Հայկ Ալումյան. «Ակնհայտորեն մեղավոր անձինք» այսօր ազատված են քրեական պատասխանատվությունից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործը շուտով կուղարկվի դատարան: Հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ միակ մեղադրյալը դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է՝ Արտակ Բուդաղյանը:
Արտակ Բուդաղյանը, ով դեպքի օրը վնասվածք է ստացել, մեղադրվում է սպառնալիքներ տալու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս): Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2013թ. սեպտեմբերի 9-ին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հաստատված էր համարել, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Նախաքննական մարմինը գտել էր, որ դեպքի օրը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է կատարել նաև սպանված Ավետիք Բուդաղյանը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն ծանոթացել են քրեական գործի բոլոր նյութերին, և դրանից հետո իրենք միջնորդություններ չեն արել: «Մենք գտնում ենք, որ նախաքննությունը թերի է իրականացվել, բազմաթիվ գործողություններ ճիշտ չեն կատարվել կամ առհասարակ չեն կատարվել, գնահատականները սխալ են տրված, բայց մենք նաև այդքանով հանդերձ` նշել ենք, որ չենք վստահում նախաքննական մարմնին: Այդ պատճառով իմաստ չենք գտնում այդ փուլում միջնորդություններ ներկայացնել: Մեր բոլոր միջնորդությունները, պահանջները կներկայացնենք դատարանում»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Ալումյանը:
Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում թույլ տրված ամենակարևոր խախտումն այն է, որ «ակնհայտորեն մեղավոր անձինք» այսօր ազատված են քրեական պատասխանատվությունից:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Բուդաղյանների փաստաբանը խոսել էր վերևից հնչած կրակոցի մասին՝ նշելով, որ Արտակ Բուդաղյանը հայտնել է, որ ինքը տանից կրակոց է լսել: Մեր հարցին՝ արդյոք նախաքննական մարմինն այդ ուղղությամբ քննություն կատարե՞լ է, Հ. Ալումյանը պատասխանեց.
«Քննություն չի արել, քննության իմիտացիա, նմանակում»: Նա նշեց, որ, ըստ նախաքննական մարմնի՝ նման բան չի եղել:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ամրապնդվել է տեսակետը, որ վերևից կրակոց է եղել: Հայկ Ալումյանն ասաց նաև, որ շուտով առաջին ատյանի դատարանում կվերացվի իր բողոքների քննության կասեցումը: Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները Հայկ Ալումյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, որը կասեցրել էր դրանց քննությունը. դատարանը քննիչի կողմից քրեական գործի բոլոր նյութերը դատարան չներկայացնելը համարել էր անհաղթահարելի ուժ. փաստաբանն այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, որը մերժել էր նրա բողոքը: Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը պատրաստվում է քրեական գործի նյութերը ներկայացնել առաջին ատյանի դատարան:
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործը դեռևս չի ուղարկվել դատարան: Միաժամանակ նա նշեց, թե չի կարող ասել՝ երբ այն կուղարկվի դատարան: