Բաժիններ՝

Միկոյանի արձանը մոտ 1 տոննա է. ի՞նչ արժե 1 կգ բրոնզը

168.am-ին հայտնի դարձավ, որ Անաստաս Միկոյանի՝ արդեն պատրաստի արձանը կշռում է մոտ 1 տոննա: Անցյալ շաբաթ արձանն արդեն պատրաստի վիճակում գտնվում էր Նոր Նորքի 5-րդ զանգվածի ձուլարաններից մեկում, սակայն ձուլարան լրագրողների մուտքից հետո արձանն անհետացել է: Մենք, այցելելով, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այն արձանի աշխատանքներին հետևող քանդակագործի՝ Երևանի կենտրոնում գտնվող արվեստանոցում է, սակայն արձանն այնտեղ չէր: Մեկ այլ տեղեկություններով, այն գտնվում է Երևանի քաղաքապետարանին պատկանող փակ ավտոկայանատեղիներից (գարաժներից) մեկում, սակայն առայժմ մեզ չհաջողվեց ճշտել, թե որտեղ:

Բրոնզաձույլ արձանի վրա, ինչպես տեղեկացանք, ծախսվել է 700-800 կգ բրոնզ: Քանդակագործության մեջ օգտագործվող բրոնզը Հայաստանում վաճառվում է գունավոր մետաղի հանձնման կետերում: Մեկ կգ բրոնզի արժեքը սկսում է 2000 դրամից և հասնում մինչև 4000 դրամ՝ կախված մաքրության, թափոնի, համաձուլվածքի տեսակից:

Հայտնի է, որ գունավոր մետաղների հանձնման և վաճառքի կետերում մեծ թիվ են կազմում գերեզմանոցներից, այլ վայրերից գողացված քանդակներ, արվեստի գործեր, կիսարձաններ, երկաթյա ճաղավանդակներ, բրոնզե դետալներ: Մետաղագործության այդ «չենջերը» հայ իրականության վերջին տարիների ծնունդ են: Փոխանակման ու վաճառքի այդ կետերի տեղը լավ գիտեն նաև իրանցիներն ու եվրոպացիները: Ընդ որում՝ իրանցիները հետաքրքրված են սև, եվրոպացիները՝ գունավոր մետաղներով:

Հայտնի է, որ տարիներ առաջ անհետացել էին Դերենիկ Դեմիրճյանի տապանաքարին ամրացված բրոնզե գլուխը, գրականագետ Լևոն Ներսիսյանի, Մխիթար Հերացու, լեզվաբան Հրաչյա Աճառյանի բրոնզե կիսանդրիները… Ընդ որում, մեծ լեզվաբանը երկու անգամ է անցել մետաղագողների «թրի տակով». Մաշտոցի պողոտայում գտնվող նրա կիսանդրուց բացի՝ Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացվել է նաև նրա շիրմաքարին դրված բրոնզե քանդակը:

10382165_645360678891956_8637156732578128304_n 10440256_645360768891947_1713393689328435497_n 10369179_645360812225276_7275256523215905281_n

Վաղամեռիկ բանաստեղծ Սիփան Շիրազի գերեմանաքարի վրա դրված բրոնզե խաչը նույնպես անհայտ պայմաններում անհետացել է: Մետաղագողության են ենթարկվել նաև Հայկ Նահապետի, Տորք Անգեղի արձանները, Երվանդ Քոչարի ու Վաղարշ Վաղարշյանի տապանաքարերը: Վերջին դեպքերում գողացված մետաղները բրոնզ չեն եղել, սակայն ունեցել են որոշակի արժեք:

Իսկ բրոնզագողության ամենաթարմ օրինակը թերևս Հանրապետության հրապարակի Յոթ ցայտաղբյուրի՝ Նուռի հեղինակած երեք բրոնզե թասերի գողությունն է…

Անհետացած քանդակների, բրոնզե և այլ դետալների դեպքերին առնչվող բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:

Համապատասխան մարմիններին միշտ չէ, որ հաջողվում է ետ բերել գողոնը՝ այն շատ արագ ջարդոնի է վերածվում և վաճառվում:

Նշված կիսանդրիների և արձանների շարքում ամենածանրակշիռն, անշուշտ, Միկոյանի արձանն է (մոտ 1000 կգ), որը այս օրերին անտարբեր չի թողնում ոչ ոքի: Իսկ մետաղագողերն այդ թանկարժեք ձուլվածքը մի այլ հայացքով են դիտելու և գնահատելու:

Լուսանկարներում՝ Աճառյանի դատարկ հուշատախտակը , Լևոն Ներսիսյանի գողացված և վերադարձված կիսանդրին, Դեմիրճյանի դատարկ տապանաքարը

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս