Բաժիններ՝

էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) էնդոկրինոլոգիական պատճառները

Էնդոկրինոլոգիան (ներզատաբանություն) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակները, հորմոնալ տեղաշարժերը և նրանց պատճառով առաջացած հիվանդություններն ու բուժումը: Հորմոնների ավելորդ կամ սակավ քանակները, ինչպես նաև նրանց հանդեպ օրգանիզմի զգայնության փոփոխություններն առաջ են բերում ծանր հիվանդություններ:
Էնդոկրինոլոգիական հիվանդությունները քրոնիկական հիվանդություններ են, որոնք ազդում են կյանքի որակի վրա և կարիք ունեն մշտական հսկողության:

Որոշ հիվանդություններ պահանջում են ապրելակերպի փոփոխություններ և բժշկական հսկողություն` սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնման և դեղորայքային առումով: Այդ հիվանդություններից ամենատարածվածն է շաքարային դիաբետը:
Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարության դեպքում:

Առաջացման նպաստող գործոններից են` սխալ ապրելակերպը, գենետիկական հակվածությունը, սթրեսները, ճարպակալումը և այլ էնդոկրին հիվանդություններ: Շաքարային դիաբետը պահանջում է մշտական հսկողություն և լավ գլիկեմիկ ինդեքս (շաքարի նորմալ մակարդակ օրվա ընթացքում, անոթի և կուշտ վիճակում): Այս հիվանդությունը հարաճուն հիվանդություն է, որն առաջացնում է բոլոր օրգան- համակարգերի ախտահարում` կենտրոնական և ծայրամասային նյարդային, սիրտ-անոթային, շնչական, ստամոքս-աղիքային, ոսկրային և միզասեռական։
Շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 35%-75%-ն ունեն էրեկտիլ դիսֆունկցիայի տարբեր դրսևորումներ:

Շաքարային դիաբետով հիվանդ տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան 10-15 տարով ավելի շուտ է զարգանում, քան մյուս տղամարդկանց: Ինչպես նաև դիաբետի վաղեմությունը մեծ դեր ունի ԷԴ առաջացման գործում: Հիսուն տարեկանից բարձր դիաբետիկների 50-60%-ը տառապում է էրեկցիայի խանգարումներով, իսկ 70 տարեկանից բարձրների` 95%-ը:

Էրեկտիլ դիսֆունկցիան դիաբետիկների մոտ բազմապատճառային է`նյարդային, անոթային և մկանային: Շաքարային դիաբետը վնասում է էրեկտիլ ֆունկցիան ապահովող նյարդերն ու անոթները: Թեկուզ նորմալ արական հորմոնների քանակների պայմաններում այս ախտահարումը բերում է ԷԴ-ի առաջացմանը: Առկա են նաև ռիսկի գործոններ, ինչպիսին են` ավելորդ քաշը, ծխելը, պասիվ ապրելակերպը, դեղորայքը (հակագերճնշումային, հակադեպրեսանտներգ), փոքր կոնքի վիրահատությունները, հոգեբանական խնդիրները: Այսպիսի գործոնների առկայության դեպքում շաքարախտով հիվանդների էրեկտիլ դիսֆունկցիան ավելի է արտահայտվում, քան շաքարային դիաբետ չունեցողների մոտ:

Շաքարային դիաբետով և էրեկտիլ դիսֆունկցիայով հիվանդի բուժման լավագույն տարբերակը բազմակողմանի բուժումն է:

Դրանք են.

Գլյուկոզայի մակարդակի կարգավորում
Նյարդային և անոթային բարդությունների կանխարգելում և բուժում
Հոգեբանական օգնություն
Ներքին ընդունման դեղորայք
Էնդոկրինոլոգի, ուռոլոգի և սեքսոպաթոլոգի համագործոկցություն

Վրեժ Իսսա, էնդոկրինոլոգ
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց, էնդոկրինոլոգիական կլինիկա
Երևանի Պետական բժշկական համալսարանի դասախոս

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս