Հակոբ Տիգրանյան. «Սփյուռքի վերջը Հայաստանում է»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի` անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած չորրորդ նիստի մասնակցողների թվում էր նաև Կիպրոսում բնակվող քաղաքական գործիչ Հակոբ Տիգրանյանը: Քաղաքական գործունեություն իրականացնելուց բացի (նա հայ ավանդական կուսակցություններից մեկի` ՍԴՀԿ-ի ատենապետն է), Հակոբ Տիգրանյանը զբաղվում է նաև անհատ ձեռներեցությամբ և իր տեսակետներն ունի ինչպես` քաղաքական, այնպես էլ` Հայաստանին առնչվող մի շարք տնտեսական հարցերի շուրջ:

– Պարոն Տիգրանյան, անցնող օրերին աշխարհի հայկական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները համախմբվել էին Հայաստանում: Հանդիպումների, շփումների ընթացքում նկատե՞լ եք, թե որն է Հայաստանին առնչվող` նրանց բոլորին հուզող հիմնական հարցը:

– Քանի որ բոլորն այստեղ են հավաքվել` մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի նիստին, ապա հիմնական հարցը, որ նրանք քննարկում են, բոլորին հուզում է, բնականաբար, 2015-ի գլխավոր ձեռնարկին է վերաբերում՝ ինչպե՞ս անել, որ այն իսկապես Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դառնա կարևոր տարեթիվ և նոր մեկնակետ հանդիսանա այդ հարցով հետագա աշխատանքների համար:

Կարծում եմ՝ առաջիկայում մենք ձեռնարկների և միջոցառումների տրամադրությունից մի քիչ պիտի դուրս գանք և մտածենք այս հարցի քաղաքական արժևորման մասին, որոնցից մեկը կարող է լինել այն, որ ամեն ջանք պիտի գործադրենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին մեծ թվով երկրների նախագահներ այցելեն Հայաստան: Ի դեպ, ինքս խիզախ և համարձակ քայլ եմ համարում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հաջորդ նախագահին Հայաստան հրավիրելու կոչը: Թուրքական կողմից, անշուշտ, լինելու են արձագանքներ, և հուսանք՝ դրական կլինեն: Իմ և շատերի հիմնական մտահոգությունն այն է, որ մենք դեռևս հատուցման հարցի վերաբերյալ չունենք իրավական փաթեթ, որը կներկայացվի միջազգային իրավական մարմիններին և քննարկման կդրվի: Բոլորիս ցանկությունն է, որ վաղ թե ուշ համահայկական միացյալ տեսակետը ներկայացնող այդպիսի մի փաթեթ պատրաստվի:

Կարդացեք նաև

– Իսկ Հայաստանի տնտեսական, սոցիալական հարցերը ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկո՞ւմ էիք, ինչպե՞ս տեսաք երկրի կյանքը:

– Հայաստանում կյանքը կենտրոնացած է հիմնականում Երևանի մի քանի կենտրոնական փողոցում: Կենտրոնից դուրս գտնվող շրջանները և նաև Հայաստանի մյուս քաղաքները շատ լավ վիճակում չեն, պետք է աշխատել այդ ուղղությամբ: Դա առաջինն է, որ աչքի է ընկնում հատկապես դրսից եկածի մոտ: Բայց նկատելի է, որ Հայաստանի տնտեսությունը դանդաղ, բայց զարգանում է: Եթե համեմատենք, թե տարիներ առաջ երկրում ինչ ձևերով էր բիզնես կատարվում և այսօր՝ ինչ ձևերով, ապա կարող ենք ասել, որ առաջխաղացում, թեկուզ քիչ, բայց կա: Այդ առումով մի մեծ խնդիր կա Հայաստանում՝ բանկերի տրամադրած բարձր տոկոսներով վարկերը: Սահմանված բարձր տոկոսները տնտեսական զարգացմանը չեն կարող օգնել: Պետք է տոկոսներն ավելի ցածր լինեն, որպեսզի մանավանդ փոքր և միջին խավերը կարողանան իրենց ծրագրերն ավելի ազատ իրականացնել: Այդ վարկերը, օգնելու փոխարեն, այսօր փորձանք են հանդիսանում:

– Դա կարո՞ղ է սփյուռքահայ ներդրողներին ետ պահել:

– Այսօր Հայաստանի ներդրումային միջավայրը բավարար չէ: Հայաստանը տնտեսականի հետ` նաև քաղաքական խնդիրներ ունի, առկա է շրջափակումը, տարածաշրջանի խնդիրները՝ Վրաստանից և Իրանից սկսած, ուղղակի կամ անուղղակի ազդում են երկրի իրավիճակի վրա: Օտար ներդրողը կարիք ունի կայունության և հեռանկարների: Այսինքն, քանի դեռ շրջափակումը և նշված մյուս խնդիրները կան, օտար ներդրողը հայացքը շատ չի ուղղելու դեպի այստեղ:

Պետք է սպասել նաև վերջին որոշ համաձայնությունների արդյունքներին: Մաքսային միությանն անդամակցելու որոշումն, իհարկե, զուտ քաղաքական որոշում էր՝ ելնելով Հայաստանի ռազմաքաղաքական շահերից, բայց ինքս դրանից նաև տնտեսական ակնկալություններ ունեմ՝ նկատի ունենալով, որ Հայաստանը պատմական, տնտեսական կապեր ունի Ռուսաստանի և Մաքսային միության անդամ այլ երկրների հետ, ինչը կարող է օգուտ բերել, ոչ թե՝ հակառակը: Եվրամիությունն` ինքը, իր հերթին` բազմաթիվ խնդիրներ ունի, և այսօր ասել, թե այլընտրանքը Եվրամիությունն է, կարծում եմ՝ ճիշտ չի լինի:

– Միջինարևելյան գաղութներում այսօր միտում կա Հայաստան վերադառնալու, կիպրոսահայերն այդ առումով պասիվ են… Ինչո՞վ է պայմանավորված:

– Միջինարևելյան այն երկրներում, որտեղից Հայաստան են գալիս, քաղաքական անկայուն վիճակ կա: Իսկ դա այնտեղ ապրող հայերին մղում է հայացքն ուղղել Հայաստան, թեկուզև՝ ժամանակավոր, գալ, ուսումնասիրել, կան նաև հաստատվողներ, թեև, իհարկե, մեծ թիվ չեն կազմում: Միջինարևելյան գաղութները, ի տարբերություն կիպրոսահայ գաղութի, Ցեղասպանության ծնունդ են: Իսկ Կիպրոսի հայկական գաղութը գոյություն է ունեցել դեռևս մինչև Ցեղասպանությունը, այն համարվում է ավանդական, հայախոս և կազմակերպված գաղութ, կամուրջ՝ Միջին Արևելքի և Եվրոպայի միջև: Իհարկե, կիպրոսահայերն էլ հայաստանասեր են, միշտ կապ կա Հայաստանի հետ, բայց Հայաստան գալ ու հաստատվելը դեռևս նրանց օրակարգում չկա: Ինչպես նշեցի, այսօր Հայաստանն էլ ունի շատ դժվարություններ, ինչը քաջալերանքի առիթ չի դառնում:

Սփյուռքահայերի մոտ, մեծ հաշվով, կամքն ու համարձակությունն է պակասում՝ գալ և տնտեսական այս անկայուն իրավիճակում աշխատել, այն դեպքում, երբ տեղացին ինքն աշխատանքի խնդիր ունի: Հայաստանում սփյուռքահայերին գրավելու ընդհանուր համահայկական ռազմավարության պակաս կա: Հայաստանը չունի ներգաղթ կազմակերպելու ռազմավարական պլատֆորմ:

Բայց, իհարկե, անկախ ամեն ինչից, սփյուռքահայերն իրենց կյանքի հիմնական հարցերից մեկը պետք է դարձնեն Հայաստան գալը: Առհասարակ, սփյուռքահայությունը մի օր ամբողջությամբ վերադառնալու է Հայաստան, սփյուռքի վերջը Հայաստանում է, և դա լինելու է, քանի որ սփյուռքին սպառնում է ձուլում, կամ, ինչպես ընդունված է անվանել՝ «սպիտակ ցեղասպանություն»: Դրսում հայն այսօր կանգնած է ինքնության պահպանման լուրջ խնդրի առջև:

– Պարոն Տիգրանյան, ինչպե՞ս ազդեց Կիպրոսի տնտեսական ցնցումը երկրի վրա՝ նկատի ունենալով, որ կիպրոսցիներն ավանդաբար բարեկեցիկ կյանքով են ապրել, և հանկարծ նման փլուզում եղավ:

– Այո, երկիրը տնտեսական առողջ վիճակում էր գտնվում, իսկապես մեծ ցնցում ապրեց, ինչը, բնականաբար, իր բացասական անդրադարձներն ունեցավ: Մարդիկ մի օր առավոտյան արթնացան և տեսան, որ բանկերում ունեցած իրենց հարյուր-հազարավոր դոլարներից միայն 100 000-ն է մնացել, քանի որ, ըստ Եվրամիության օրենքների, պաշտպանված է միայն առաջին 100 000-ը:

Դա արտառոց երևույթ էր ոչ միայն` մեզ, այլև՝ Եվրամիության անդամ բոլոր երկրների համար: Սա կարող է նախադեպ լինել Եվրամիության անդամ որևէ երկրի համար՝ ահազանգեր հնչեցվեցին Եվրոպայի մեջ, իրավիճակը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ նաև հայ համայնքի վրա: Բայց Կիպրոսը, լինելով փոքր երկիր, հուսանք` շուտով իր այս հարցերը կլուծի, և մոտ ապագայում իրավիճակը կվերականգնվի:

– Ըստ տեղեկությունների՝ Կիպրոսում բազմաթիվ հայաստանցիներ կան: Հետաքրքիր է՝ ինչո՞վ են զբաղվում այնտեղ:

– Նրանք հիմնականում 1963-ին ներգաղթողների զավակներն են, որոնք, պահպանելով իրենց կիպրահպատակությունը, ետ են վերադարձել, կան նաև բնիկ հայաստանցիներ, որոնք հիմնականում ներգրավված են շինարարական գործերի մեջ, տրանսպորտային ոլորտում: Ե՛վ մայրաքաղաքում են, և՛ այլ վայրերում, ընդ որում՝ և՛ ընտանիքներով հաստատվածներ կան, և՛ միայնակ աշխատողներ:

– Դուք Կիպրոսում բեռնափոխադրումների ընկերություն ունեք: Ինչպե՞ս եք գնահատում բիզնեսի այդ ճյուղը Հայաստանում:

– Հայաստանն այդ առումով առաջատար երկիր չէ: Մի երկիր, որ ծով չունի, հիմնված է միայն ցամաքային ու օդային տրանսպորտի վրա, չունի բեռնափոխադրումներ իրականացնող սեփական ավիաընկերություն, մի երկիր, որտեղ առկա է ծանր ու երկարատև ձմեռվա հանգամանքը, չի կարող հպարտանալ տրանսպորտային զարգացած բեռնափոխադրմամբ: Այսօր Հայաստանն այդ աշխատանքն իրականացնում է օտար ավիաընկերությունների միջոցով, ինչը շատ ավելի թանկ է նստում, իսկ արդեն ժամանակն է, որ Հայաստանն ունենա մասնագիտացված տրանսպորտային փոխադրամիջոցներ:

Կա նոր հիմնված ավիաուղին, որը երևի երկու ինքնաթիռ ունի, իսկ երկու ինքնաթիռով որևէ երկրի օդային բեռնափոխադրումներն ապահովել հնարավոր չէ: Եթե այս հարցերը կարգավորվեն, ապա նաև մատչելիության հարցը կլուծվի: Ինչ վերաբերում է ցամաքային երթևեկությանը, ապա Վրաստանի և Մեղրիի ճանապարհները, միակը լինելով, նույնպես անհրաժեշտ դյուրությունները չեն տալիս:

– Դուք չե՞ք մտածում գալ, այդ ոլորտում Ձեր փորձն ու գիտելիքներն անձամբ ներդնել, մի քայլ անել…

– Շատ բաներ չեմ ուզում ասել, բայց կա նման մտադրություն, մտածում եմ: Տեսնենք:

– Պարոն Տիգրանյան, խոսենք նաև Ձեր ղեկավարած կուսակցության մասին. ինչպե՞ս են այսօր կուսակցության գործերը:

– Կուսակցությունն այսօր քաղաքական ակտիվ գործունեություն է սկսում, անցյալի խնդիրները հետևում եմ մնացել: ՍԴՀԿ-ն մասնաճյուղեր ունի աշխարհի 17 երկրի մեջ՝ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից սկսած` մինչև Հայաստան: Ակտիվ աշխատում ենք, սպասվում է նաև ակտիվ մասնակցություն Հայաստանի քաղաքական կյանքին:

Բոլոր այն երկրները, որտեղ գործում է մեր կուսակցությունը, յուրաքանչյուրն ունի իր դիմագրաված դժվարությունները, մեզ մնում է համակարգել և յուրաքանչյուր երկրում գործել` ըստ այդ խնդիրների: Առհասարակ, այսօր հայության կյանքում տարբեր դժվարություններն ու մարտահրավերներն ավելին են` քան երեկ էին:

Տեսանյութեր

Լրահոս