Բաժիններ՝

Հայաստանում հէկ-երի պատճառով հնարավոր է՝ մի շարք ձկներ վերանան

«Մի կողմից՝ փոքր հէկ-երը համարվում են այլընտրանքային էներգետիկայի, վերականգնող էներգետիկայի զարգացնող, բայց, ցավոք, մեզանում ավելի շատ իր բացասական երևույթն արտահայտվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` խոսելով շրջանառվող տեսակետների մասին, թե Հայաստանում փոքր հէկ-երի զարգացումը կարող է վտանգել որոշ ձկնատեսակների կյանքը:

Անդրադառնալով դրա պատճառներին` բնապահպանը նշեց, որ նախագծերն արդեն փորձաքննություն անցնում են, բայց ինքը` նախագիծը, ճշգրիտ չի սահմանում բնապահպանական սահմանափակումները. «Իսկ հաջորդ փուլում էլ այդ նախագիծը լիարժեք չի իրականացվում` վնաս հասցնելով Էկոհամակարգին, և ոչ միայն՝ էկոհամակարգին, այլև կողքի գյուղերին, որոնք զրկվում են ջրելու, ոռոգման հնարավորությունից: Այնպես որ՝ հէկ-երն ինքնըստինքյան դրական երևույթ են, բայց Հայաստանում ավելի շատ իրենց բացասական կողմերով են արտահայտվում»:

Ըստ Կ. Դանիելյանի` խնդիրն այն է, որ նախ՝ պետք է լինեն հատուկ պաշտպանիչ սարքեր, որ ձկները չմտնեն հէկ-ի մեջ ու սատկեն. «Կարծես մսաղացի մեջ են մտնում: Երկրորդը` պետք է հատուկ տեղ լինի (դա ջրթողն է), որ պետք է պահպանվի: Ջրի մի մասը հաշվարկված պետք է լինի ամեն գետի համար, ամեն սեզոնի համար, թե ինչքան պետք է լինի այն մասը, որ չմտնի հէկ, որ բոլոր կենդանի օրգանիզմները կարողանան այդ կողքից անցնող պահպանվող գետով անցնել: Իսկ դա չի արվում, մինչև 100%-ը վերցնում են, պարզ է, որ ձուկը պետք է վերանա»:

Կ. Դանիելյանը նկատեց նաև, որ հէկ-երը շատ խիտ են. «Իրոք, փաստորեն, երբ ընտրվում են, թե որտեղ, ինչպես, քանի հատ և այլն, էկոլոգիական նորմերը չեն պահպանվում: Ու հնարավոր է՝ գետեր կան, որոնց վրա ուղղակի հնարավոր չէ հէկ-եր կառուցել, որովհետև սեզոններ կան, որ այնտեղ ուղղակի գետը համարյա չորանում է, շատ քիչ ջուր է գալիս, իսկ այդ լրիվ ջուրն օգտագործվում է: Այդ ինդիվիդուալ մոտեցումը պետք է լինի: Արդյունքում, մենք, իհարկե, այդ էկոհամակարգերից շատ մեծ կորուստներ տվեցինք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս