Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ և Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»:

«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասաց Շվեյցարիայի Նախագահը։

«Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությանը և պատրաստ է իր նպաստը բերել շվեյցարական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, որոնց շարքում, անշուշտ, կարևորում է անվտանգության և կայունության խթանմանը, Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ շվեյցարական նախագահությունը անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ափսոսանք հայտնեց, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորեց դրանց շարունակականության ապահովումը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման մասին:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս