Ոստիկանությունը մերժել է ՀԲՃ-ին քրեական գործ հարուցել «Լեռ-Էքս»-ի դեմ (լուսանկար)
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Կապանի բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հաղորդման հիման վրա «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ հարուցել:
Հիշեցնենք, որ ՀԲՃ-ն շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։
ՀԲՃ պահանջում էր պատասխանատվության ենթարկել «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի և Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար անձնակազմին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Ընկերությունում 2013թ. հունիսի 25-ին տեղի ունեցած վթարի պատճառով հանքավայրի պոչերը լցվել են Գեղի գետը եւ աղտոտել այն:
Դիմումը մերժվել է հետեւյալ պատճառաբանությամբ. ««ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայումս շահագործվող Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պաչամբարից արտանետված ջրերը թեեւ թափվում են Գեղի գետը, սակայն ջրերի աղտոտում տեղի չի ունեցել, քանի որ ընկերության կողմից շահագործվող Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի հոսքաջրերում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքերի գերազանցումներ չեն հայտնաբերվել, հետեւաբար, կենդանական եւ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին վնաս չի պատճառվել, ուստի «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Վալերիկ Մարգարյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը»:
ՀԲՃ