Սերժ Սարգսյանի ելույթի վտանգավոր տողատակերը
Մայիսի 24-ին Մարզահամերգային համալիրի` հանրապետականներով լեփ-լեցուն դահլիճում կայացավ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հերթական համագումարը, որի արդյունքներով կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ ղեկավարն, ըստ ավանդույթի, իր թիմակիցների առջև հանդես եկավ երկարաշունչ ելույթով և անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, պետության խնդիրներին և մարտահրավերներին: Այդուհանդերձ, նա առաջին հերթին հարկ համարեց խոսել Հանրապետական կուսակցության և երկրում նրա դերակատարության մասին: Սարգսյանի խոսքերով` ՀՀԿ-ն մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, և հասարակության մեջ գնալով փոխվում է Հանրապետականի ընկալումը, և ՀՀԿ-ն այնպիսի մեխանիզմ է մշակել, որ «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի` ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին` վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»:
Արդյոք չկա՞ն վտանգավոր միտումներ նշված խոսքերի տողատակերում:
Ռեժիսոր, Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը «168 Ժամի» հետ զրույցում մեկնաբանելով երկրի նախագահի խոսքերը` դա համարեց վերադարձ անցյալին և բոլշևիկյան քաղաքական մշակույթի բացահայտ դրսևորում: Խզմալյանը նշեց. «Կարծում եմ` տեղի ունեցավ մի մեծ փոխանակում-գործարք. Հայաստանի Հանրապետությունը վերացավ, և փոխարենը մենք ունենք Հայաստանի Հանրապետական կուսակցություն, որը հանդիսանում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության (Խկհհ) մասնաբաժինը:
Ժամանակին հետխորհրդային վարչապետներից մեկը` պերճախոս Վիկտոր Չեռնոմիրդինն ասել էր, որ «այս տարածքում (նկատի ունի հետխորհրդային տարածքը) ինչ կուսակցություն էլ ստեղծես, միևնույն է, ստացվում է կոմունիստական կուսակցություն»»:
Այս դրվագը վտանգավոր համարեց նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ում կարծիքով` Սարգսյանի ելույթում կան այնպիսի ձևակերպումներ, որոնք որևէ կապ չունեն մեր իրականության հետ: «Շատ վտանգավոր եմ համարում այն, որ նախագահը, ըստ էության, չի թաքցնում կուսակցապետություն ստեղծելու իր ցանկությունը: Համաձայն եմ, որ մենք դա ունենք, բայց ի՞նչ է նշանակում` սողանքի հետ կապված խնդիրը լուծելու համար բնակիչը պիտի փնտրի Հանրապետական կուսակցության ներկայացուցչին: Սա ուղղակի նոնսենս է ժամանակակից պետականագիտության մասին: Եվ այս մտքի կողքին ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական պետության մասին մնացած երկարաշունչ դասախոսություններն ուղղակի որևէ արժեք չունեն»,- «168 Ժամին» ասաց Սաֆարյանը:
Տ. Խզմալյանն իր հերթին` այս վիճակը նմանեցրեց մի հին անեկդոտի, երբ մի բանվոր մանկական սայլակներ արտադրող խորհրդային գործարանից գողանում է սալյակի մասեր, փորձում է ինչ-որ բան սարքել, բայց ինչ էլ հավաքում է, միևնույն է, ստացվում է Կալաշնիկով ինքնաձիգ. «Լինի Ռեգիոնների կուսակցությունն Ուկրաինայում, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Ռուսաստանում կամ միջինասիական երկրների կուսակցությունները, անունները կարող են տարբեր լինել, բայց իմաստը նույնն է` իրականում դրանք ոչ թե կուսակցություններ են, այլ իշխանությունը, որն իրեն փորձում է հարմարեցնել ժամանակի կանչին»:
Չնայած սրան` Սերժ Սարգսյանն ասում է` «իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն», «իշխող քաղաքական ուժն ու ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը», և «Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը` քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են»:
Տիգրան Խզմալյանի կարծիքով` նախագահը նկատի ունի ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին և մյուս կուսակցություններին, որոնք «վաճառվել են»: «Դա գործարքի առաջարկ է` ովքեր մեր կողմ կանցնեն, կգան մեր ճամբար, կստանան իրենց տեղը կերակրատաշտի մոտ: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել: Փաստորեն, մենք տեսնում ենք 22-23 տարի ընթացող գործընթացի ավարտը, քանի որ իրենք ձգտում են ոչ թե փոփոխությունների, այլ վերարտադրման: Սա պսակն է վերարտադրման, որը դրվելու է մեր` Հայաստանի Հանրապետության շիրիմին»,- մեկնաբանեց Նախախորհրդարանի ներկայացուցիչը:
Իսկ այն, որ իշխող կուսակցության նախագահը և Հանրապետության ղեկավարը քաղաքացուն օգնելու միջոց է համարում ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինները, այլ, առաջին հերթին, տեղի Հանրապետական կառույցը, արդյոք չի՞ նշանակում, որ իշխանությունն այլևս իրեն բացահայտորեն նույնացնում է պետության հետ:
