Բաժիններ՝

Կառավարման փորձագետը՝ կառավարության նոր ծրագրի մասին. Ով է գլխով պատասխան տալու և ինչպես է պատասխան տալու

«Մումուլում բանավեճերի միջոցով չէ, որ երկրի զարգացման լուսաբացը կբացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Հովիկ Աբրահամյանի հեռակա բանավեճի մասին: Նա նշեց, որ կապ չունի, թե ովքեր են կառավարությունում, նոր կառավարություն է, թե` հին, որովհետև մեզ մոտ 1991 թվականից այդպես էլ չձևավորվեց պետության զարգացման ծրագրի մշակումը, ներդրումը և հետո՝ հաշվետվություն տալը.

«Այդ մշակույթը չկա մեզ մոտ: Դրա համար ոչ մի ակնկալիքներ ես չեմ տեսնում: Նախկինները ներկաների հետ, ներկաները նախկինների հետ 23 թեմա են բանավոր խոսում` առանց շոշափելի արդյունքների»:

Խոսելով կառավարության ներկայացրած նոր ծրագրի մասին, կառավարման փորձագետն ասաց, որ ցանկացած զարգացման ծրագիր նախատեսում է մի քանի կարևոր երևույթներ. «Առաջինը` որտեղից փողերը, երկրորդը` որոնք են գլխավոր թիրախները, երրորդը` փուլերով մարդիկ ինչ ակնկալիքներ պետք է սպասեն և ինչ խնդիրներ կարող են ունենալ, ով է գլխով պատասխան տալու և ինչպես է պատասխան տալու: Քանի որ իմ թվարկած կետերից ոչ մեկը չկա, նման տեսակի փաստաթղթերը ես ծրագիր չեմ համարում:

Օրինակ, Հայաստանում տարբեր հաշվարկներով ստվերայնությունը տատանվում է 40-80 %ճ-ով: Սա նշանակում է, որ Հայաստանում կարելի է շատ հանգիստ (պայմանական հանգիստ) 2-5 անգամ ավելացնել մեր բյուջեն (այսինքն` ավելացնել ֆինանսական մուտքերը և շրջանառությունը), իսկ մենք ի՞նչ ենք տեսնում, առավել ևս վերջին մի քանի տարիների ընթացքում, պետական պարտքը շեշտակի աճում է: Այն դեպքում, երբ մենք մի քանի անգամ ավել ֆինանսավորման ներքին աղբյուրներ ունենք: Պարտքն աճում է, վիճակը չի լավանում և ամեն ամիս ինչ-որ լրացուցիչ մի երևույթ է ի հայտ գալիս, որով մարդիկ պետք է ավելի շատ վճարեն: Վերջինը` Էլեկտրաէներգիայի թանկցումն է, մինչև այդ գազի թանկացումը, կարմիր գծերը, արագաչափերը և այլն:

Կարդացեք նաև

Այսինքն` ոչ թե ստվերայնության ուղղությամբ են ուզում աշխատել, այլ ամեն մի քայլափոխի լրացուցիչ ինչ-որ մուտքեր ապահովել, որը զարգացում որպես երևույթ անվանել ուղղակի չի կարելի»:

Ըստ փորձագետի` զարգացումը միշտ ենթադրում է ներքին դինամիկ պրոցես, որտեղ ավելանում են մուտքերը, վերջացրած նպատակային ֆինանսների օգտագործում և փուլերով հաշվետվություն. «Նման բան ես չեմ տեսնում, դրա համար ոչ մի նման փաստաթղթի՝ ծրագիր չեմ կարող անվանել»:

Հ.Մեսրոբյանի կարծիքով` եթե համակարգը լավը չէ, դա անձերից կախված չէ. «Համակարգի ամենամեծ խոցելիությունն այն է, որ 1991 թվականից (մինչև այդ էլ) մենք պայքարում էինք, ոչ թե անկախ Հայաստանի համար, այլ` Արցախի համար: Արցախի խնդիրը որոշ չափով լուծվել է, բայց քանի որ 1988 թվականին մրցունակ, ուժեղ պետության տեսլական մենք չունեինք, դրա համար երբ 1991 թվականին մենք մեզնից անկախ դարձանք անկախ, մենք խորհրդային միությունից ժառանգած պետական կառավարման համակարգը կարկատելով, հարմարեցնելով բերեցինք, հասցրեցինք 2014 թվական: Այսինքն` մեքենան մենք չփոխեցինք»:

Հարցին՝ եթե Ձեզ նշանակեին վարչապետ՝ որո՞նք կլինեին Ձեր առաջին քայլերը,  Հ. Մեսրոբյանը պատասխանեց. «Հրաժարական կտայի»: Հաջորդող հարցին՝ իսկ նախագահի դեպքո՞ւմ, նա այսպես արձագանքեց. «Նույնպես հրաժարական կտայի: Որովհետև դա հնարավոր է անել, երբ ձևավորվել են նման գաղափարներ, մարդկանց այդ շրջանակը պատրաստ է, ուզում է և կարող է: Մեկ հոգի չի կարող, եթե անգամ ինքը նախագահ է»:

Հարցին՝ փաստորեն Ձեր  գաղափարները կիսող չկա՞ Հայաստանում, Հ.Մեսրոբյանը պատասխանեց, որ մենք շատ լավ գաղափարների կիսող են, բայց «անող» չենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս