Տարոն Մարգարյանը՝ Միկոյանի արձանի մասին. «Սա այն հարցը չէ, որ դնենք լայն քննարկման» (տեսանյութ)
«Սա այն հարցը չէ, որ մենք դնենք լայն քննարկման, որովհետև ընդամենը մի հատ կիսանդրի է տեղադրվելու: Իմ կարծիքով, հասարակական դժգոհությանը որոշ ուժեր դրդրում են, որովհետև եթե սովորական մեր քաղաքացիներին հարցնենք, իրենց ոչ մեկին էլ դա չի հետաքրքրում:
Սա այն հարցը չի, որ հասարակական քննարկման դրվի»,- այսօր կառավարության նիստից հետո մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք չպետք է հաշվի առնվի երևանցիների կարծիքը Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ:
Տ.Մարգարյանը նշեց, թե հարգում է Երևանի ավագանու որոշումը և Երևանի ավագանին ընդամենը իր համաձայնությունն է տվել կիսանդրին տեղադրելու համար, բայց դա գործընթաց է և կա կարգ, մինչև տեղադրելը հարցը պետք է քննվի այլ հանձնաժողովներում, ինչից հետո պարզ կլինի.
«Ավագանուն 15 օր ժամանակ էր տրվել քննարակելու, մշակույթի հանձնաժողովում շատ ճանաչված մարդիկ կան, քննարկվել է, հավանության է արժանացել: Եվ ես պարտավոր էի դա օրակարգում ընդգրկել»:
Հարցին՝ արդյոք Անդրանիկ Մարգարյանը հավանություն կտա՞ր Միկոյանի արձանի տեղադրմանը, Տ.Մարգարյանը պատասխանեց. «Անդրանիկ Մարգարյանի կարծիքի վերաբերյալ, ինձ թվում է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»:
Ըստ քաղաքապետի՝ Միկոյանը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ ինչպես 1941 թ-ի պատերազմի ընթացքում 600 հազար հայ զոհվեց, այդպես էլ Երրորդի ժամանակ կարող էին այդքան զոհվել: Մարգարյանը հայտարարեց, թե չի տեսել Միկոյանի վերաբերյալ որևէ փաստաթուղթ.
«Ես չէի ցանկանա, որ արխիվներում փորձենք շատ ման գալ, որովհետև ոչ միայն Միկոյանի հետ կապված, այլև շատ այլ մարդկանց մասին կարող ենք փաստեր ունենալ, որոնց մինչ օրս մեծարում ենք բոլորս»:
Մանրամասները՝ տեսանյութում