«Մի անգամ ինքն էլ հրապարակավ ասաց. «Մենք բոլորոս էինք այն ժամանակ սրիկաներ»». Միկոյանի թոռը՝ Անաստաս Միկոյանի մասին. «Առավոտ»
«Առավոտի» հետ զրույցում ասում է Անաստաս Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանը։
– Ձեզ, հավանաբար, ծանոթ են պատմությունները, որոնք պատմում են այդ տարիների ականատեսները։ Օրինակ՝ Միկոյանի հուշարձանի դեմ հանդես եկավ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը. ամբողջ ընտանիքի անունից, քանի որ Չարենցի այրին՝ Իզաբելլան, ժամանակին նամակ էր գրել Միկոյանին՝ խնդրելով չաքսորել իր որդիներին, սակայն ոչ մի պատասխան չէր ստացել։
Հրապարակվել է նաև, որ Հովհաննես Թումանյանի այրին՝ տիկին Օլգան, տեսնելով Անաստաս Աիկոյանին, կանգնել է դռան դիմաց ՝ փակելով մուտքը, ասելով. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա ՝ քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»։
– Նա ոչ թե չէր թողել ներս մտնել, այլ խուսափել էր հանդիպումից, սրանք տարբեր բաներ են և պատասխանի փոխարեն ուզում եմ հարց տալ՝ իսկ ինչպես կարող էր Միկոյանն ազատել նրանց։
– Նա վերջին մարդը չէր Ստալինի շրջապատում. ..
– Այո, դա այդպես Է, բայց կար Քաղբյուրոյի որոշումը, որով արգելվում էր Քաղբյուրոյի անդամներին միջամտել НКВД-ի գործունեությանը, որն անձամբ վերահսկում էր Ստալինը։ Լինել Ստալինի կողքին՝ չի նշանակում լինել նրա պատճենը։ Միկոյանն ուներ տնտեսական, անտեսվարման գործառույթներ, նա ամենազոր չէր։ Նա իրավունք չուներ միջամտելու, չնայած երբեմն էլ փորձում էր՝ խնդրելով Ստալինին մեկ մի գործչի համար, մեկ մյուսի, բայց հարկ էր խորամանկել, խելացի հիմնավորել գտնել պահը։ Բայց նման դեպքերը եզակի են։ Չէ՞ որ Ստալինը չէր խղճահարվում։ Առանց նրա համաձայնության անհնար էր փրկել մարդուն։ Աոանձին մարդկանց Միկոյանն, այսուհանդերձ, հաջողեց փրկել։ Օրինակ՝ Բաղրամյանին. սա հայտնի պատմություն է։
– Դերենիկ Դեմիրճյանին…
– Այո, նա փրկեց նաև Կարո Հալաբյանին, որը Մոսկվայի գլխավոր ճարտարապետն էր, և Բերիան որոշեց նրան փտեցնել բանտում։ Նաև Ավետիք Իսահակյանին զերծ պահեց ծաոացած սպառննլիքից։ Ստալինը Միկոյանի խնդրանքից հետո նույնիսկ գրեց. «Այս ծերունուն չդիպչել» (տեղի խնայողության նպատակով չենք մեջբերի գնդակահարված և աքսորված հայ մտավորականների անունները, որոնց շարքում են, մասնավորապես, Ակսել Բակունցը և Զապել Եսայանը.– հեղ.)։
Նա փրկում էր նույնիսկ հասարակ մարդկանց։ Ես անձամբ ներկա եմ եղել մի մարդու պատմության, որին հենց բանտային խցից բերել էին Միկոյանի առանձնասենյակ՝ «խորհրդատվությունների համար», և նրան թողեցին այնտեղ ապրել մի քանի ամիս՝ հենց քարտուղարությունում, որ փրկեն ձերբակալության շարունակությունից։ Սրանք, իհարկե, եզակի դրվագներ են, և նա չէր կարող կանգնեցնել բռնաճնշումների ալիքը։ Ստալինն ուղղակի չէր ընձեռել նման ազատության Միկոյանին։ Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», և նա ակնառու դա հասկացնում էր։
Եվ եթե խոսենք Թումանյանի որդիների մասին՝ ինչպե՞ս կարող էր փրկել նրանց, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում։ Ընդ որում՝ մեկը 14 տարեկան էր, իսկ մյուսը՝ 16։ Նրանցից մեկը՝ 14-ամյան, իմ հայրն էր։ Նա Լուբյանկայում նստեց վեց ամիս և աքսորվեց Տաջիկստան՝ մեղադրվելով մանկական, ես ընդգծում եմ՝ մանկական հակակառավարական կազմակերպությանը մասնակցության մեջ, որը նպատակ ուներ տապալել պետական կարգերը։ Ավելի ապուշ և ֆանտաստիկ մեղադրանք երեխաներին անհնար է հորինել։ Իսկ երեխաներին, ի դեպ, այն ժամանակ կարելի էր գնդակահարել 12 տարեկանից։ Եվ նրա երկու որդիները նստած էին, ընդ որում՝ Ստալինը նրան այդ մասին բառ իսկ չէր ասել։ Կարծում էին, թե մեկը խեղդվել է՝ նրան ողջ օրը փնտրում էին գետում, և միայն դրանից հետո պարզվեց, որ բանտում է։ Սրանք որդիներն են, ինչպես այժմ են փորձում ներկայացնել՝ «ամենազոր» Միկոյանի։ Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», և նա հստակ ցուցադրում էր դա։
Ստալինը ցուցադրում էր Միկոյանին, որ նա նման հարցերում պետք է «ջրից լուռ ու խոտից ցածր» մնա։ Նա գիտեր, որ Միկոյանը բռնաճնշումների հակառակորդ է։ Ահա հենց այսպես Ստալինը թափանցիկ ակնարկեց, որ Միկոյանն իմանա իր տեղը։ Շատ դաժան ժամանակներ էին։
Ես, իհարկե, ցավակցում եմ Թումանյանի ընտանիքին (հիշեցնենք, որ բանաստեղծի երեք որդիներնը գնդակահարվեցին.– հեղ.)։ Ինչպես և ցանկացած այլ ընտանիքի։ Բայց իմ ընտանիքին էլ դժբախտությունը չի շրջանցել. մորական պապս՝ ԽՍՀՄ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ա. Կուզնեցովը, պաշարված Լենինգրադի հերոսը և Ստալինի սիրելին. գնդակահարվեց, իսկ տատիկս 4 տարի անցկացրեց բանտում՝ մինչև Ստալինի մահը։ Բայց Ա. Միկոյանը կտրականապես հրաժարվեց իրեն մատուցված գաղափարից՝ կանխել ծնողներիս հարսանիքը, գնաց անհատական ռիսկի, խիզախություն ցույց տվեց։ Մեկ տարով իր ամառանոցում բնակեցրեց մորս դեռահաս եղբորը, որ նրան չտանեն։
Կամ նման պերճախոս դրվագ Միկոյանի մասին։ Երբ Ստալինը սկսեց պնդել, որ Միկոյանր վերադառնա Արտաքին աոևտրի ժողովրդական կոմիսարի պաշտոնին, Միկոյանը պայման դրեց, որ դադարեցվեն ձերբակալությունները այդ նախարարությունում։ Եվ Ստալինը համաձայնեց։ 10 տարվա ընթացքում սա անվտանգության օազիս էր իր աշխատակիցների համար, նրանցից ոչ մեկը չձերբակալվեց։ Ամեն տեղ ձերբակալություններ էին՝ բացի այս կառույցից, որը ղեկավարում էր իմ պապը։ Այս մասին էյ վատ չի լինի հիշել։ Եվ ոչ թե Միկոյանին պատկերել իբրև մի արյունռուշտ ստահակի, որը միայն այն մասին էր մտածում, թե ինչպես մարդկանց խցկի բանտերը։
– Դուք ծանո՞թ եք հուշարձանի առնչությամբՀայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու արձագանքին։
– Ծանոթ եմ։
– Խնդրեմ, մեկնաբանեք։
– Աոաջին հերթին՝ տարօրինակ եմ համարում, որ այդ երկրի դեսպանը հրահանգում է, թե ինչ հուշարձաններ կարելի է տեղադրել այս երկրում…
– Իսկ նա հենց ասաց, թե «Ցանկացած ազգի գործն է՝ կանգնեցնել այն մարդու արձանը, ում որ ինքը ցանկանում է։ Ես այստեղ ոչ մի ասելիք չունեմ», բայց նաև հավելեց՝ «Միկոյանի նման անձանց արձանը կանգնեցնելը, կարծում եմ, անբարորյական է»։
– Սա հստակ խրատ է և կշտամբանք։ Այսինքն՝ նա սկսում է սովորեցնել հայ ժողովրդին, թե ինչն է լավ և ինչն է վատ, ինչն է բարոյական և ինչը՝ ոչ, ինչ հուշարձաններ դնեք, ինչը՝ հեռացնել, իսկ հետո, թերևս, ինչ կարգեր հաստատեք, ինչ քաղաքականության տանել։ Սա ինձ՝ ճիշտն ասած, գարմացնում է։ Ես 18 տարի է՝ դիվանագիտական ծառայության եմ, և առաջ կարծես թե ընդունված չէր այս երկրներում հրահանգեյ, թե ինչ պետք է անեն և ում պատվեն։
Լեհաստանում, սակայն, ընդհանրապես տարօրինակ վերաբերմունք կա հուշարձանների նկատմամբ։ Կան Նապոլեոնի հուշարձաններ, թեև նա գրավել էր Լեհաստանը, իսկ Լեհաստանի ազատագրողների՝ խորհրդային զինվորների հուշարձանները կարծես բոլորը ոչնչացրել են։ Մինչդեռ Լեհաստանի համար զոհվածների մեջ նաև հայեր կային… Ինձ թվում է, որ այն երկրի և ժողովրդի հանդեպ ակնկալվելիք հարգանքից ելնելով, որտեղ դու ներկայացնում ևս քո երկիրը՝ չարժե, ինչպես մանուկների, դասեր տալ, թե ինչն է լավ և ինչն է վատ։ Եվ հավելեմ՝ սեփական արժանապատվություն ու հպարտություն ունեցող երկրում։ Հուսով եմ, որ դա դեռ այդպես է։
– Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ նրանք, ովքեր դատապարտվել են խորհրդային տարիներին՝ քաղբանտարկյալները և բռնադատվածները, ասում են, որ եթե հուշարձանը տեղադրվի, կներկեն այն կարմիր՝ արյան գույնով կամ անգամ կպաթեցնեն այն։ Եվ նույնիսկ Աժ փոխնախագահ Էդուարդ Շաբմազանովը, որը պատմել էր, թե Միկոյան եղբայրների արձանին մշտապես ծաղիկներ է տանում, հավելել էր. «Ես չէի ուզենա, որ պետական գործիչների արձանները կռիվ–դավով դրվեն»։ Իսկ Ձեզ սա չի՞ կաշկանդում։
– Սկսենք նրանից, որ հուշարձանների պղծումը զազրելի հանցանք է։ Եթե սրա հետ համակերպվեն, ապա ինչ-որ մեկը կցանկանա պղծել Շահումյանի արձանն էլ՝ որպես բոշևիկի։ Նրանք, որոնց դուր չի գալիս Ռուսաստանի հետ բարեկամությունը, կարող են «Միասնական խաչ» հուշարձանի վրա էլ ներկ լցնել։
Սա ստեղծում է Հայաստանի շատ տհաճ, ոչ բնական կերպար, որպես մի երկրի, որը բացարձակ հանդուրժող չէ, որտեղ տիրում է բարքերի ցոփություն, բացակայում է տարրական դաստիարակությունը։ Ես կարծում եմ, որ դա տհաճ երևույթ կլինի Հայաստանի վարկի և միջազգային կերպարի համար։
Եկեք տեսնենք, թե ում է նվիրված այս հուշարձանը։ Լքված լեռնային գյուղակից մի տղայի, որը ռուսերեն բառ անգամ չգիտեր՝ ուղարկվեց սովորելու Թիֆլիս, որտեղից նա հետո գնում է կռվելու, դաոնում հեղափոխական, իսկ հետո՝ նաև քաղաքական գործիչ, պետական ղեկավար, խոշոր տնտեսվարող, տնտեսագետ, որին ընդունում էին արտասահմանում։
Եվ ինչպես ասում էր ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հարրիմանը՝ Միկոյանն ընդհանրապես միակ մարդն էր Կրեմլում, որի հետ կարելի էր նորմալ խոսել։ Շարլ Դը Գոլը նրան անվանում էր համաշխարհային մասշտաբի պատմական անձ։ Նրանց կարծիքներն էլ արժե լսել։ Սա մարդ է, որն իրեն զրոյից դարձրեց նշանակալից և հարգված անձնավորություն։ Նաև ասեմ, թե ինչու հարգված։
Ես համոզված եմ, որ եթե չլիներ Միկոյանը, ապաստալինացման քաղաքականությունն ուղղակի չէր լինի։ Իսկ եթե լիներ էլ՝ ոչ նման մասշտաբներով և տեմպերով։ Ապաստալինիզացիան ինքն իրեն տեղի չունեցավ։ Երբ մահացավ Ստալինը՝ ոչինչ չփոխվեց։ Դե, հա, գնդակահարեցին Բերիային, բայց չփոխվեց ոչինչ։ Կուսակցական ղեկավարության կազմը մնաց նույնը։ Նայեք այդ գործիչներին։ Ո՞վ կձեոնարկեր ապաստալինացումը՝ Մոլոտո՞վը, Կագանովի՞չը։ Ոչ։ Նրանք մինչև կյանքի վերջը գրում էին իրենց հուշերում, թե դեռ ժողովրդի բոլոր թշնամիներին չէ, որ ոչնչացրել էին։ Այնտեղ ուղղակի չկային մարդիկ բացի Խրուշչովից ու Միկոյանից, որոնք կարող էին քաջություն ունենալ սկսելու ապաստալինացում։
Հենց Միկոյանը համոզեց Խրուշչովին, որ դա պետք է արվի 20-րդ համագումարում։ Հենց Միկոյանն է առաջինը ելույթ ունեցավ 20-րդ համագումարում Ստալինի քննադատությամբ։ Հենց Միկոյանը գլխավորեց ռեաբիլիտացիայի հանձնաժողովը։ Այդ նա ստեղծեց 83 հանձնաժողովներ, որոնք ուղարկվեցին անմիջապես ճամբարներ և ազատեցին հարյուր հազարավոր մարդկանց։ Հենց նա գլխավորեց տեղահանված (մասնավորապես Հյուսիսային Կովկասից) ժողովուրդների վերադարձի կոմիտեն։ Դա նրա նախաձեռնությունն էր։ Մարդիկ այդ մասին, չգիտես ինչու, չեն հիշում։ Սա ապաշխարանք էր։
…Մենք բոլորս պետք է գնահատենք, որ Միկոյանի խիղճն այդպես վիրավոր էր, և այդքան քաջաթյուն կար սկսել հետ պտտել ստալինյան կարգերի անիվը։ Մի անգամ ինքն էլ հրապարակավ ասաց. «Մենք բոլորոս էինք այն ժամանակ սրիկաներ»։ Այնպես որ՝ Միկոյանի նպաստը դեստալինիզացիայի, հասարակության ժողովրդավարացման առումով այժմ հստակ թերագնահատվում է։ Մինչդեռ այն ահռելի է։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։