվի առնելով նույն Ադրբեջան-Իրան տարաձայնությունները և Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող երկրի կայունության համար ոչ բարենպաստ գործընթացները, թեկուզ՝ այդ անջատողականությունը, որ վաղը կարող է բերել հեղափոխության, վտանգի տակ է դրվում ցանկացած ֆինանսական ներդրում: Այսինքն՝ նույն երկաթգիծը կարող է վտանգված լինել: Բացի դրանից՝ Իրանը ունի մեծ, հարուստ պաշարներ, որոնք, բնականաբար, օգտակար կլինեն Եվրասիական միությանը»:

Իրանագետը նշեց նաև, թե ներկայումս Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին խոսք լինել չի կարող. «Իրանի նկատմամբ պատժամիջոցները սկսվել են հենց Իսլամական հեղափոխությունից, այսինքն՝ արդեն 35 տարի, և 35 տարվա ընթացքում Իրանն անցել է տարբեր իրավիճակներով: Նույնն էլ Հայաստանի անկախությունից ի վեր՝ չնայած այդ պատժամիջոցներին, հարաբերությունները զարգանում են տնտեսապես և բարելավվում են: Կարելի է ասել, որ Հայաստան-Իրան հարաբերություններում ոչ մի հետընթաց չի գրանցվել վերջին շրջանում: Մանավանդ հիմա, որ արդեն մի քիչ թեթևացել է համաշխարհային, այսպես ասած, հիստերիան Իրանի նկատմամբ, որ չկան այդ փոխադարձ սպառնալիքները, և այլն, ու նաև որոշակի քայլեր արվեցին՝ այդ միջազգային բանկերում ակտիվների ապասառեցման հետ կապված: Այնպես որ, համենայնդեպս այս փուլում, չեմ պատկերացնում, որ կարող է լուրջ սպառնալիք ներկայացնեն այդ սանկցիաները»:

Մ. Բաղդասարյանն ասաց, որ Իրան-Թուրքիա տնտեսական հարաբերությունները լավ են զարգանում, «որովհետև Իրանը՝ լինելով շրջափակման մեջ գտնվող երկիր», ցանկացած հնարավորություն օգտագործում էր արտաքին տնտեսական շուկա մտնելու համար. «Նույնիսկ պատժամիջոցները, որ կային Ամերիկայի կողմից, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ինքն էր շրջանցում այդ պատժամիջոցները, թեկուզ՝ դոլարի հետ կապված գործարքներ կային, ոսկով էր փոխհատուցում: Քաղաքական առումով լուրջ խնդիրներ կան Թուրքիայի և Իրանի միջև, սակայն Իրանի կողմից այդ մասին չի բարձրաձայնվում, որովհետև նախ՝ իսլամական երկրներն Իրանի Սահմանադրությամբ ընկալվում են՝ որպես եղբայր երկրներ: Նա չի կարող բացահայտ այդ մասին խոսել, բայց մենակ այդ թուրքական ներկայությունը տարածաշրջանում և Թուրքիայի ամբիցիաները, լինեն՝ նեոօսմանական, պանթուրքիստական, բնականաբար, միանշանակ վնասում են Իրանի շահերին: Եվ Իրանի նախագահի այցելությունն առաջին հերթին հենց տնտեսական նպատակներ էր հետապնդում, քան քաղաքական ինչ-որ իրավիճակի ապասառեցում»:

Տեսանյութեր

Լրահոս