Այս հարցադրմանը Տիգրան Խզմալյանն այսպիսի պատասխան տվեց. «Եթե իրենք իրենց նույնացնում են որևէ պետության հետ, ապա դա մեր պետությունը չէ, դա Ռուսաստանի Դաշնությունն է, որի կազմի մեջ մտնելու համար իրենք հարմարեցնում են մնացորդ ավերածությունները, որոնք պահպանվել են վերջին 25 տարիների թալանից հետո: Նրանք պատրաստում են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը. արդեն հանձնվել է տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, կապը, հիմա արդեն պետական կառույցներն են հարմարեցվում: Իսկ առանցքային դերակատարություն ունեցող Ազգային անվտանգության ծառայությունն արդեն վաղուց անթաքույց կերպով կատարում է ռուսական «Ղհը»-ի հայաստանյան բաժանմունքի դերը: Մեզ դե ֆակտո տանում են մի իրավիճակի, որը հետո մի գրչի հպմամբ Հայաստանը դե յուրե կմիացնի Ռուսաստանին, եթե, իհարկե, մենք չապստամբենք, ինչին ես չեմ կասկածում»:
Վերջերս ընդդիմություն հռչակված «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) փոխնախագահ, ԱԺ-ում «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ կարծում է, որ պետության և քաղաքական ուժի միջև տարանջատումը պետք է հստակ լինի, և երկրի առաջադեմ մտածող ղեկավարներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ միատարր կառավարումը լավ երևույթ չէ: «Քաղաքական մեծամասնություն` չի նշանակում, թե գոյություն չունի որևէ այլ քաղաքական ուժ, որին կարող է դիմել քաղաքացին, և երկրի միակ խնդիր լուծողը Հանրապետական կուսակցությունն է: Սա բացարձակապես հակասում է ժողովրդավարական, ազատ պետություն ստեղծելու և քաղաքական դաշտը մաղձից և չարությունից մաքրելու սկզբունքներին: Իսկապես մենք պետք է ազատվենք այդ միատարր մոտեցումից, բայց եթե անկեղծ լինեմ, տեխնիկական տեսանկյունից մենք արդեն իսկ այդ վիճակում ենք, քանի որ, եթե բոլոր մարզպետները, քաղաքապետերը և այլ մարմինների ղեկավարները հանրապետական են, ապա այդ իմաստով` երկրի նախագահը ճիշտ է ասել, որովհետև որ տարածքի ղեկավարին էլ բնակիչները դիմեն, նրանք հանրապետական են:
Այսօր հենց այդ վիճակն է, ինչը ցանկալի չէ, որ պահպանվի և շարունակվի: Ի դեպ, եթե հիշում եք, իշխանական կոալիցիայից դուրս գալու հայտարարությունն անելիս` մենք ամրագրել էինք այն գաղափարը, որ մենք, որպես կոալիցիայի անդամ, ազդեցություն չենք ունեցել երկրում բարձր պաշտոնների նշանակման գործընթացի վրա: Այսինքն` այն, ինչ այսօր նախագահն ասում է, տարիների ձեռագիր է: Գործել է բացարձակ մեծամասնության գաղափարը, և իրենք բոլոր պաշտոնները նշանակելիս ասել են, թե դա բացարձակ մեծամասնության որոշելիքն է: Եթե հեռանկարում մեզ ուղերձ են հղում, որ երկիրը կրկին նույն սկզբունքներով է կառավարվելու, և ինչպես իրենց խոսնակը կանխագուշակեց, ՀՀԿ-ն դեռ 10-15 տարվա կառավարման կյանք ունի, դա արդեն մտահոգության տեղիք է տալիս, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերի համար»,- նշեց Տիկին Բիշարյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) փոխնախագահ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀԿ ղեկավարի հայտարարությունները համարեց ոչ թե մտահոգիչ, այլ պարզապես զավեշտ:
Նրա կարծիքով` ՀՀ նախագահն ընդհանուր առմամբ չի անդրադառնում Հայաստանի մարտահրավերներին, մասնավորապես` կառավարության փոփոխությանը, Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը` այն իմաստով, թե ինչու է այդպիսի վիճակ ստեղծվել, ինչու ենք մերժված Եվրոպայից, ինչու ենք քշված Ռուսաստանից:
«Հովսեփյանի դեպքը «հուզում է» բոլորիս, իշխող կուսակցության և ընդդիմության` պետության երկու ձեռքերը լինելու մասին «հանճարեղ» քաղաքական վերլուծությունը գոհար է քաղաքագիտական դասագրքերի համար: Զավեշտ է նաև այն միտքը, թե իր կուսակցությունն աճում է: Նա խոսում է մի կուսակցության հաջողությունների և աճի մասին, որից երկու տարվա ընթացքում հեռացել են երեք քաղաքական ուժեր: Հարց տամ` իսկ կարո՞ղ է` մի քանի տարի հետո Հանրապետականի անդամների քանակն ավելի շատ լինի, քան Հանրապետության բնակչության թիվը: Հասարակությանն այդպիսի վիրավորանք չի կարելի հասցնել: Հասարակությունը վիրավորված է, հասարակությունն արտագաղթում է: Ես նայել եմ մարդկանց, ովքեր այդ համագումարին ներկա էին, և խոսել եմ ոմանց հետ: Նրանք ոչ թե դժգոհ են, այլ ուղղակի հայհոյում են, նրանք պարզապես ստիպված են այնտեղ նստած, որովհետև աշխատում են համակարգում: Սա կույր ձևանալու ներկայացում է, որը բացարձակապես կապ չունի երկրի հետ, ուրիշ ոչինչ»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանը: