«Ո՞ր թիվն է, որ միջամտեմ». Օսիպյանը՝ եղբորորդուն «ջրից չոր» հանելու մասին. ԳԱԼԱ
Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, վիրահատությունից հետո տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը կայուն է: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին հիվանդանոցից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարողը եղել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանը ասել է, որ շատ լավ է ճանաչում իր եղբորորդուն եւ կարծում է, որ ինքը նման հանցագործության չէր գնա, բայց եւ շեշտում է, որ քննությամբ ամեն ինչ կպարզվի: «Հիմա ով է դրանից ապահովագրված, այսինքն՝ եթե ընտանիքում կան վարորդներ, այսինքն՝ հարազատները իրավունք չունեն վթարի ենթարկվեն, կամ եթե կան բժիշկներ, ուրեմն՝ իրավունք չունեն սխալվեն»,- ասել է Վ. Օսիպյանը՝ ի պատասխան այն քննադատությունների, թե հանցագործության դեմ պայքարողի հարազատն է այսօր հանցագործություն կատարում:
Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստվո՞ւմ եք արդյոք միջամտել, որպեսզի ձեր եղբորորդին «ջրից չոր» դուրս գա, Վ. Օսիպյանը ասել է. «Ինչի՞ համար միջամտեմ, ո՞ր թիվն է, որ միջամտեմ: Ո՞ւմ համար միջամտեմ, օրենք կա, եւ հետո մեղավոր կողմ կլինի, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ինչո՞ւմն է խոսքը: Չկա նման բան, չի եղել եւ չի էլ կարող լինել, որ գնդապետ Օսիպյանը փորձի միջամտել: Ոչ մի ձեւով ոչ ուզում եմ, ոչ ցանկություն եւ ոչ էլ իրավասություն ունեմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: