Հովհաննես Իգիթյան. Կարծում եմ` Ռուսաստանն առնվազն տեղյակ էր, որ Նազարբաևը պիտի անի այս հայտարարությունը

Այսօր` մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Մաքսային միության երեք անդամ պետությունների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագիրը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես ներկա էր այդ նիստին, հանդես եկավ հայտարարությամբ` առաջարկելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Այդուհանդերձ իր խոսքն ասաց Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը, ով կրկին իր «հատուկ» վերաբերմունքն արտահայտեց Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ և դիմելով Հայաստանի նախագահին` հայտարարեց, թե կա մի հարցը, որը պետք է լուծել, որպեսզի «Ադրբեջանում իրենց ընկերը շատ չզայրանա»:

Ըստ նրա` Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը այնպես, ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանն է անդամակցել, այսինքն` ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում:

Հարցի շուրջ զրուցեցինք Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի հետ

– Պարոն Իգիթյան, կարո՞ղ ենք ասել, որ Նազարբաևը հարցն ուղղակիորեն կապեց Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

– Այո´, առաջին անգամ չէ, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական կամ Մաքսային միությունում կապվում է Լեռնային Ղարաբաղի հետ: Եթե չեմ սխալվում Հայաստանի արտգործնախարարությունն այս հարցը համարել է տեխնիկական խնդիր, որ այդ տեխնիկական հարցը պետք է լուծվի մինչև հունիսի 15-ը: Սերժ Սարգսյանը հենց այս ժամկետում էր խոստացել լուծել բոլոր տեխնիկական խնդիրները:

– Խոսքը փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի մեկնաբանության մասին է: Ի դեպ, այսօր Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ նա ասել է, որ ծանոթ չէ Նազարբաևի հայտարարությանը:

– Դե ամբողջ աշխարհն արդեն ծանոթ է, և թե´ ռուսական, թե´ հայկական, թե´ միջազգային մամուլում այդ հարցը լուսաբանված է… Հարցեր, իհարկե, կան: Օրինակ` ինչո՞ւ այդ հայտարարությունն արեց Նազարբաևը, չնայած նշվել է, որ Ալիևի նամակն ուղարկվել է բոլոր երեք նախագահներին:

Երկրորդը, ինչո՞ւ է ընդհանրապես Ադրբեջանը նամակներ ուղարկում մի միության հիմնադիրներին, որին նա, կարծես թե, միտք չունի միանալու: Դա այլ հարց է: Ինչո՞ւ են Առևտրի համաշխարհային կազմակերպության մասին խոսում այն պետությունները, որոնք անդամներ չեն (օրինակ` Ղազախստանը կամ Բելառուսը), կամ եթե Ղազախստանն ասում է, թե Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմաններով, ապա ինչո՞ւ խոսք չկա Ռուսաստանի` ՄԱԿ-ով հաստատված սահմանների մասին:

Արդյո՞ք Ղրիմը ևս դարձել է Եվրասիական միության անդամ, մի տարածք, որը որևէ երկրի, առավել ևս ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել: Խնդրին առնչվող մեկ այլ հարց է, թե ինչ կարգավիճակ կունենան Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կողմից: Հարցերը շատ են, թեև ես բարձրացնում եմ միայն Հայաստանի հարցը, իսկ Հայաստանը մինչ օրս այդպես էլ չի պատասխանել ամենակարևոր հարցին:

– Ղազախստանի կողմից առաջ քաշված այս պայմանը կարո՞ղ է իրական պատճառ դառնալ, որպեսզի Հայաստանը հրաժարվի ԵՏՄ-ի անդամակցությունից:

– Ես շատ կցանկանայի, որ Հայաստանը օգտագործեր գոնե այս առիթը և դուրս գար այս ավանտյուրիստական գործընթացից, որովհետև այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ: Կա մի գլոբալ հարց` ստեղծվում է մի միություն, որն արդեն հակասության մեջ է ոչ միայն որոշ կազմակերպությունների, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպության, այլև ողջ աշխարհի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի առճակատումը ողջ քաղաքակիրթ աշխարհի և, ըստ էության, պատերազմելը Ուկրաինայի հետ` կարելի է ասել, որ դա ուզած, թե չուզած կտարածվի Ռուսաստանի կողքին կանգնած բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի վրա:

Այս իրավիճակում հնարավոր չէ ստեղծել լիարժեք աշխատող մարմին, և, իմ կարծիքով, Հայաստանն այստեղ գործ չունի, առավել ևս եթե հաշվի առնենք, որ այդ միության երկրները, դեռ Հայաստանին չընդունած, արդեն պայմաններ են թելադրում` կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

– Նազարբաևն ասում է, թե նախադեպ կա, և Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է առանց ԼՂՀ-ի: Բայց ԼՂՀ-ի ապրանքները, կարծեմ, շրջանառվում են ԱՀԿ-ում այնպես, ինչպես Հայաստանի ապրանքները, այդպես չէ՞:

– Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ենթադրում է տնտեսական պարտավորություններ` հատկապես ապրանքաշրջանառության համար, որոնք պետություններն իրենց վրա են վերցնում: Դա քաղաքական մարմին չէ, որտեղ հստակեցվում են սահմանները: Եվ Հայաստանը գտել է այն բանաձև, որով թե´ հայկական, թե´ Լեռնային Ղարաբաղի ապրանքները հանգիստ կարող են շրջել աշխարհով մեկ: Սա շատ կարևոր է: Ընդ որում, ես տեղյակ եմ, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի շրջանակներում նույնպես գտնվել էր այդ բանաձևը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի ապրանքը տեղավորվում էր խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շրջանակներում:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մասին այս նոր համաձայնագրին, ստորագրող կողմերը նշել են, որ փաստաթղթից հանվել է քաղաքական մասը, և ստորագրվել է զուտ տնտեսականը: Բայց ուշագրավն այն է, որ հենց առաջին քայլերը ցույց են տալիս, որ այս ստեղծվելիք միավորումը որևէ կապ չունի տնտեսության հետ և հետապնդում է զուտ քաղաքական հարցեր: Սրա վկայություններից մեկն էլ Նազարբաևի հայտարարությունն է:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը, ինչպիսի՞ հետագա զարգացումներ եք տեսնում այս գործընթացում:

– Ամեն դեպքում պատահական չէ, որ Նազարբաևը խոսեց այդ հարցի մասին, այլ ոչ թե Պուտինը: Ռուսաստանն, իհարկե, կարող է մինչև հունիսի 15-ը որոշել մի բանաձև, որը պարտադիր կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղազախստանի և Բելառուսի համար:

Գիտեք, որքան էլ մենք հարգենք Լուկաշենկոյին և Նազարբաևին և այս երկու պետությունները համարենք խոշոր ու կարևոր, այդուհանդերձ պետք է հասկանանք, որ այս խաղի մեջ կա մեկ դերակատար` Ռուսաստանը, և այդ խաղում կլինի այնպես, ինչպես կասի Ռուսաստանը:

– Բայց մյուսներն էլ, կարծես, շատ վստահաբար ասում են իրենց խոսքը, թե´ Բելառուսը, թե´ Ղազախստանը:

– Ոչ միայն իրենց խոսքն են ասում, այլև իրենց դժգոհությունն են հայտնում, բայց այդ դժգոհություններին վերաբերող հարցերը, որոնք տարբեր ժամանակներում ներկայացրել են թե´ Լուկաշենկոն, թե´ Նազարբաևը` կապված քվոտաների, նավթագազային քաղաքականության, դեղագործության հետ, առայժմ չեն լուծվել:

– Ըստ Ձեզ` Նազարբաևի այս ելույթը համաձայնեցվե՞լ է մյուս երկու նախագահների հետ:

– Կարծում եմ` Ռուսաստանն առնվազն տեղյակ էր, որ Նազարբաևը պիտի անի այս հայտարարությունը: Ենթադրում եմ` այդպիսի պայմանավորվածություն կարող էր լինել, որ այս հարցը բարձրացնի հենց Նազարբաևը` երկու պատճառով. առաջինը, ի վերջո պետք է հասկանանք Ղազախստանի և Ադրբեջանի, այսպես ասած, մտերմությունը, և երկրորդը, կա Ռուսաստանը, որը կգա և կասի իր վերջնական խոսքը:

Մենք պետք է հասկանանք` երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչև հունիսի 15-ը կփորձի հարթել բոլոր անհամաձայնությունները, նա նկատի չուներ Լեռնային Ղարաբաղի հարցը: Այնտեղ կան շատ խորը խնդիրներ և կարևոր հարցեր, որոնք կապված են, օրինակ, մոտ 900 ապրանքատեսակների հետ, որի համար Հայաստանը խնդրել բացառություն անել, որովհետև առանց այս պայմանի Հայաստանի տնտեսությունը հնարավորություն չի ունենա սոցիալապես գոյատևել:

– Ղազախստանի կողմից այս պայմանը նշանակում է, որ Հայաստանը մինչև հունիսի 15-ը չի՞ կարող ստորագրել պայմանագիրը:

– Եթե խոսքը գնում է միայն Լեռնային Ղարաբաղի մասին, ապա այդ հարցը մինչև հունիսի 15-ը կարող է լուծվել երկու ճանապարհով. կա´մ Հայաստանը կընդունի, որ պատրաստ է քաղաքական և տնտեսական սահման գծել Լեռնային Ղարաբաղի հետ, կա´մ հիմնադիրները, փակելով աչքերը և հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի նույն խնդիրը (փորձում է միացնել Ղրիմը և սահմաններ չգծել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ), լռությամբ կհանեն Լեռնային Ղարաբաղի հարցը օրակարգից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս