Կառավարությունն ինքնին հրաժարական տված վիճակում է
ԱԺ հինգ ոչ իշխանական խմբակցությունները երեկ չմասնակցեցին կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր բացատրություններ են տվել այն հարցին, թե ինչո՞ւ իրենք դեմ արտահայտվելով կառավարության ծրագրին, այնուամենայնիվ, դեմ չքվեարկեցին: Այդ պատճառաբանությունների մեջ ամենաանհիմնը այն էր, որ իրենք որոշեցին չմասնակցել, քանի որ հույս ունեին, որ ՀՀԿ-ին չի հաջողվի քվորում ապահովել, և ծրագրի անցկացումը կտապալվի: Այս պնդումն անհիմն է այնքանով, որ Սահմանադրության 74-րդ հոդվածում ասվում է. «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Սա նշանակում է, որ ծրագրի հաստատման համար անհրաժեշտ է 66 կողմ ձայն, ինչը բավարար է նաև քվորումի ապահովման համար: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորները կարող էին հաշվել, որ դահլիճում ՀՀԿ-ն ունի 70 կողմնակից, և քվորումի խնդիր քվեարկության ժամանակ չի կարող լինել: Ավելի հավանական է, որ ոչ ՀՀԿ-ական խմբակցությունները դեմ չքվեարկեցին կառավարության ծրագրին, քանի որ դեմ հանդես գալով ծրագրին` նրանց հաջորդ քայլը պետք է լիներ կառավարության հրաժարականի պահանջ դնելը:
Իսկ ինչպես մի քանի անգամ նշել ենք, քառյակը բավարարված է Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականով և նոր կառավարության ձևավորմամբ: Քառյակի ներկայացուցիչ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ զրույցում ևս կան նման բավարարվածության դրսևորումներ:
– Պարոն Հակոբյան, արդյո՞ք դեմ չքվեարկելու որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեմ քվեարկելուց հետո պետք է պահանջեիք կառավարության հրաժարականը, ինչին դուք կարծես պատրաստ չեք:
– Քվեարկությանը չմասնակցելու հիմնավորումներից մեկն էլ եղել է այն, որ չմասնակցելով քվեարկությանը` մենք կարող ենք այնպես անել, որ քվորում չապահովվի: Բացի դա, մենք միշտ դեմ ենք քվեարկել բոլոր նախորդ կառավարությունների ծրագրերին, բայց նրանց հրաժարականն էլ չենք պահանջել: Հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ պետք է որոշակի ժամանակ անցնի հրաժարականը պահանջելու համար. հիմա դա 10 օ՞ր կլինի, երկու ամի՞ս կլինի, թե՞ ինչ-որ այլ ժամանակ, այս պահին կարևոր չէ: Բայց ես ուզում եմ ասել, որ եթե այս կառավարությունն ինքը չհեռանա, մենք անպայման կպահանջենք նրա հրաժարականը: Ես համոզված եմ, որ այս կառավարությունն ինքը կհեռանա, քանի որ ռեսուրս չկա. ոչ տնտեսական, ոչ բարոյահոգեբանական, ոչ քաղաքական:
– Սպասելո՞ւ եք` մինչև կառավարությունն ինքը հեռանա, բայց երբ տեսնեք, որ այնուամենայնիվ չի հեռանում, կպահանջե՞ք, որ հեռանա:
– Ոչ, ես այդպես չէի ասի, ուղղակի պետք է սպասել և տեսնել, թե զարգացումները որ ուղղությամբ են գնում:
– Իսկ որքա՞ն ժամանակ եք սպասելու:
– Ես կարծում եմ, որ այս ամառը դեռ պետք է անցնի, ամառը նաև այն ժամանակն է, որ քաղաքական ակտիվ գործողություններ չեն լինում: Կարծում եմ` սեպտեմբերից կառավարությունն իր հստակ ձեռագիրը կներկայացնի ժողովրդին և քաղաքական ուժերին, և քաղաքական ուժերը կհստակեցնեն իրենց դիրքորոշումը:
– Ձեր կարծիքով` կառավարության փոփոխությամբ իշխանությանը հաջողվե՞ց վիժեցնել քառյակի «կառավարության հրաժարականով ամբողջական իշխանափոխություն» ծրագիրը:
– Իհարկե ժամանակավոր դադար եղավ: Ապրիլին պետք է տեղի ունենային քառյակի կողմից հայտարարված մասսայական միջոցառումները, նաև ապրիլի 28-30-ը պետք է տեղի ունենար համատեղ շուրջօրյա հանրահավաք, և իշխանությունը բավականին լուրջ վտանգ զգաց, և ինքը կարողացավ շաբաթը տեղափոխել ուրբաթից առաջ, երբ Տիգրան Սարգսյանն իրենից անկախ հայտարարեց, որ հրաժարական է տալիս:
Բայց իշխանությունը չհաղթեց ընդդիմությանը, դա ավելի շուտ «պյուռոսյան հաղթանակ» էր, որովհետև իշխանությունն ընդամենը կարողացավ ճարպիկ խաղալ: Բայց էության մեջ բան չփոխվեց. եթե այդ օրը պետք է իշխանափոխություն լիներ, ապա հիմա ընդամենն օրվա տեղը փոխվեց: Իսկ ես դա հաղթանակ չեմ համարում, որովհետև եթե իշխանությունն այդ հրաժարականից հետո իսկապես փորձեր դասեր քաղել, և նոր կառավարությունը հանդես գար նոր կերպարով, հանդես գար փոփոխությունների առաջարկներով, մենք կարող էինք ասել, որ իսկապես ճիշտ ուղիով է շարժվում: Բայց քանի որ մենք տեսնում ենք նույն դեմքերը, և հայտարարվում է, որ նախորդի կուրսը շարունակվում է, մենք ասում ենք, որ այս կառավարության հետ հույս կապելը միամտություն կլինի:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցնում ենք, թե ինչո՞ւ այնուամենայնիվ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել քվեարկությանը, երբ նախապես «դեմ»-ի կողմնակից էր:
– Պարոն Ռուստամյան, չե՞ք կարծում, որ դեմ քվեարկությունն ավելի հստակ դիրքորոշում է, քան քվեարկությանը չմասնակցելը:
– Եթե մենք, ենթադրենք, դեմ քվեարկեինք, իրենք 66 կողմ չունենալով` կարող էին հաստատել կառավարության ծրագիրը:
– Չէին կարող:
– Կարող էին:
– Սահմանադրությունը նախատեսում է, որ կառավարության ծրագիրը հաստատվում է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության կողմ քվեարկությամբ, դա նշանակում է, որ անհրաժեշտ էր 66 պատգամավորի կողմ քվեարկություն, որով ապահովվում էր նաև քվորում:
– Չէ, դե իրենք ունեն հնարավորություն քվեարկողների մեծամասնությամբ էլ անցկացնել: Այդպես չի, ինչպես դուք եք ասում:
– Արդյո՞ք դուք հրաժարվեցիք դեմ քվեարկելուց, քանի որ դրան հաջորդելու էր կառավարության հրաժարականի պահանջը, որին ՀՅԴ-ն և քառյակը պատրաստ չեն:
– Ի՞նչ է նշանակում` մենք դեմ չենք քվեարկել, բայց մենք դեմ ենք խոսել, այստեղ որևէ տարբերություն չկա: Մենք ասել ենք` դեմ ենք, և պատրաստ էինք դեմ քվեարկել, մեր մասով դա հստակ է եղել, բայց քանի որ միասնությունն այս ձևաչափով հնարավոր եղավ պահպանել, մենք գնացինք չքվեարկելու տարբերակին:
– Մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը դուք հայտարարում էիք, որ գնում եք դեպի ամբողջական իշխանափոխություն: Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության ձևավորմամբ այդ ընթացքը կասեցվեց:
– Չեմ կարծում, քանի որ ամբողջական իշխանափոխության խնդիրը դրված էր` ելնելով ստեղծված իրավիճակից և այն գնահատումներից, որոնք մենք ունենք Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ: Եվ եթե այդ վիճակը չի փոխվում, այդ նպատակը ևս չի կարող վերանալ: Որովհետև, ինչո՞ւ նման պահանջ առաջացավ, և միավորումն այդ խնդրի շուրջ հնարավոր դարձավ, որովհետև ցանկացած հարց, որ բարձրացվում էր, ուղղակի մերժվում էր, և որևէ լուծում իրենք չէին տալիս դրան: Տեսնելով, որ դա շարունակելը նշանակում է` հասունացնել իշխանափոխության խնդիրը և միավորել բոլոր այն ուժերին, որոնք ոչ միայն ընդդեմով էին առաջնորդվում, այլ հանունով, հանունն ու ընդդեմը կարող էին միավորվել և մեծ ուժ դառնալ:
Դա թույլ չտալու համար էր, որ իրենք քայլ արեցին և ինչ-որ ժամանակ կշահեն: Բայց այդ ժամանակը շահում են, որ ի՞նչ անեն, որ իսկապես իրավիճակը շտկեն այնպես, որ մարդիկ գոհանան, և դժգոհությունը պակասի, այդ դեպքում, այո, թող լինի, մենք խնդիր չունենք: Իսկ եթե ոչ` այդ դժգոհությունը, միևնույն է, պահպանվելու է:
– Ի վերջո, «Ամբողջական իշխանափոխություն կառավարության հրաժարականի միջոցով» ծրագիրը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ այն կասեցված է:
– Կառավարության միջոցով չի եղել իշխանափոխության պահանջը, մենք քայլեր էինք անում, որոնք տանում էին նույն նպատակի իրականացմանը: Տարբեր ձևերով կարելի է նույն տեղը հասնել: Կարևորն այնպիսի խնդիրներ դնելն է, որոնք կարելի է իրականացնել. այսօր քառյակը համախմբվել էր անվստահության հարցի շուրջ, և դա տեղի ունեցավ: Եթե վաղը նորից կառավարության կամ իշխանությունների ապաշնորհ քայլերի կամ ոչ ականջալուր լինելու հետևանքով նման մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանա, ապա մենք դրան կարձագանքենք, քանի որ հասարակությունն ինքն է պահանջներ դնում և պահանջում, որ խնդիրները լուծվեն:
Քանի որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ կառավարությանը մեղադրեց խմբակցության անդամ Կարեն Բոթոյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, տիկին Բիշարյանին ևս հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը դնի նման գործելաոճ դրսևորած կառավարության հրաժարականի հարցը:
– Հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը պահանջի կառավարության հրաժարականը, նկատի ունենալով, որ Ձեր կուսակցի դեմ ճնշումներ են գործադրվել:
– Բայց դուք նախ հարցնեիք կառավարության մասին իմ կարծիքը, որ ես էլ ասեի` հրաժարականի պահանջի արժանի՞ են, թե՞ ոչ: Մեկուկես տոկոսանոց կառավարությունն ինքնին հրաժարական տված վիճակում է:
– Բայց ինչո՞ւ մեկուկես տոկոսանոց:
– Որովհետև նախորդ կառավարությունը 3,5 տոկոսանոց տնտեսական աճ էր արձանագրել, իսկ այս կառավարությունը 5 տոկոսանոց աճ է խոստանում, արժե՞ր 1,5 տոկոսի համար մի ամբողջ կառավարություն փոխել: Իհա՛րկե չարժեր: