Սեռավարակաբանը՝ ծովափնյա հանգստի, կոմերցիոն սեքսի և «կուրորտային դրամաների» ծանր հետևանքների մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը խոսեց ամառային հանգստի ժամանակ առաջացող սեռավարակների մասին: Նրա խոսքով՝ ցանկացած ծովափնյա հանգիստ, իր հերթին՝ առաջ է բերում կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց բազմաթիվ կուտակումներ: «Հետևաբար՝ ստեղծվում են անպաշտպան սեռական հարաբերությունների նպաստավոր պայմաններ, և, այսպես ասած, «կուրորտային դրամաների» ծանր հետևանքների հետ մենք առնչվում ենք սեպտեմբեր ամսվա կեսերից, երբ անձանց մոտ արդեն ի հայտ են գալիս նմանատիպ գանգատներ»,- ասաց նա:
Սեռավարակաբանի խոսքով` ցանկացած սեռավարակ կարող է փոխանցվել անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ. «Ծովափնյա հանգստի դեպքում նման անձանց հետ հանդիպելու ռիսկն առավել մեծ է: Իհարկե, ցանկացած սեռավարակի դեպքում ավելի ճիշտ է կանխարգելումը, քան հետևանքները վերացնելը: Դա նաև բոլոր առումներով է ավելի հեշտ: Առողջությանը հասցվող վնասը վերացնելը միշտ ավելի ծանր է լինում, ավելի դժվարությամբ է լինում, և, ինչո՞ւ չէ՝ ֆինանսական առումով այն ավելի մեծ ծախսեր է պահանջում, քան պարզապես դրանց կանխարգելումը»:
Կ. Վարդանյանը նշեց, որ սեռավարակների կանխարգելման լավագույն տարբերակն առայսօր համարվում է յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը. «Եթե պահպանակի ամբողջականությունը խախտվել է, արդեն դա համարվում է անպաշտպան սեռական հարաբերություն և հղի է հետևանքներով: Ցանկացած անպաշտպան հարաբերությունից հետո, ամեն դեպքում, խորհուրդ է տրվում դիմել սեռավարակաբանի՝ որոշակի սեռավարակաբանական քննություն անցնելու` հաստատելու կամ բացառելու սեռավարակների առկայությունը: Նշեմ, որ ինչքան շուտ է հայտնաբերվում այս կամ այն սեռավարակը, ապա միանշանակ շատ ավելի արագ է բուժվում, և չենք առնչվում բարդությունների հետ: Խորհուրդս այս է. առաջին հերթին՝ ունենալ փոխադարձ հավատարիմ զույգ, ձեռնպահ մնալ պատահական սեռական հարաբերություններից, և եթե, այնուամենայնիվ, պատահական սեռական հարաբերությունն անխուսափելի է, ցանկացած հարաբերության ժամանակ օգտագործել պահպանակ»:
Սեռավարակաբանը նշեց, որ տարբեր սեռավարակների դեպքում գաղտնի շրջանի տևողությունը խիստ տատանվում է. «Եթե վերցնենք գոնորեան, կամ տրիխոմոնադան, ապա վարակումից մինչև կլինիկական ախտանշանների զարգացումը կարող է տևել 3-5 օրից՝ մինչև 10 օր: Կան վիրուսային ծագման սեռավարակներ, որոնք վարակումից մինչև կլինիկական դրսևորումների ի հայտ գալը կարող են տևել մինչև անգամ տարիներ: Այսինքն՝ տվյալ անձը, կրելով վիրուսն իր ներսում, չի գիտակցում, որ ինքը հանդիսանում է վարակակիր և շարունակում է վարակը փոխանցել իր պարտնյորներին: Ուստի, ամեն դեպքում, պարբերաբար հետազոտություն անցնելը համարվում է գրագետ մոտեցում»: