Բաժիններ՝

Վարդան Բոստանջյան. ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների կրճատման պատճառը արտագաղթն է

Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների կրճատման միտումները հիմնականում պայմանավորված են արտագաղթով: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2014 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՌԴ-ից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալի 595 հազար դոլարով կրճատումը (ապրիլին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 109 մլն 4 հազար դոլար):

«2013 թ. 1.7 մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ են եկել, բայց, հաշվի առնելով արտագաղթի տեմպերը, բնականաբար, դրանց հոսքը պետք է նկատելիորեն պակասի: Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես չեմ ուզում շատ վատատեսական հայացքներ արտահայտել, բայց նման իրավիճակում գնալով պակասելու է, որովհետև բոլոր այն անձինք, որոնք կարողանում էին աշխատել, եկամուտների մի մասը տեղափոխել ՀՀ, հիմա նրանց համար պայմաններ են ստեղծվել, որ կարողանում են իրենց ընտանիքներին տեղափոխել և այլևս ՀՀ գումար չեն փոխանցում: Դրա համար ոչ մի արտառոց բան չեմ տեսնում տրանսֆերտների 0.5 մլն-ով պակասելու մեջ և կարծում եմ, հետագայում ևս այդ թիվը պետք է նվազի»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ում տնտեսական իրավիճակը նույնպես կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց, հաշվի առնելով հայերի ճարպկությունը, առավել էական է՝ արտագաղթի գործոնը. «Բոլոր դեպքերում, նույնիսկ կենտրանցված կառավարման տարիներին, հայ մարդն առավել արդյունավետ ու նպատակային է աշխատել, քան այնտեղ գտնվող քաղաքացին: Այդ առումով, ես կարծում եմ, որ անկախ այն հանգամանքից, որ ՌԴ-ում դրությունը մի քիչ կվատանա, կամ մի քիչ կլավանա, հայ մարդիկ ավելի հարմար են հանգրվանում և գտնվում աշխատանքային գործունեության մեջ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս